Որո՞նք են այրոցի առաջացման պատճառները, ինչպե՞ս վերացնել այն

Ի՞նչ է այրոցը

Այրոցը որովայնի վերին հատվածում (էպիգաստրալ շրջան) և կրծոսկրի հետևում այրոցի զգացումն է, որը տարածվում է դեպի վեր, երբեմն` ճառագայթելով նաև պարանոցի շրջան: Զարգացած երկրներում այրոցը հանդիպում է ազգաբնակչության 20-50% -ի մոտ:

Որո՞նք են այրոցի պատճառները

Այրոցի հիմնական պատճառը ստամոքսից դեպի կերակրափող ստամոքսահյութի հետնետումն է (ռեֆլյուքս), որի հետևանքով տեղի է ունենում կերակրափողի լորձաթաղանթի վնասում ստամոքսահյութի ակտիվ բաղադրիչներով` աղաթթու, պեպսին, լեղաթթուներ և այլն: Առողջ մարդու մոտ երբեմն տեղի է ունենում ռեֆլյուքս (հետհոսք) նաև, սակայն հաճախակի ռեֆլյուքսներն արդեն ախատաբանական են: Գաստրոէզոֆագալ ռեֆլյուքսի (ստամոքս-կերակրափողային հետհոսքի) հիմնական պատճառը կերակրափողային ստորին փականի դիսֆունկցիան է (փականի անբավարար փակվելը):

Կարող է լինել ֆունկցիոնալ, երբ չկա որևէ օրգանակ խնդիր, սակայն մարդն ունի գանգատ:

Որո՞նք են ռեֆլյուքսի առաջացման մեխանիզմները

  • Կերակրափողային ստորին փականի ժամանակ առ ժամանակ հանկարծակի թուլացում: Այս երևույթը տեղի է ունենում նաև առողջ մարդկանց մոտ, սակայն ավելի հազվադեպ է և որպես կանոն կարճ է տևում:
  • Ներորովայնային և/կամ ներստամոքսային ճնշման կտրուկ բարձացում: Այս երևույթը տեղի է ունենում կամ ստամոքսի գերլցման դեպքում, երբ ընդունած կերակուրը չափից ավելի է, կամ պառկած ու կռացած դիրքերում սնունդ ընդունելիս: Ներորովայնային ճնշման բարձրացում կարող է դիտվել նաև վքնածության, փորկապության, հղիության դեպքում, ինչպես նաև որովայնը սեղմող հագուստներ, ձիգ գոտիներ, կորսետներ կրելիս և ծանրություն բարձրացնելիս:
  • Փականի մկանների տոնուսի նշանակալի թուլացում և ստամոքսի ու կերակրափողի ճնշումների հավասարեցում: Այս երևույթը կարող է դիտվել ստամոքսի և կերակրափողի տարբեր վիրահատություններից հետո, կերակրափողի ստոծանիական բացվածքի ճողվածքի, սկլերոդերմիայի, ճարպակալման դեպքում, ինչպես նաև որոշ դեղորայքի կիրառումից` նիտրատներ (Նիտրոգլիցերին, Կարդիկետ, Իզոդինիտ), բետա ադրենոպաշարիչներ (Մետապրոլոլ, Կարվեդիլոլ, Բիսոպրոլոլ), անտիխոլիներգիկներ (Ատրոպին, Պլատիֆիլին), կալցիումական անցուղիների պաշարիչներ (Ամլոդիպին, Վերապամիլ, Դիլթիազեմ, Նիֆեդիպին), թեոֆիլին:

Որոշ նյութերով թունավորումները նույնպես կարող են հանդիսանալ փականի մկանների տոնուսը թուլացնող պատճառ, օրինակ ծխելը, ալկոհոլի չարաշահումը, և այլն:

Ո՞ր սնունդն է առավելապես նպաստում այրոցի առաջացմանը

Այրոցը հաճախ առաջանում է ուտելուց հետո, հատկապես` յուղոտ, ճարպոտ, կծու ուտեստների, սև շոկոլադի, սուրճի, թունդ սև թեյի, անանուխի, ցիտրուսների, շատ տաք, ալկոհոլային կամ գազավորված ըմպելիքների կիրառումից:

Վտանգավո՞ր է արդյոք այրոցը

Այրոցը` ռեֆլյուքս էզոֆագիտի (կերակրափողի բորբոքում), նշան է, որի չբուժման դեպքում կարող են առաջանալ այնպիսի բարդություններ, ինչպիսիք են օրինակ, կերակրափողի խոցերը, ուռուցքը, արյունահոսությունը, դիսֆագիան (կլման ակտի խանգարում) և այլն:

Ե՞րբ դիմել բժշկի

  • Երբ այրոցը փոխարինվում կամ ուղեկցվում է ցավով:
  • Երբ զուգահեռ դիտվումէ քաշի անկում, ախորժակի բացակայություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում:
  • Եթե այրոցը, էպիգաստրալ հատվածում ցավը կամ դիսկոմֆորտը ճառագայթվում են դեպի ձախ ուս, սրտի շրջան, ուղեկցվում է հևոցով, շնչահեղձությամբ նույնպես անհրաժեշտ է դիմել բշժկի, որպեսզի տարբերակվի արդյոք դա սրտային խնդիր չէ:
  • Երբ այրոց եք ունենում շաբաթական 2-3 անգամից ավել

Ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել այրոցի առկայության դեպքում

  • փոխել կենսակերպը և սննդային սովորույթները,
  • ազատվել ավելորդ քաշից,
  • հնարավորինս պակասացնել կամ հրաժարվել ծխելուց և ալկոհոլի չարաշահումից,
  • չհագնել որովայնը սեղմող հագուստներ,
  • քնել գլխատակը քիչ բարձր մահճակալին, սննդակարգից հնարավորինս բացառել կծու, յուղոտ ուտեստները, շոկոլադը, սուրճը, նարինջի և լոլիկի հյութերը, գազավորված ըմպելիքները, սոխը, տոմատը, շատ տաք սնունդը, համեմունքները (սև, կարմիր պղպեղ, սունելի և այլն),
  • ուտել փոքր չափաբաժիններով և ավելի հաճախակի` օրական 4-5 անգամ,
  • քնելուց առնվազն 2-3 ժամ առաջ չուտել,
  • ուտելուց անմիջապես հետո չպառկել, չկռանալ, ցանկալի է 10-15 րոպե քայլել,
  • չուտել ցածր սեղանի շուրջ կամ պառկած դիրքում:

Այրոցի առկայության դեպքում, բացի վերը նշվածից, անհրաժեշտ է նաև դեղորայքային բուժում:


Նյութը՝ Gastro.am
27 Հուլիսի, 2015