Ուսահոդերի սոնոգրաֆիա՝ ախտաբանական վիճակներն ու հետազոտության ցուցումները

Ցանկացած հոդ մեր օրգանիզմում կատարում է երկու հիմնական ֆունկցիա` շարժումների ու համակցությունների ստաբիլության ապահովում: Ոուսահոդը երեք համակցություններից կազմված ՝ բազկագլենոիդալ, անրակակրոմեալ  և կրծոսկրանրակային, բարդ հոդ է: Ինչպես «Ճառագայթաբանական» շաբաթ հանրային իրազեկման ծրագրի շրջանակում Doctors.am-ին տեղեկացրեց Վնասավածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ճառագայթաբան Գայանե Այվազյանն, ուսահոդի սոնոգրաֆիկ հետազոտությունը հիմնված է յուրահատուկ սկզբունքների վրա: Այս փաստն առաջին հերթին կապված է հոդի բարդ կառուվածքի հետ: Այն գրեթե զուրկ է կապանային համակարգից և ունի հզոր մկանաջլային համակարգ, որը և ապահովում է շարժումների սահունությունն ու հոդի ֆունկցիան:
Չնայած ուսահոդի բարդ անատոմիական կառուցվածքի՝ սոնոգրաֆիկ հետազոտությունը  թույլ է տալիս տեսնել հոդի գրեթե բոլոր պաթոլոգիական պրոցեսները:  Այն հնարավորություն է ստեղծում վիզուալիզացնել  հոդի գրեթե բոլոր փափուկ հյուսվածքային կառուցվածքային միավորները` դրանցից կարևորագույներն են ռոտատոր կամ պտտող մանժետի ջլերը, որոնք և ապահովում են ուսահոդի շարժումները: Տեսանելի են նաև հոդաճառը, հոդաշապիկը, բուրսաները, հոդաշապիկը և այլն:
Ուսահոդերի սոնոգրաֆիան կատարվում է առաջին հերթին ուսթիակային ցավային համախտանիշի և դրա հետևանքով առաջացած հոդի կոնտրակտուրայի (կարկամության) դեպքում, որի պատճառները կարող են կապված լինել ինչպես հոդի, այնպես էլ արտահոդային խնդիրների հետ:

Որո՞նք են ուսահոդում ցավի առաջացման պատճառները `

  • Ուսահոդի պտտող մանժետի ջլերի թարմ կամ հնացած վնասվածք - պտտող մանժետի կազմության մեջ մտնում են 4 ջլեր, որոնցից ամեն մեկը պատասխան է տալիս որոշակի կոնկրետ շարժման համար:
  • Երկգլխանի մկանի թարմ կամ հնացած վնասվածք:
  • Կալցիֆիկացնող տենդինիտ – այն խրոնիկ պրոցես է, որի հետևանքով փոխվում է ջլի առաձգականության հատկությունը և բերում շարժումների սահմանափակմանը:
  • Ադհեզիվ կապսուլիտ կամ «սառած ուսահոդ» – իրենից ներկայացնում է հոդաշապիկի հաստացում  և հետագա ֆիբրոզ փոփոխություններ, որոնք լինում են օրգանիզմում աուտոիմուն և մետաբոլիկ խնդիրների, ինչպես նաև խրոնիկ երկարատև պաթոլոգիական պրոցեսների  պատճառով (շաքարային դիաբետ, սրտային անբավարարություն, թիրեոիդիտ և այլն):
  • Հոդաբորբ – հոդի թաղանթների և փափուկ հյուսվածքների բորբոքումները, որոնք կարող են լինել ինչպես ինֆեկցիոն կամ սպեցիֆիկ, այնպես էլ առաջանալ  ծանրաբեռնվածությունների կամ վնասվածքների հետևանքով:
  • Կրակալվող բուրսիտ – բուրսայի (ձուսպապարկի) խրոնիկ բորբոքում, որը բերում է կրակալման օջախների առաջացմանը պարկի ներսում:
  • Կարելի է փաստել, որ ուսահոդի ցավային համախտանիշի պատճառները շատ են ու բազմազան, դրանց վաղ և արդյունավետ ախտորոշման համար անհրաժեշտ է դիմել սոնոգրաֆիկ հետազոտության, որի ցուցումներն են՝ ցավ ուսահոդերում հանգստի և շարժումների ժամանակ, գիշերային ցավեր, շարժումների սահմանափակում, ինչպես պասիվ այնպես էլ ակտիվ, հոդի այտուցվածություն,  մաշկի գույնի տեղային փոփոխություններ:

Ուսահոդերի սոնոգրաֆիան թույլ է տալիս տեսնել`

  • ջլերը – վերփշային, ստորփշային, ստորթիակային, փոքր կլոր, երկգլխանի մկանի երկար գլխիկը,
  • կապանային համակարգը,
  • բուրսաները – հիմնականներն են՝ սուբակրոմիալն ու սուբդելտայաձևը,
  • Սինովիալ թաղանթի վիճակը,
  • Ազատ մարմինների առկայությունը,
  • Հոդամակերեսների, հոդաճառի փոփոխությունները:

Որո՞նք են ուսահոդի սոնոգրաֆիայի առավելություններն՝ այլ հետազոտման եղանակների համեմատությամբ`

  • թույլ է տալիս տեսնել հոդը կազմող փափուկ հյուսվածքային կառուցվածքային էլեմենտների վիճակը,
  • ոչ ինվազիվ է,
  • արագ է և արդյունավետ,
  • դինամիկ է,
  • թույլ է տալիս հոդը դիտել տարբեր դիտակետերում ու շարժումների ժամանակ
  • ֆինանսապես մատչելի է,
  • չունի  ճառագայթային ծանրաբեռնվածություն:

Այսպիսով՝ սոնոգրաֆիկ հետազոտության վաղ կիրառումը ոչ միայն թույլ է տալիս կատարել որակյալ և ինֆորմատիվ ախտորոշում, այլ նաև կանխարգելել հետագա բարդությունների առաջացումն ախտահարված ուսահոդում:


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
1Դեկտեմբերի, 2017