«Առողջության քառյակ» բանաձևը՝ ծերանալ չցանկացողների համար. ֆոտոռեպորտաժ

Առողջության պահպանումն ու կանխարգելիչ բժշկությունն այսօր ուշադրության կենտրոնում են.  երիտասարդ մնալու, առողջ ու գեղեցիկ տեսք ունենալու հարցը շատերին է հուզում: Հենց այս թեմայով ու հատուկ ոլորտի մասնագետների համար` «Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիան» ` նախագահ Իննա Պերսոյանի նախաձեռնությամբ` կազմակերպել էր  «Առողջության քառյակ. ժամանակակից հակատարիքային ռազմավարություն» թեմայով սեմինարը: 
 
Սեմինարի ընթացքում իրենց փորձով և հմտություններով էին կիսվում հայաստանցի և ռուսաստանցի մասնագետները:
«Առողջության քառյակի» բանաձևին ծանոթանալու և մասնագիտական նոր գիտելիքներ ստանալու  էին եկել մաշկաբաններ, կոսմետոլոգներ, էնդոկրինոլոգներ, պլաստիկ վիրաբույժներ, գինեկոլոգներ, սրտաբաններ, ընտանեկան բժիշկներ՝ տարբեր բժշկական կենտրոններից:
 
Իննա Պերսոյանն ընդգծեց այս հավաքի ու թեմայի կարևորությունը՝ ևս մեկ անգամ նշելով՝ իրենց նպատակը մարդկանց կյանքի որակը  բարելավելն ու առողջությունը պահանելն է, իրենք ցանկանում են մարդկանց սովորեցնել չծերանալու գաղտնիքները:
 
Հենց սկզբում, ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի խորհրդական Դավիթ Պետրոսյանը, սեմինարի բանախոսներին ու մասնակիցներին ներկայացրեց նախարարի ուղերձը: Նախարարը շնորհավորում էր այս կարևոր իրադարձության կապակցությամբ՝ հիշեցնելով՝ ՀՀ ԱՆ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում առողջության պահպանման և կյանքի որակի բարելավման հարցերը: 
 
«Առողջության քառյակ. ժամանակակից հակատարիքային ռազմավարություն» սեմինարն ընթանում էր հարց ու պատասխաններով և մասնագիտական ակտիվ քննարկումներով:  
 
 
Հոլիվուդյան աստղերի՝ լավ պահպանված և չծերացող մաշկից մինչև  հորմոններ և վիտամին D, Օմեգա ճարպաթթուներ և հակաօքսիդանտներ. մասնագետներն ամեն ինչ ներկայացրին ամենայն մանրամասնությամբ և պարզությամբ: 
Քննարկումը եզրափակելիս  Իննա Պերսոյանը հույս հայտնեց, որ գործընկերները հենց հաջորդ օրվանից կսկսեն կիրառել այսօր ստացած գիտելիքներն ու խորհուրդները:
 
Իսկ սեմինարն ավարտվեց այնպես, ինչպես ընթացել էր՝ մասնագիտական ջերմ և համերաշխ մթնոլորտում՝ հավաստագրերով և տոնական տորթով. այսօր նաև Ageless ամսագրի առաջին համարի շնորհանդեսն էր: 
 
 
 
Միջոցառման ինֆորմացիոն գործընկեր՝ Doctors.am