Աղեստամոքսային համակարգի ախտահարումները ՄԻԱՎի ժամանակ

Մարդու իմունոանբավարարության վարակը (Infectio HIV) մարդու դանդաղ ընթացող հարաճող ինֆեկցիոն հիվանդություն է, հարուցվում է ռետրովիրուսներով, ախտահարում է կենտրոնական նյարդային և իմունային համակարգը, իմունոդեֆիցիտի զարգացումով, ինչը բերում է հիվանդի մահվան օպորտունիստական վարակներից և ուռուցքներից:
Պատճառագիտություն
ՄԻԱՎ վարակի ժամանակ աղեստամոքսային համակարգի ախտահարումները կարող են պայմանավորված լինել ՄԻԱՎ – ի անմիջական ազդեցությամբ աղիների ավշային համակարգի վրա, զարգացող իմունոանբավարարության պայմաններում աղիքային ախտածին, պայմանական ախտածին և ոչ ախտածին հարուցիչներով վարակմամբ կամ գոյություն ունեցող թաքնված վարակի (վարակակրության) ակտիվացմամբ, ինչպես նաև ոչ վարակային երկրորդային դիստրոֆիկ փոփոխություններով: Քրոնիկական լուծը համարվում է ՄԻԱՎ վարակի ՁԻԱՀ փուլի կլինիկական երևույթներից մեկը, իսկ եթե այն տևում է մեկ ամսից ավելի և չունի այլ բացատրություն, ապա համարվում է ՁԻԱՀ ինդիկատորային հիվանդություն:
ՄԻԱՎ վարակի դեպքում աղեստամոքսային համակարգի վարակային ախտահարումների հարուցիչ կարող են հանդիսանալ հետևյալ հարուցիչները.
  • բակտերիաներ` Salmonella, Shigella, Campylobacter ցեզերի ներկայացուցիչները, Mycobacterium tuberculosis, Mycobacterium avium intracellulare
  • նախակենդանիներ` Cryptosporidium parvum, Isospora bella, Microsporidia ընտանիքի որոշ ցեղերի մի քանի տեսակ, Entamoeba hystolytica, Giardia lamblia, Ciclospora cayetanensis, Blastocystis hominis
  • վիրուսներ` Cytomegalovirus
  • սնկեր` Candida, Histoplasma
Կլինիկա
CD4 լիմֆոցիտների քանակը 200/մմ3 - ից ցածր իջնելու դեպքում գրանցվում է ՁԻԱՀ, որի դեպքում աղեստամոքսային համակարգի ախտահարումներ կարող են առաջացնել նաև կրիպտոսպորիդիաները, իզոսպորաները, միկրոսպորիդիաները, ցիկլոսպորաները, բլաստոցիստերը: Այս նախակենդանիները նորմալ իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ կլինիկորեն արտահայտված վարակ են հարուցում չափազանց հազվադեպ, ընդ որում այն ունենում է ինքնաբուժվող և կարճատև ընթացք: ՄԻԱՎ վարակի ՁԻԱՀ փուլում այս հարուցիչները պատճառ են դառնում քրոնիկական լուծի, որն ունի չափազանց համառ ընթացք և բերում է հիվանդի սնուցման խանգարման, հյուծման, ջրա – աղային հաշվեկշռի խախտման: Կանդիդոզն այս փուլում արտահայտվում է էզոֆագիտով, հնարավոր է նաև քրոնիկական էնտերոկոլիտով, հիստոպլազմոզով, որին բնորոշ է թոքերի և ավշահանգույցների ախտահարումը:
Ցիտոմեգալովիրուսը կարող է ախտահարել աղեստամոքսային համակարգի ցանկացած հատված` բերանից մինչև ուղիղ աղիք: Առավել հաճախ դիտվում է կոլիտ և էզոֆագիտ, որոնք ունեն շատ ծանր ընթացք, դժվար են ենթարկվում բուժման և բնորոշվում են խոցային ախտահարումով, հնարավոր արյունահոսությամբ և թափածակումով: Ատիպիկ միկոբակտերիաներն առաջացնում են քրոնիկական լուծ, որը հետևանք է բարակ և հաստ աղիների պատի սերմնացրված ախտահարման:
 
Ախտորոշում
Աղիքային վարակները նախա – ՁԻԱՀ և ՁԻԱՀ փուլերում, չնայած համապատասխան բուժմանը, ընթանում են ծանր, ախտադարձերով և վարակի գեներալիզացիայով, որն իմունային համակարգի ընկճման այլ պատճառների բացակայության դեպքում ցուցում է հիվանդին ՄԻԱՎ վարակի նկատմամբ հետազոտելու և հակառետրովիրուսային բուժման անցնելու համար:
 
 
Աղբյուրը՝ Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան