Ավելորդ քաշի պատճառներն ու հետևանքները. Գիրությունից հնարավոր է ազատվել միայն առողջ սննդի և ֆիզիկական ակտիվության շնորհիվ. Էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյան

hasmik abovyan

Ավելորդ քաշն այսօր անհանգստացնում է կանանց և տղամարդկանց՝ սպառնում երեխաներին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1980 թվականից սկսած ամբողջ աշխարհում ճարպակալման հետևանքներից տառապողների թիվը կրկնապատկվում է: 2014 թ. տվյալներով՝ 18 տարեկանից բարձր 1.9 մլրդ մարդ ավելորդ քաշ ունի, որոնցից 600 հազարը տառապում է ճարպակալմամբ, իսկ մինչև 5 տարեկան 41 միլիոն երեխա ունեցել է ավելորդ քաշ կամ ճարպակալում: Հայաստանում այս խնդրի արդիականության մասին Doctors.am-ը զրուցեց «Դա Վինչի» պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության կլինիկայի էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանի հետ:

-Գիրությունը խնդիր է, որը հիմնականում մտահագում է կանանց: Հայ տղամարդիկ որքանո՞վ են հետաքրքրվում այս հարցով:

-Ճարպակալումը տարածված երևույթ է նաև հայ տղամարդկանց շրջանում: Սովորաբար մտահոգված մայրը կամ կինը դիմում է բժշկի, սակայն ավելորդ քաշ ունեցող անձը չի էլ գիտակցում, որ կա անհագստության պատճառ: Այս դեպքում հիվանդին օգնելն անհնար է: Սա հոգեբանական խնդիր է՝ պաշտպանողական ռեակցիա կամ ըմբոստություն:

-Ո՞ր հիվանդություններն են տղամարդկանց մոտ դառնում են ավելորդ քաշի պատճառ, և ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել գիրությունը:

-Հայաստանում երիտասարդ տղամարդկանց զգալի մասն ունի արտահայտված որովայն: Ճարպի  կուտակման այս ձևը կոչվում է աբդոմինալ, երբ ճարպը հիմնականում կուտակվում է վերին հատվածներում: Նրանց մեծ մասի մոտ առկա է մետաբոլիկ համախտանիշ` նյութափոխանակության խանգարումներ: Սա իր հետ բերում է տարբեր խնդիրներ, որոնք անգամ երիտասարդ տարիքում պատճառ են դառնում սրտանոթային համակարգի տարատեսակ հիվանդությունների, արյան բարձր ճնշման՝ հիպերտոնիա, ածխաջրատային նյութափոխության խանգարման և այլն: Եթե տղամարդկանց մոտ մետաբոլիկ համախտանիշ է, ապա նրանք մեծամասամբ ունենում են անդրոգենների պակաս: Քաշի ավելացումը նվազեցնում է տեստոստերոնի մակարդակը, որն էլ իր հերթին մեծացնում է գիրացման ռիսկը:

- Վիճակագրական տվյալներով՝ ճարպակալման դեպքերի միայն 25 տոկոսն է պայմանավորված որևէ հիվանդությամբ: Մնացած 75-ի պատճառը ֆիզիկական ակտիվության բացակայությունն է` սխալ սննդակարգը: Քաշի ավելացումը կանանց մոտ ամենից հաճախ, ո՞ր դեպքերում է հադիպում:

-Մեծ դեր ունի ժառանգական գործոնը, սակայն ավելորդ քաշի հիմնական պատճառը կալորեաների դրական բալանսն է, երբ սնունդը պարունակում է ավելի շատ կալորիաներ, քան ծախսում է մարդը: Դրա արդյունքում ավելորդ կալորիաները պահեստավորվում են ճարպի տեսքով: Կանանց մոտ ավելորդ քաշը հաճախ ուղեկցվում է տարբեր հորմոնալ խանգարումներով: Ախորժակի բարձրացման պատճառը կարող է լինել սեռական հորմոնների խանգարումը, ինչը փոխադարձ ազդեցություն ունի ենթաստամոքսային գեղձի հորմոնի հետ, որը մեր օրգանիզմում հիմնական ճարպ արտադրողն է: Ճարպակալման ժամանակ մեծամասամբ ունենում ենք ինսուլինի հետ կապված խնդիրներ: Եթե այս փուլում քայլեր չձեռնարկվեն բուժման համար, կարող է առաջանալ շաքարային դիաբետ: Ավելորդ քաշը կարող է հանդիսանալ նաև անպտղության պատճառ: Այս դեպքում կինը պետք է աշխատի իր քաշը մոտեցնել նորմայի սահմաններին: Տվյալ պարագայում պետք է դիմել էնդոկրինոլոգի, ով կբացահայտի հորմոնալ խանգարումների պատճառները: Հաճախ մարդուն թվում է, որ ինքը շատ չի ուտում, սակայն պարզվում է, որ գերսնուցումն է հանգեցրել ճարպակալման: Այս դեպքում պետք է դիմել սննդաբանի, ով կօգնի բացահայտել, թե սննդակարգում ինչն է հանդիսանում ավելորդ կալորիաների աղբյուր:
Կինը գիրանալու խնդրի հետ առանչվում է նաև հղիության ժամանակ ու դրանից հետո: Հղիների դեպքում նորմալ է միջինում 12 կիլոգրամ քաշ հավաքելը: Սակայն պետք է հետևողական լինել ու նորմայից շատ չավելանալ: Պետք է խստորեն հետևել սննդին՝ քիչ քանակով օգտագործել պարզ ածխաջրերը՝ քաղցրավենիք, հացամթերք, հրուշակեղեն, քանի որ դա կարող է ազդել ինչպես մոր, այնպես էլ պտղի քաշի վրա: Եթե պտուղը մեծ է, ապագայում շաքարային դիաբետով հիվանդանալու հավանականությունը մեծանում է նաև երեխայի մոտ:

-Հորմոնալ խանգարումները տարածաված են մեր հասարակության մեջ, անորակ սնունդը կարո՞ղ է նպաստել այս խնդիրների առաջացմանը:

-Անորակ սնունդն այն գործոններից է, որը տղամարդկանց, կանանց և երեխաների մոտ կարող է առաջացնել հորմոնալ խանգարումներ: Որպես օրինակ` արագ սնունդը կարող է պատրաստված լինել թարմ սննդամթերքից՝ սակայն վնասակար լինել այն առումով, որ հագեցած է վատ ճարպերով և ածխաջրերով: Կալորիաներ պետք է ստանալ լավ աղբյուրից`մսամթերքից, բանջարեղենից, մրգերից, ընդեղենից և այլն: Սա պետք է կազմի օրվա ռացիոնի մեծ մասը: Ցավոք, այսօր շատ է օգտագործվում արագ սնունդը, քաղցր, գազավորված ըմպելիքները, մրգային հյութերը: Հայտնի էնդոկրինոլոգ Ռոբերտ Լաստիգը բժշկության մեջ մտցրել է «շաքարային թմրամոլություն» հասկացությունը: Նա ապացուցել է, որ երեխաները դառնում են «շաքարային թմրամոլներ» մրգային հյութեր օգտագործելու պատճառով: Հետևաբար պետք է ուտել միրգը, ոչ թե խմել հյութը, որովհետև մրգի հյութն առանց իր բջջանքի հեշտ շաքարի աղբյուր է: Քանի որ ծնողները հաճախ չեն գիտակցում խնդրի լրջությունը, անչափահասների մոտ ձևավորվում է ինսուլինի հանդեպ դիմադրողականություն: Սրա հետևանքով երեխան սկսում է ճարպակալել, ունենում է բարձր ախորժակ և առաջանում է պարզ ածխաջրեր օգտագործելու ցանկություն, ինչն էլ դառնում է շաքարախտի պատճառ:

-Ինչպե՞ս ձևավորել ճիշտ սնվելու մշակույթն ու երեխաներին ընտելացնել դրան:

-Հայերը սիրում են գեր երեխաների և ուրախանում են, երբ նրանք առանձնանում են ավելորդ քաշով: Ի տարբերություն մեծահասակների՝ ավելորդ քաշը հաճախ երեխաներին էսթետիկ տեսք է տալիս, սակայն պետք է գիտակցել, որ վաղ տաիքում այն կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ: Ցանկալի է, որ աճի շրջանում երեխան քաշ հավաքի և եթե դա նորմայի սահմանում է, ապա ընդունելի է: Անհրաժեշտ է լուրջ մոտենալ նրա սնուցմանը՝ բացառել գերսնուցումը: Այստեղ կարևոր է սննդի ոչ թե քանակական, այլ որակական բնութագիրը: Գոյություն ունեն լավ ու վատ կալորիաներ: Օրինակ՝ դյուրամարս ածխաջրերից ստացված կալորիաներն իրենց ազդեցությամբ հավասարազոր չեն մսամթերքից կամ բանջարեղենից ստացված կալորիաներին: Այսօր երեխային շատ հասանելի է անորակ և արագ սնունդը, քաղցրավենիքը: Այս հարցում կարևոր է ծնողի իրազեկվածությունը: Պետք է երեխային, ոչ թե արգելել, այլ չսովորեցնել` նորածնային տարիքից երեխային ընտելացնել առողջ սննդակարգի, երբ մայրական կաթից անցում է կատարվում հավելյալ սննդի: Մինչ երեք տարեկանը ձևավորվում է համային նախապատվությունը: Եթե երեխան սովորում է ճիշտ մթերքներին, ապա հետագայում հնարավոր է լինում խուսափել տարբեր խնդիրներից:

-Հնարավո՞ր է միայն ճիշտ սննդակարգի շնորհիվ նիհարել: Ի՞նչ խորհուրդ կտաք նիհարել ցանկացող մարդկանց:

- Դիետաները պետք է մշակված լինեն և առաջարկվեն սննդաբանների միջազգային ասոցիացիաների կողմից՝ որպես գործող և իրականում առողջացնող միջոցներ: Մինչ այժմ տարածված է «Միջերկրածովային սննդակարգը», ինչպես նաև ապացուցված արդյունավետ է «Առանց աղի» սննդակարգը, որը օգտակար է սիրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցողների համար: Այս սննդակարգերի մեջ բացառվում են պարզ ածխաջրերը:
Մարդն այսօր ֆիզիկապես այնքան էլ ծանրաբեռնված չէ և նստակյաց կյանք է վարում, իսկ ստացած կալորիաները հնարավոր է ծախսել միայն ակտիվ ապրելակերպի և սպորտով զբաղբելու միջոցով: Իսկ նիհարել ցանկացող անձանց խորհուրդ կտամ տարբերել երազանքը ցանկությունից: Ճարպակալման, ավելորդ քաշի հետ կապված խնդիրները հնարավոր է հաղթահարել  մեծ ցանկության և մասնագետների օգնությամբ: 


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
08 Նոյեմբերի, 2017