Հեպատիտ C վիրուսի փոխանցման եղանակները. ի՞նչ անել, երբ ընտանիքում կա վարակակիր/հիվանդ

Ո՞վ է հաճախ հիվանդանում հեպատիտ C-ով

Հեպատիտ C-ով հիմնականում հիվանդանում են երիտասարդները: Սակայն հիվանդության «տարիքն» աստիճանաբար աճում է:

Աշխարհում 170 մլն. մարդ վարակված է քրոնիկ հեպատիտ C-ով: Ամեն օր վարակվում է 3-4 մլն մարդ: Այն տարածված է ողջ աշխարհում:

Որտե՞ղ է հնարավոր վարակվել հեպատիտ C-ով

Հեպատիտով վարակվել հնարավոր է դաջվածքներ և փիրսինգներ անելիս՝ համապատասխան սրահներում: Թեև, վիճակագրության համաձայն՝ վարակն առավել հաճախ տարածվում է ներարկային թմրամիջոցների խմբակային օգտագործման ժամանակ: Մեծ է վտանգը նաև քրեակատարողական հիմնարկներում:

Բուժաշխատողների՝ հեպատիտ C-ով վարակման վտանգը մեծ է աշխատանքի ժամանակ՝ հիվանդանոցներում վարակված արյան դեպքում` տրավմաների հետ գործ ունենալիս:

Բժշկական հաստատություններում հեպատիտ C-ով վարակման վտանգը մեծ է հիմնականում զարգացող երկրներում: Սանիտարական նորմերի կոպիտ խախտումների դեպքում հիվանդանոցային ցանկացած կաբինետ, որտեղ իրականացվում են բժշկական գործողություններ, կարող է դառնալ վարակի օջախ:

Հաճախ հեպատիտ C-ով վարակման հստակ աղբյուրն այդպես էլ հնարավոր չի լինում պարզել:

Ինչպե՞ս է փոխանցվում վարակը

Վարակումը մեծամասամբ տեղի է ունենում հեմատոգեն, պարենտերալ (արյան միջոցով): Առավել հաճախ վիրուսով վարակումը կատարվում է ընդհանուր օգտագործման ասեղի պատճառով:

Վարակումը հնարավոր է  նաև ածելիների, մանիկյուրի պարագաների, նույնիսկ, ատամի խոզանակների ընդհանուր օգտագործման պարագայում:

Զարգացած երկրներում հեպատիտ C-ով վարակումը քիչ հավանական է ստոմատոլոգիական կենտրոններում, ինչը չի կարելի ասել հետամնաց կամ զարգացող երկրների մասին:

Վարակումը սեռական ճանապարհով

Հեպատիտ C-ի սեռական ճանապարհով վարակումը քիչ հավանական է: Անպաշտպան սեռական հարաբերության պարագայում, վարակման հավանականությունը 3-5% է: Վտանգը նվազագույն է մոնոգամ ամուսնական կապի դեպքում: Օրալ սեքսի գործոնը՝ որպես հեպատիտ C-ով վարակման պատճառ, դեռևս անհայտ է:

Հեպատիտ C-ով հիվանդ կամ վիրուսակիր մարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցած անձանց խորհուրդ է տրվում մշտապես կիրառել պահպանակներ: Թեև, մարդու արտաքին տեսքից անհնար է եզրակացնել՝ արդյո՞ք նա հիվանդ է հեպատիտով, թե՝ ոչ:

Հեպատիտ C-ի փոխանցումը մորից երեխային

Վարակակիր մորից երեխային վիրուսի փոխանցումը հազվադեպ կարելի է համարել՝ ոչ ավելի, քան 5% դեպքերում: Վարակումն առավել հավանական է ծննդաբերության ընթացքում:

Մեծամասամբ, երեխաները ծնվում են առողջ:

Հեպատիտ C-ով հիվանդ մոր՝ կրծքով կերակրման դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, եթե մայրը նկատում է կրծքագեղձի մաշկի ամբողջականության խախտում, վնասում, արյունահոսություն:

Տեղի՞ է ունենում արդյոք հեպատիտ C-ի վարակի փոխանցում սովորական շփման ժամանակ

Հեպատիտ C-ն չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով (խոսքի ընթացքում, փռշտալիս, թքի միջոցով), ձեռքսեղմման, գրկախառնության ժամանակ, ընդհանուր սպասքից օգտվելիս, սննդի կամ ընպելիքների միջոցով:

Հեպատիտ C-ով հիվանդ կամ վարակակիր անձինք չպետք է մեկուսացված լինեն հասարակությունից, ընտանիքից, նրանց համար պետք չէ ստեղծել հատուկ պայմաններ աշխատավայրում, ուսման վայրում և այլուր:

Ինչպե՞ս հասկանալ, կա՞ արդյոք ինձ մոտ հեպատիտ C-ով վարակված լինելու վտանգ

Գոյություն ունեն մարդկանց խմբեր՝ վարակման ավելի բարձր ռիսկայինությամբ:

Բարձր ռիսկային

  • Ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդիկ
  • Մարդիկ, ում կատարել են արյան մակարդման գործոնների փոխպատվաստում մինչև 1987 թվականը

Միջին ռիսկային

  • Հեմոդիալիզի ենթարկված պացիենտներ («արհեստական երիկամի» ապարատ)
  • Մարդիկ, ում կատարել են օրգանների կամ արյան փոխպատվաստում մինչև 1992 թվականը
  • Լյարդի չախտորոշված հիվանդություններ ունեցող մարդիկ
  • Վարակակիր մայրերի նորածին երեխաներ

Թույլ ռիսկային

  • Բուժաշխատողներ և սանիտարա-համաճարակային ծառայության աշխատակիցներ
  • Սեռական շատ զուգընկերներ ունեցած անձինք
  • Վարակակիր սեռական զուգընկեր ունեցող անձինք

Ի՞նչ անել, եթե ընտանիքում կա հեպատիտ C վարակակիր/հիվանդ

Հեպատիտ C հիվանդ կամ վարակակիր անձը պետք է պահպանի որոշակի կանոններ՝ ընտանիքի անդամներին վիրուսի փոխանցումը կանխելու համար, այդ թվում՝

  • չհանդիսանալ արյան կամ օրգանների դոնոր,
  • մի քանի հոգով չօգտագործել խնամքի այնպիսի պարագաներ, որոնք կարող են վարակի փոխանցման պատճառ դառնալ՝ ածելիներ, էպիլյատոր, ատամի խոզանակ և ատամնաթել, մանիկյուրի պարագաներ,
  • վերքերի կամ վնասվածքների դեպքում փաթաթել, ծածկել դրանք բինտով կամ  բժշկական կպչուն ժապավենով, որպեսզի արյան հոսք չլինի դեպի դուրս (եթե անհրաժեշտ է վարակակրին բժշկական օգնություն ցուցաբերել, վիրակապ դնել՝ անել դա միայն բժշկական ձեռնոցներով):

Սահմանված է, որ հեպատիտ C-ի վիրուսը արտաքին միջավայրում (օրինակ՝ չորացած արյան կաթիլների մեջ) կենսունակ է մինչև 4 օր: Այդ պատճառով, բոլոր այն վայրերը, որտեղ հնարավոր է ընկած լինեն վարակակրի արյան կաթիլներ, պետք է մշակել հատուկ դեզինֆեկցիայի համար նախատեսված լուծույթով, օրինակ՝ քլոր պարունակող լվացող միջոցներով:


Սկզբնաղբյուր՝ Doctors.am