Նոր շունչ արյունաբանության զարգացման ոլորտում. ոսկրածուծի փոխպատվաստումը հասանելի կդառնա Հայաստանում

ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում այս տարի ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կսկսի գործել Հայաստանում առաջին ոսկրածուծի փոխպատվաստման ծառայությունը և ցողունային բջիջների լաբորատորիան: ՀՀ ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանի հավաստմամբ` Արյունաբանական կենտրոնը Հայաստանում ոլորտի միակ առաջատար բժշկական հաստատությունն է, որը զբաղվում է արյան հիվանդությունների աշխտորոշմամբ և բուժմամբ՝ ամեն տարի բարձրորակ բժշկական օգնություն ցուցաբերելով հարյուրավոր քաղաքացիներին: Այն նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ուսումնական բազաներից մեկն է, որտեղ ապագա բժիշկները ձեռք են բերում մասնագիտական գիտելիքներ և ունակություններ` հետագա գորոծունեության ընթացքում կիրառելու նպատակով: 
 
«Ոսկրածուծի փոխպատվաստման նոր ծառայության ստեղծումն իրականացվել է ՀՀ ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից` միջազգային խորհրդատուների և կազմակերպությունների օժանդակությամբ»,- մանրամասնում է պարոն Զուլոյանը` հավելելով, որ հաշված օրեր անց, բոլորովին նոր շունչ կհաղորդվի Արյունաբանական կենտրոնին: 
 
Այդ նպատակով արդի միջազգային չափորոշիչներին համապատասխան վերակառուցվել են կենտրոնի յոթհարկանի մասնաշենքի 7-րդ և նորակառույց մասնաշենքի 3-րդ հարկերը՝ հագեցված անհրաժեշտ գերժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնց մի մասը եզակի է հանրապետությունում:
 
Այսպիսով, մատուցվող ծառայությունների որակը և հիվանդությունների ախտորոշման ճշգրտությունը բարելավելու, ինչպես նաև արյան բանկի ծառայության գործունեությունն առավել անվտանգ դարձնելու նպատակով Արյունաբանական կենտրոնը հագեցվել է մի շարք, այդ թվում մեր երկրում եզակի սարքավորումներով: Մասնավորապես՝ մատակարարվել է արյան բաղադրամասերի ճառագայթման սարքավորում, համակարգչային շերտագիր, ստացիոնար և շարժական ռենտգեն սարքեր, ինչպես նաև երկու ստացիոնար և մեկ շարժական ուլտրաձայնային սարքավորումներ` գունավոր դոպլերով:
 
Կենտրոնի լաբորատոր-ախտորոշիչ ծառայություններն առավել ամբողջական, մրցունակ և արդի դարձնելու նպատակով վերազինվել է կենտրոնի առանցքային օղակներից մեկը հանդիսացող լաբորատորիան: Ակնկալվում է, որ Արյունաբանական կենտրոնի լաբորատորիայի վերազինման արդյունքում շոշափելիորեն կավելանա կենտրոնում իրականացվող հետազոտությունների, ինչպես թվաքանակը, այնպես էլ տեսականին և ծավալը:
 
Ներդրված լաբորատոր սարքավորումներից առանձնակի ուշադրության են արժանի նոր սերնդի ավտոմատ հեմատոլոգիական վերլուծիչը, որն էապես նվազեցնում է մարդկային գործոնը հետազոտության ժամանակ՝ ապահովելով գեր-ճշգրիտ պատասխաններ, խնայելով ժամանակ և ռեսուրսներ, ավտոմատ բիոքիմիական վերլուծիչը, որի օգնությամբ հնարավոր է բարձր ճշտությամբ հայտնաբերել տարբեր օրգան-համակարգերի հիվանդություններ և շեղումներ: Սարքի առանձնահատկությունն այն է, որ վերջինս թույլ է տալիս իրականացնել նաև հիվանդին բուժման նպատակով ներարկված դեղորայքի մշտադիտարկում: Ներդրվել  են նաև ավտոմատ կոագուլոմետր, որը կիրառվում է ոչ միայն արյան մակարդելիության հիվանդություններն ախտորոշելու, այլև նոր սերնդի պերորալ հակակոագուլյանտների մշտադիտարկման համար` սիրտ-անոթային հիվանդություններով տառապող անձանց շրջանում. արյան խմբի և ռեզուս գործոնի ավտոմատ վերլուծիչը լայն կիրառում ունի տրասֆուզիոլոգիայում` արյան համատեղելիությունը որոշելիս, ինչպես նաև մանկաբարձության մեջ` մոր և նորածինների արյան անհամատեղելիությունը որոշելու, ինչպես նաև հղիներին և ծննդկաններին պատշաճ հսկողություն իրականացնելու համար:
 
Կենտրոնի ծառայություններն առավել ամբողջական և արդի դարձնելու նպատակով ներդրվել են մի շարք ժամանակակից մոտեցումներ և ստեղծվել են նոր ծառայություններ:
 
Մասնավորապես` ցերեկային ստացիոնարը, որը հնարավորություն է ընձեռում քիմիաթերապևտիկ բուժում ստանալ առանց հոսպիտալացման` չկտրվելով բնականոն առօրյայից, աշխատանքից, ընտանեկան միջավայրից, ժամանակակից ինտենսիվ բուժման ծառայություն` հագեցած արդի սարքավորումներով, այդ թվում թոքերի արհեստական օդափոխության սարքերով, որոնք ունեն աշխատանքային երեք ռեժիմներ` մեծահասակների, երեխաների և նորածինների, դեֆիբրիլյատորներով` սինխրոնիզացիայի և ավտոմատ դեֆիբրիլյացիա իրականացնելու հնարավորությամբ, մեկ տասնյակից ավելի հիվանդի մոնիտորներով, որոնց միջոցով հնարավոր է մշտադիտարկել կենսական նշանակության մի շարք ցուցանիշներ` ճնշում, սրտի զարկեր, սրտի ռիթմ, հյուսվածքների՝ թթվածնով հագեցվածություն, որոնց կրիտիկական շեղումներն արձանագրելու դեպքում սարքը տալիս է ձայնային ազդանշան: Ներդրվել են նաև յոթ տասնյակից ավելի դեղորայքի ավտոմատ ներարկման համակարգեր` հիվանդներին տրվող դեղորայքն առավել ճշգրիտ դոզավորելու նպատակով: Էնդոսկոպիկ վիրաբուժական ծառայությունը հագեցվել է գերժամանակակից էնդոսկոպիկ վիրահատությունների համար նախատեսված համալիրով, անզգայացման սարքավորումներով, բազմաֆունկցիոնալ վիրահատական սեղաններով, ԼԵԴ տիպի վիրահատական լույսերով և այլ:
 
Այս ամենը հնարավորություն է ընձեռում կենտրոնին որակյալ և մրցունակ վիրաբուժական ծառայություններ մատուցել արյունաբանական հիվանդություններով տառապող անձանց:
 
Վերազինվել է նաև ախտահանման ծառայությունը: Կենտրոնին տրամադրվել են նոր ստացիոնար և շարժական ավտոկլավներ, մանրէազերծիչներ՝ օզոնային մանրէազերծիչ, ինչպես նաև օդի ուլտրամանուշակագույն մանրէազերծիչներ:
 
Առանձնահատուկ կարևրություն է տրվել տեղադրված նոր սարքավորումների ճշգրիտ շահագործման վերաբերյալ մասնագիտական դասընթացներին` մատակարար կազմակերպությունների, հաճախ արտերկրից ժամանած մաս-նագետների կողմից: Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս. սա է Արյունաբանական կենտրոնի արդիականացման միջազգային համագործակցության ոչ ամբողջական աշխարհագրությունը: Ընդ որում, դասընթացներն իրականացնող բոլոր արտերկրյա խորհրդատուները բարձր են գնահատել տեղի մասնագետների գիտագործնական պատրաստվածությունը և համոզմունք հայտնել, որ նոր ծառայությունները մատուցվելու են որակի ամենաբարձր պահանջներին համապատասխան:
 
Իսկ Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման ծառայություն ստեղծելու ծրագիրն ամբողջական ու ավարտուն դարձնելու նպատակով` կազմակերպվել են Արյունաբանական կենտրոնի բժիշկ-մասնագետների մեկամսյա վերապատրաստման դասընթացներ` Գերմանիայի Դաշնության Համբուրգ քաղաքի Համբուրգ-Էպենդորֆ համալսարանական կլինիկայում՝ աշխարհահռչակ գիտնական պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերի ղեկավարության ներքո:
 
Հաշվի առնելով ծրագրի բացառիկ նշանակությունը հատկապես երեխաների շրջանում արյան քաղցկեղների բուժման գործում, այն իրականացվում է Հայաստանի «Նվիրի՛ր կյանք» բարեգործական հիմնադրամի և անձամբ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
 
Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի և ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծումը Հայաստանում աննախադեպ առաջաընթաց է:
 
Այս տարին առանձնանում է արյունաբանական  կենտրոնի  պատմության  մեջ  որպես  լայնամասշտաբ փոփոխությունների և ձեռքբերումների տարի:  Խոսքը վերաբերում է արյունաբանության ոլորտում առկա մեծ փոփոխություններին՝ մասնավորապես ցողունային բջիջների լաբորատորիայի և ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ստեղծմանը:
 
ՀՀ կառավարության և ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագիտական և հետևողական աշխատանքի շնորհիվ  հնարավոր դարձավ ստեղծել տարածաշրջանում նախատիպը չունեցող ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք և ցողունային բջիջների լաբորատորիա, որը հնարավորություն կընձեռի  մեր երկրում ամեն տարի կատարել մոտ 50-60 փոխպատվաստում։ Բազմաթիվ հիվանդներ, որոնք տառապում են սուր լեյկոզով, թալասեմիայով, միելոմային հիվադությամբ, լիմֆոմայով և արյան համակարգի այլ հիվանդություններով այսուհետ Հայաստանում կունենան ոսկրածուծի փոխպատվաստման հնարավորություն:
 
Արյունաբանական կենտրոնի տնօրեն, ՀՀ գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը նշում է, որ մասնագիտական վերապատրաստումների ժամանակ, երբ առիթ է ունեցել ներկա գտնվելու ամերիկյան և եվրոպական փոխպատվաստման ժամանակակից, նորագույն սարքավորումներով հագեցած բաժանմունքներում, մեծ ցանկություն է ունեցել Հայաստանի արյունաբանական կենտրոնում ևս ստեղծել նմանատիպ բաժանմունք և  կիրառել  լեյկեմիայով հիվանդների կյանքը փրկող  մեթոդներ:
 
«Ոգեշնչված այդ գաղափարով` հարցը քննարկեցինք մասնագետների հետ, ստեղծեցինք  մի ծրագիր և այն ներկայացրինք ՀՀ առողջապահության նախարարություն: Դա ոսկրածուծի փոխպատվաստման  բաժանմունք ստեղծելու ծրագիրն էր, որը հնարավորություն կընձեռեր իրականացնելու հեմատոպոետիկ ցողունային բջիջների փոխպատվաստում և հույսի փարոս կլիներ այն հիվանդների համար, որոնց համար մյուս մեթոդներն անարդյունավետ են»,- ասում է պրոֆեսորը` հավելելով, որ միևնույն ժամանակ քաջ գիտակցում էին Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ստեղծման դժվարությունը, որը, մասնագիտական ունակություններից և  ներուժից բացի, ֆինանսական մեծ ներդրում էր պահանջում: Այդ ժամանակ, առավել քան երբևէ զգացվում էր աջակիցների և բարերարների կարիքը: 
 
Քննարկումները «Նվիրի՛ր կյանք» բարեգործական հիմնադրամի  հոգաբարձուների հետ նոր ուժ և եռանդ հաղորդեցին նախաձեռնությանը։ 
 
«Արդեն չէինք էլ կասկածում, որ արյունաբանական կենտրոնում շուտով գործելու է ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք և Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստումն այլևս երազանք չի լինելու»,- ընդգծում է պրոֆեսորը: 
 
Նրա տեղեկացմամբ` նախատեսվում են փոփոխություններ նաև մենեջմենթի ուղղությամբ, քանի որ քաջ գիտակցում են, որ միայն լավ վերանորոգված կենտրոնը, վերազինված և նորագույն սարքավորումներով համալրված լաբորատորիաները չէ, որ ապահովելու են բարձրորակ առողջապահական ծառայություններ: Նոր կենտրոնում հիվանդների հոսքը կառավարելը, համաճարակաբանական ռեժիմը ճիշտ կազմակերպելը, հիվանդ-բժիշկ փոխհարաբերությունները համակարգելը, հիվանդների սոցալ-հոգեբանական ասպեկտները կարգավորելը նույնպես մեծ ուշադրության արժանի խնդրիներ են, որոնք ճիշտ կառավարելու համար ստեղծվել է մենեջմենթի թիմ:
 
Կենտրոնի բաժանմունքներում աշխատանքի բարձր որակ ապահովելու համար ոսկրածուծի փոխպատվաստմանն առնչվող օղակներում ներգրավված մի շարք մասնագետներ վերապատրաստվել են եվրոպական և ամերիկյան առաջատար կլինիկաներում: Ընդհանուր առմամբ` վերապատրաստումներին մեծապես աջակցել է ամերիկյան MD Anderson կենտրոնը, Պրահայի արյունաբանության և փոխներարկաբանության ինստիտուտը (UHKT) և Մոտոլ համալսարանական կլինիկան, Գերմանիայի Համբուրգ-Էպենդորֆ կլինիկան, Իտալիայի դե Պիեմոնտե Օրիենտալե Ամադեո Ավոգադրո համալսարանը, Իռլանդիայի «Սեյնթ Ջեմս» կլինիկան և ռուսաստանյան մի շարք կենտրոններ, մասնավորապես Սանկտ-Պետերբուրգի՝ ակադեմիկոս Ի.Պ.Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանը, Մոսկվայի Դ.Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունաբանության գիտակլինիկական կենտրոնը: Կենտրոնի հետ համագործակցող արտասահմանյան հիվանդանոցների քանակը տարեցտարի ավելանում է և մասնագետների վերապատրաստումը շարունակական բնույթ է կրում: Ղեկավարությունը հույս ունի, որ  վերապատրաստված մասնագետների թիվն ապագայում կավելանա:
 
Ավելի քան 80-ամյա պատմություն ունեցող Արյունաբանական կենտրոնում այսօր բուժվում է արյան համակարգի հիվանդություններով տառապող շուրջ 5900 հիվանդ, որոնցից  1047-ը` երեխաներ: Մեր բժիշկների անձնվեր աշխատանքի շնորհիվ շատ երեխաներ են ապաքինվել։ Ավաղ, լինում են դեպքեր, երբ բուժումն ակնկալվող արդյունք չի տալիս, և այդ երեխաներն իրենց ծնողների հետ մեկնում են արտերկիր` նորագույն, ավելի արդյունավետ բուժման ակնկալիքով:
 
Ուրախությամբ կարելի է նշել նաև, որ «Նվիրի՛ր կյանք» բարեգործական հիմնադրամի ջանքերով և առողջապահության նախարարության անմիջական աջակցությամբ փոքրիկ Արփինեին ոսկրածուծի փոխպատվաստում են իրականացրել Ռոգաչովի անվան  կենտրոնում, և շուտով նա ապաքինված վերադառնալու է Հայաստան։ 
 
«Լիահույս ենք` ոսկրածուծի փոխպատվաստման և ցողունային բջիջների բաժանմունքի բացումով անկատար չեն մնա շատ հիվանդ փոքրիկների չիրականացած երազանքները»,- եզրափակում է կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը: 
 
Հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր, N2,2016