Միավորվելու ազատության իրավունք

ա) Առողջապահության ոլորտի աշխատողների` միավորումներ կազմելու, դրանց միանալու կամ ղեկավարելու հնարավորությունն առանց անցանկալի միջամտության չափազանց կարևոր է նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանության և լավ խնամքի ապահովման համար:

բ) ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքը

ՀՀ Սահմանադրություն

ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածը երաշխավորում է յուրաքանչյուրի այլ անձանց հետ միավորումներ կազմելու, այդ թվում` արհեստակցական միություններ կազմելու և դրանց անդամագրվելու իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածը երաշխավորում է աշխատողների իրենց տնտեսական, սոցիալական և աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք, որի իրականացման կարգը և սահմանափակումները սահմանվում են օրենքով:

ՀՀ օրենքը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները կարող են միավորվել մասնագիտական միություններում` համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի: Այդ միավորումները մասնակցում են պետության առողջապահական նպատակային և ապահովագրական ծրագրերի մշակմանը, բժշկական գործունեության լիցենզավորմանը, առողջապահության ոլորտի աշխատողների իրավունքների պաշտպանությանը, ի լրումն իրենց կանոնադրություններով նախատեսված նպատակների իրականացման:

ՀՀ օրենքը «Հասարակական կազմակերպությունների մասին

Նման միավորումների ձևավորման (այդ թվում` գրանցման), գործունեության, լուծարման ընթացակարգերը, ինչպես նաև նրանց իրավունքներն ու պարտականությունները սահմանված են«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով:

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները կարող են միավորել իրենց համապատասխան մասնագիտական միավորումները (օրինակ` ատամնաբուժական, սրտաբանական և բուժքույրական), ինչը նրանց թույլ կտա առավել արդյունավետ մասնակցություն ունենալ պետության առողջապահական ծրագրերի մշակմանը: Այն դրա անդամների համար օգտակար է նաև իրենց մասնագիտացման ոլորտում. ազգային և միջազգային կոնֆերանսների, ինչպես նաև միջազգային ուսուցողական փոխանակման ծրագրերի կազմակերպում և մասնակցություն:

ՀՀ Աշխատանքային օրենսգիրք

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների մեծ մասն ունեն նաև գործադուլի սահմանադրական իրավունք: Գործադուլներ նախաձեռնելու, անցկացնելու, դադարեցնելու կարգը, այդ իրավունքի սահամանափակումները, դրանց մասնակցող աշխատողների երաշխիքները և գործադուլին վերաբերող մյուս հարցերը կարգավորված են ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 73-82-րդ հոդվածներով: Այդուհանդերձ, պետք է նշել, որ Աշխատանքային օրենսգրքի 75-րդ հոդվածի ուժով անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններում գործադուլ հայտարարելն արգելվում է:

գ) Համապատասխան ենթաօրենսդրական ակտեր

Որևէ ենթաօրենսդրական ակտ այս համատեքստում կիրառելի չէ:

դ) Էթիկայի կանոնագրքի համապատախան դրույթներ

Էթիկայի կանոնագրքի որևէ դրույթ այս համատեքստում կիրառելի չէ:

ե) Գործնական օրինակներ

1. Համապատասխանության օրինակ(ներ)

Հայաստանի Հանրապետությունում հազարավոր բժիշկներ առանց որևէ սահմանափակման անդամակցում են բազմաթիվ մասնագիտական միությունների և այլ հասարակական կազմակերպություններին (այսինքն` Հայկական բժշկական ընկերակցությանը, Հայաստանի հոգեբույժների և նարկոլոգների ընկերակցությանը, Հայաստանի ուրոլոգների ընեկարկցությանը, Սրտաբանների հայկական ընեկարկցությանը և այլն) (իրական, բայց չգրանցված դեպք):

2. Խախտման օրինակ(ներ)

Երևանի բժշկական կենտրոններից մեկի աշխատակիցները, չհամաձայնելով նոր գլխավոր բժիշկ նշանակելու մասին նախարարության որոշմանը, վճռում են գործադուլ անել: Այնուհանդերձ, նորանշանակ գլխավոր բժիշկը մնում է իր պաշտոնին և հետագայում աշխատանքից ազատում է բոլոր այն աշխատակիցներին, որոնք մասնակցել էին գործադուլին: Այդ աշխատակիցները դատական կարգով բողոքարկեցին իրենց աշխատանքից ազատելը, սակայն ապարդյուն:

3. Իրական դեպքեր (գրանցված և չգրանցված)

ՀՀ քաղաքացի Կ-ն մասնագիտությամբ բժիշկ է և աշխատում է «Նյու Մեդ» բժշկական կենտրոնում: Կ-յանը ցանկանում է անդամագրվել «Ազատ բժիշկներ» մասնագիտական միությանը, որը զբաղվում է բժիշկների մասնագիտական պատվի և արժանապատվության պաշտպանությամբ: Անդամակցելու համար անհրաժեշտ է, որ Կ-ն ներկայացնի տեղեկանք «Նյու Մեդ» բժշկական կենտրոնից: «Նյու Մեդ» բժշկական կենտրոնի տնօրենը մերժում է տեղեկանքի տրամադրումը` պատճառաբանելով, թե Կ-ն այդ քայլը անհեթեթություն է և բացի վնասից` ոչինչ չի տա: Կ-ն այդ մերժումը պաշտոնապես չբողոքարկեց, քանի որ վախենում էր կորցնել աշխատանքը: Դրա փոխարեն, նա ընդամենը բավարարվեց Առողջապահության նախարարին բանավոր բողոք ներկայացնելով (իրական, բայց չգրանցված դեպք):

զ) Գործնական խորհուրդներ իրավաբանների համար

• Կարևոր է վկայակոչել այս ոլորտում թե՛ ԱՄԿ-ի և թե՛ ՄԱԿ-ի ու Եվրոպայի Խորհրդի կիրառելի չափանիշները և մեկնաբանությունները:

• Միավորումներ ձևավորելու, դրանց անդամագրվելու և դրանք համապատասխանաբար, ինչպես նշված է վերը, օգտագործելու` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների սահմանադրական և օրենսդրական իրավունքը չպետք է ենթարկվի որևէ ոչ ողջամիտ սահմանափակման, օրինակ` չպետք է սահմանվի անձի աշխատանքի վայրից վկայական ներկայացնելու պահանջ, ինչպես վերը ներկայացված իրական գործում:

• Այնուհանդերձ, պետք է նկատի ունենալ, որ միավորմանն անդամակցելու հարկադրանքը ևս կարող է հանգեցնել միավորումների ազատության իրավունքի խախտման: Ուստի յուրաքանչյուր դեպքում, երբ անձը իրավաբանորեն կամ փաստացի ստիպված է լինում անդամակցելու որևէ կառույցի, անհրաժեշտ է պարզել, թե արդյոք այդ կառույցը փաստացի միավորում է թե ոչ (այս կապակցությամբ ստորև տե՛ս ՄԻԵԴ մեկնաբանությունը):

• Համաձայն ՄԻԵԴ մեկնաբանությամբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի (Միավորվելու ազատություն)` միավորում հասկացությունն ունի ինքնավար` ազգային իրավունքից անկախ, իմաստ: ՄԻԵԴ-ը մի շարք գործերով սահմանել է, որ միայն այսպես կոչված հանրային իրավունքի միավորումներն են, որ դուրս են 11-րդ հոդվածի շրջանակից: Դրանք այն կառույցներն են, որոնք հիմնադրվում են ոչ թե անհատների, այլ օրենսդրի կողմից և մնում են պետական համակարգի հետ միաձուլված վիճակում, իրականացնում են հանրային վերահսկողություն տվյալ մասնագիտության նկատմամբ, օժտված են վարչական, ինչպես նաև կարգավորիչ և կարգապահական իշխանությամբ, և փաստացի գործառնում են որպես պետական մարմին: Այսպիսով, եթե անձին «ստիպում են» միանալու այս չափանիշներին համապատասխանող կառույցի, ապա դա չի հանգեցնում միավորումների ազատության նրա իրավունքի խախտման: Դրան հակառակ, մասնավոր իրավունքի հիման վրա ձևավորված կառույցները, որոնք ունեն լրիվ ինքնուրույնություն իրենց նպատակների, կառուցվածքի ու ընթացակարգերի սահմանման հարցում, ընկնում են 11-րդ հոդվածի շրջանակի ներքո:

• Ինչ վերաբերում է գործադուլի իրավունքին, ապա Շմիդտը և Դահլատրոմն ընդդեմ Շվեդիայի գործով ՄԻԵԴ-ն նշել է, որ «Կոնվենցիան երաշխավորում է արհմիության անդամների մասնագիտական շահերը, որոնք արտահայտվում են արհմիության գործողությունների ձևով: Դրանց կատարումը պայմանավորվող պետությունները պետք է և՛ թույլատրեն, և՛ հնարավոր դարձնեն: Այնուհանդերձ, 11-րդ հոդվածի 1-ին մասըյուրաքանչյուր պետության թողնում է այդ նպատակին հասնելու միջոցների ազատ ընտրության հնարավորություն: Գործադուլի իրավունք տրամադրելը, անկասկած, իրենից ներկայացնում է այդ միջոցներից առավել կարևորը, բայց գոյություն ունեն ուրիշները ևս: Այդպիսի իրավունք, որն առերևույթ արտահայտված չէ 11-րդ հոդվածում, կարող է ազգային օրենսդրությամբ ենթարկվել այնպիսի կանոնակարգման, որը որոշակի դեպքերում սահմանափակի դրա կիրառումը»: Դա նշանակում է, որ քանի դեռ արհմիություններն օժտված են իրենց կազմակերպության շահերի համար պայքարելու այլ արդյունավետ միջոցով, նրանք Կոնվենցիայի 11-րդ հոդվածի ներքո չունեն գործադուլի երաշխավորված իրավունք: Այնուհանդերձ, արհմիությունները պետք է լսված լինեն, և նրանց պետք է թույլատրվի միջոցառումներ իրականացնել ի պաշտպանություն իրենց անդամների մասնագիտական շահերի [408]:

• Այս պաշտպանությունը կարող է ներառել գործադուլի իրավունքը, որը կարող է սահմանափակվել միայն որոշակի հանգամանքներում [409]:

է)Համապատասխան միջազգային և տարածաշրջանային դրույթներ

Միավորվելու ազատության և (կամ) գործադուլի իրավունքի վերաբերյալ ընդհանուր դրույթները, որոնք հավասարապես կիրառվում են նաև առողջապահության ոլորտի մասնագետների նկատմամբ, ներառում են.

• ԽՎՄԿ 5 (դ)(ix) -րդ հոդված 
• ՔՔԻՄԴ 22-րդ հոդված 
• ՏՍՄԻՄԴ 8-րդ հոդված 
• ՄԻԵԴ11-րդ հոդված 
• ԵՍԽ 5-րդ և 6-րդ հոդվածներ 
• ԱՄԿ թիվ 87 Կոնվենցիա (Հայաստանի կողմից վավերացվել է 2/01/2006թ.) 
• ԱՄԿ թիվ 98 Կոնվենցիա (վավերացվել է 12/11/2003թ.)


408. Բելգիայի ոստիկանության ազգային միությունն ընդդեմ Բելգիայի (1979-80թթ.) 1 EHRR 578: 
409. Ուիլսոնը և Օրսն ընդդեմ Միացյալ Թագավորության (2002թ.) 35 EHRR 20. 11-րդ հոդվածի խախտում է հայտարարվել այն դեպքը, երբ օրենքը գործատուին հնարավորություն էր տալիս կոլեկտիվ բանակցությունների առումով հետ կանչելու արհմիությունների ճանաչումը և աշխատողներին առաջարկելու որոշակի բավարարում` որոշ արհմիութենական իրավունքներից հրաժարվելու դիմաց:

 Աղբյուրը` healthrights.am  կայք