Առասպելներ և փաստեր գլյուկոկորտիկոիդների (հորմոնալ պրեպարատների) մասին

Ներկայացնում է ռևմատոլոգ, բ.գ.թ. Վալենտինա Վարդանյանը:
 
Գլյուկոկորտիկոիդները  (ԳԿ) ստերոիդային հորմոններ են, որոնք սինթեզվում են մակերիկամի կեղևի կողմից: Ֆարմակոլոգիական ազդեցությունների լայն սպեկտրը կանխորոշեց դրանց՝ որպես դեղամիջոցներ օգտագործումը: ԳԿ վերաբերյալ արդի ժամանակներում կան շատ իրարամերժ կարծիքներ ինչպես հիվանդների, այնպես էլ բժիշկների մոտ:
 
«Հորմոնների» վերաբերյալ առկա «առասպելների» պատճառով շատ հիվանդներ հրաժարվում են դրանց ընդունումից, իսկ բժիշկները՝ նշանակումից:
Ստորև կներկայացնեմ որոշ առասպելներ և փաստեր ԳԿ-ի մասին:
 
Առասպել N1 Հաշվի առնելով ԳԿ կողմնակի ազդեցությունները՝ կարելի է դրանց փոխարեն նշանակել ուրիշ, ոչ պակաս արդյունավետ դեղամիջոցներ:
Փաստ Ներկայումս ԳԿ հանդիսանում են ամենահզոր և ամենաարագ ազդող հակաբորբոքային, իմունային բորբոքումը ճնշող միջոցներ և որոշ իրավիճակներում դրանք անփոխարինելի են: Եթե կան ԳԿ նշանակման ցուցումներ չի կարելի դրանք փոխարինել այլ, ավելի «փափուկ» միջոցներով:
 
Առասպել N2 ԳԿ նշանակման ցուցումներ են հանդիսանում միայն որոշ հստակ հիվանդությունները (ռևմատոիդ արթրիտ, համակարգային կարմիր գայլախտ և այլն):
Փաստ ԳԿ նշանակման ցուցումներ են ոչ թե հենց հիվանդությունները, այլ դրանց սրացումները և ներքին օրգանների ախտահարումը: Օրինակ, համակարգային կարմիր գայլախտի ժամանակ, եթե առկա են միայն մաշկային երևույթներ, ապա պարտադիր չէ ԳԿ համակարգային ընդունումը, կարելի է սահմանափակվել տեղային միջոցներով, իսկ լյուպուս-նեֆրիտը ԳԿ-ով ագրեսիվ բուժման ցուցում է:
 
Առասպել N3 ԳԿ նշանակման ժամանակ պետք է սկսել փոքր դեղաչափից, իսկ անարդյունավետության դեպքում՝ բարձրացնել այն:
Փաստ Ի տարբերություն այլ միջոցների, որոնք նշանակվում են համաձայն «սկսիր ցածրից և գնա դանդաղ՝ սկզբունքի»՝ ԳԿ նշանակմում են համաձայն “սկսի բարձրից և գնա արագ” սկզբունքի, այսինքն պետք է նշանակվեն ադեկվատ դեղաչափով, որը հետագայում պետք նվազեցնել:
 
Առասպել N4 ԳԿ ավելի շատ վնաս են հասցնում, քան օգուտ:
Փաստ Որոշ դեպքերում բժիշկները՝ «ավելի քիչ վնաս» հասցնելու նպատակով նշանակում են ԳԿ ցածր դեղաչափերով և, չստանալով ցանկալի արդյունքը, և ավելին՝ տեսնելով կողմնակի աղդեցությունները, հրաժարվում են դրանցից: Հարցը նրանում է, որ կողմնակի ազդեցությունները կարող են առաջանալ նույնիսկ ցածր դեղաչափի դեպքում, իսկ հրաժարվելը կարող է բերել ներքին օրգանների անդարձելի ախտահարման: Այսպիսով, ԳԿ ենթադոզավորումը ավելի վտանգավոր է, քան գերդոզավորումը:
 
Առասպել N5 ԳԿ նման են թմրանյութերի. կախյալությունը անխուսափելի է:
Փաստ ԳԿ հանման անհնարինությունը հիմնականում կապված է դրանց սխալ նշանակման և/կամ դեղաչափի շատ արագ նվազեցման հետ: Բացի դրանից, կան ԳԿ, որոնք ունեն կուտակային ազդեցություն (տրիամցինոլոն), դրանցից հրաժարվելը շատ դժվար է: Քրոնիկ օգտագործման համար նախընտրելի են պրեդնիզոլոնը և մեթիլ-պրեդնիզոլոնը:
 
Առասպել N6 ԳԿ հակացուցված են հղիության ժամանակ:
Փաստ Իրոք, հղիության ժամանակ ԳԿ օգտագործումը ցանակալի չէ, սակայն եթե հղիության ժամանակ զարգացել է ռևմատոլոգիական հիվանդության սրացում, միայն դրանց կիրառման շնորհիվ է հնարավոր պահպանել հղիությունը, իսկ որոշ դեպքերում՝ հղիի և նորածնի կյանքը:
 
Առասպել N7 ԳԿ չի կարելի նշանակել երեխաներին, քանի որ դրանք առաջացնում են աճի դանդաղում:
Փաստ ԳԿ  կարող են առաջացնել աճի դանդաղում, սակայն եթե չնշանակել դրանք յուվենիլ արթրիտի սրացման ժամանակ, էլ ավելի արտահայտված աճի դանդաղում կառաջացնի ինքը՝ հիվանդությունը:
Այսպիսով, ԳԿ թերապևտի ձեռքում նման են դաշույնի վիրաբույժի ձեռքում. կարելի փրկել և կարելի է հասցնել անդառնալի վնաս:

Doctors.am
ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր, N2,2016