Հուլիսի 28-ը հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) առաջարկով` 2011 թվականից հուլիսի 28-ը նշվում է, որպես Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր: 2017 թվականին օրվա կարգախոսն է՝ «Ոչնչացնել հեպատիտը»:
Համաձայն ԱՀԿ տվյալների տարեկան հայտնաբերվում է վիրուսային հեպատիտի 3-4 մլն նոր դեպք, որից 1.4 մլն. մարդ մահանում է դրանից կամ դրա հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և քաղցկեղից: Շուրջ 250 մլն վարակված են քրոնիկ հեպատիտ Բ-ով, 180 մլն՝ հեպատիտ Ց-ով:

«Վիրուսային հեպատիտները մեծ բեռ են համաշխարհային առողջապահության և տնտեսության վրա։ Հայաստանը Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվան մոտեցել է բավական լավ ցուցանիշներով։ Հայ և վրացի ժողովուրդների բարեկամության շնորհիվ մենք առաջին անգամ իրականացնում ենք հեպատիտ Ց-ով հիվանդների բուժման աննախադեպ ծրագիր»,- Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

Ծրագիրը հնարավորություն է հակավիրուսային բուժումը հեպատիտ Ց-ով վարակված տարբեր խավի հիվանդների համար մատչելի և հասանելի դարձնելու` կանխարգելելով հետագա բարդությունների զարգացումը այդ հիվանդներից մեծ մասի մոտ, լյարդի ցիրոզով հիվանդների մոտ ապահովելով վիրուսի բացակայությունը՝ դրանով իսկ լավացնելով կյանքի որակը և նվազեցնելով մահացության հավանականությունը։

Վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը 2015 թվականից գործադրել է ՀՀ-ում վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի վերահսկման և կանխարգելման նպատակային ծրագիր, որի արդյունքում 2016 թվականին 2008-ի համեմատ նկատվում է սուր վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազում` 3 անգամ 2008թ.՝ 111, 2016թ.` 37 դեպք):

28 հուլիսի, 2017
Doctors.am