Իմունիզացիայի եվրոպական շաբաթ. ապրիլի 24-30

Իմունականխարգելումը առողջապահության ոլորտում ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկն է:
 
2004 թվականից ամեն տարի ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում ողջ եվրոպական տարածաշրջանում իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական  շաբաթ» միջոցառումը:
 
Այս տարի այն մեկնարկելու է ապրիլի 24-ին և կշարունակվի մինչև ապրիլի 30-ը, որի նպատակն է իմունականխարգելման գործընթացի բարելավումը տարածաշրջանում՝ բարձրացնելով իմունականխարգելման կարևորության վերաբերյալ հանրության իրազեկվածությունը՝ հանուն մարդկության առողջության և բարեկեցության: Յուրաքանչյուր տարի ապրիլին  ամբողջ աշխարհի  և եվրոպական տարածաշրջանի շահագրգիռ  կառույցները  համախմբում են իրենց ուժերը, որպեսզի հատուկ ուշադրություն դարձնեն պատվաստումների կարևորությանը, վարակիչ հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ մեթոդներին:
 
Իմունականխարգելման ծրագրի հաջողությունների շնորհիվ` Եվրոպական տարածաշրջանի ԱՀԿ անդամ 53 երկիր մոտ են կարմրուկ-կարմրախտի և պոլիոմիելիտի արմատական վերացման տարածաշրջանային նպատակներին: Սակայն կառավարելի վարակիչ հիվանդությունների բռնկումների վտանգը միշտ էլ առկա է:
 
Ակնհայտ է, որ իմունականխարգելումն առողջապահության ոլորտում ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկն է, երբ փոքր ներդրումներով մեծ արդյունքներ են ապահովվում։
 
Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ՝ մինչև դրանց վերացումը։ Արդյունքում աշխարհում, ընդհանուր առմամբ, կտրուկ նվազել է ինչպես կառավարելի հիվանդությունների մակարդակը, այնպես էլ այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը: Այսօր արդեն փաստ է բնական ծաղկի վերացումը, իսկ պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի, դիֆթերիայի, վիրուսային հեպատիտ Բ-ի վերացումը՝ հնարավոր է և հասանելի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` պատվաստումների շնորհիվ աշխարհում տարեկան 2-3 մլն կյանք է փրկվում:
 
Նոր պատվաստանյութերի ներդրման շնորհիվ, ներկայումս կարելի է դեռահասներին և մեծահասակներին պաշտպանել այնպիսի մահացու հիվանդություններից, ինչպիսիք են գրիպը, մենինգիտը և արգանդի վզիկի քաղցկեղը:  
 
Սակայն այս նվաճումները բերեցին նրան, որ մարդիկ այլևս չեն տեսնում այդ վարակիչ հիվանդությունները և ավելորդ են համարում պատվաստումների շարունակումը: Նման կարծիքը խիստ վտանգավոր է, քանի որ այդ պարագայում կարող են առաջանալ դեռևս մահացու համարվող վարակիչ այդ հիվանդությունների բռնկումներ։  2013 թվականին աշխարհում մոտ 21.8 միլիոն երեխա չի ստացել տարիքի համար անհրաժեշտ բոլոր պատվաստումները, այսինքն յուրաքանչյուր հինգերորդ երեխան ընդգրկված չէ պատվաստումներում:
 
Յուրաքանչյուր ոք պատվաստման շուրջ երկմտելուց առաջ պետք է գիտակցի, որ հիվանդության առաջացման ռիսկը շատ ավելի բարձր է, քան հետպատվաստումային բարդությունների զարգացման ռիսկը: Այսպես` ըստ վիճակագրության, եթե 1000 կարմրուկով հիվանդից մեկի մոտ է զարգանում էնցեֆալիտ, ապա կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ համակցված պատվաստում ստացած մեկ միլիոնից հետպատվաստումային էնցեֆալիտ կարող է զարգանալ մեկի մոտ: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի կատարվում է մոտ 80000 դեղաչափ կարմրուկ-կարմրախտ-խոզուկ համակցված պատվաստում, և ոչ մի հետպատվաստումային էնցեֆալիտ չի արձանագրվել: Վերջին գիտական, կլինիկական  հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կարմրուկով հիվանդանալուց հետո անձի մոտ գրեթե 36 ամիս կարող է առաջանալ «իմունային ամնեզիա»: Այսինքն` տվյալ անձը այդ ժամանակահատվածում  լիովին անպաշտպան է և կարող է հիվանդանալ ցանկացած հիվանդությամբ:
 
Պատվաստումների շնորհիվ Հայաստանում չեն արձանագրվում պատվաստումներով կանխարգելվող մի շարք հիվանդություններ՝ դիֆթերիա, պոլիոմիելիտ, փայտացում, նորածնային փայտացում: Խոշոր նվաճումներից են կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքերի բացակայությունը և Հայաստանի տարածքը «պոլիոմիելիտից ազատ» կարգավիճակի պահպանումը:
 
Հայաստանի Հանրապետությունում նոր պատվաստանյութերի սահուն ներդրման և հաջող իրականացման արդյունքում զգալի հաջողություններ են գրանցվել ռոտավիրուսային վարակների և մանրէային մենինգիտների (ուղեղի թաղանթի բորբոքում) կանխարգելման և վերահսկման գործընթացներում:
 
Հիշեցնենք, որ Հայաստանում  կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումներն իրականացվում են ծննդատներում և ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում՝ տարիքային որոշակի խմբերի շրջանում: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում յուրաքանչյուր երեխայի  հաշվառումից հետո ծնողին տրվում է պատվաստման  քարտ, որտեղ մանրամասնորեն ներկայացված են պատվաստանյութերի անվանումները, պատվաստումների կատարման  ժամկետները և պլանավորումը:
 
Թե´պետության և թե´ միջազգային կազմակերպությունների կողմից ձեռք բերված բոլոր պատվաստանյութերն ունեն ԱՀԿ-ի կողմից   նախաորակավորում, այսինքն` որակի սահմանված չափորոշիչներին համապատասխան արտոնագրեր:
 
Այսօր Հայաստանում կան բոլոր պայմանները ներկրվող որակյալ պատվաստանյութերը պատշաճ պահպանելու և տեղափոխելու համար: Հանրապետության տարածքում պատվաստանյութերի տեղափոխումն իրականացվում է սառնարան-մեքենայով, իսկ պատվաստում կատարող բոլոր ծննդատներն ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող  կազմակերպություններն ապահովված են պատվաստանյութերի պահպանման հատուկ սառնարաններով և սառնարան-պայուսակներով` պահպանելով անհրաժեշտ  +2- +8°  ջերմաստիճանը:
 
Մի´ մոռացեք, ժամանակին այցելել  ձեր սպասարկման  պոլիկլինիկա կամ ամբուլատորիա: Ժամանակին արված պատվաստումը կկանխի երեխային վարակիչ հիվանդություններով  հիվանդանալուց` առաջացնելով կայուն պաշտպանություն:
 
Հիշե´ք,` պատվաստումը վարակիչ հիվանդություններից ապահով պաշտպանության միակ միջոցն է: