Հոդերի սոնոգրաֆիան՝ որպես ժամանակակից և ինֆորմատիվ հետազոտություն

Doctors.am-ի հյուրասրահում է ճառագայթաբան, հոդերի ՈւՁՀ մասնագետ  բ.գ.թ. Գայանե Աշոտի Այվազյանը:

Բժշկուհի, ի՞նչ պատմություն ունի հոդերի սոնոգրաֆիան: Հետազոտության այս տեսակը մեծ տարածում ունի՞ մեր երկրում:

Հետազոտության այս տեսակը մեծ տարածում ունի՞ մեր երկրում: Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը համեմատաբար նոր ուղղություն է, բժշկության մեջ այն ակտիվորեն կիրառվում է 80-ական թվականներից` հենց այն տարիներին, երբ հայտ եկան գծային տվիչները: Մինչև վերջին տարիները հոդերի հիվանդությունների ախտորոշումը մեծամասամբ կատարվում էր ռենտգենի միջոցով, այսօր սակայն, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում՝ օրթոպեդիայում և ռևմատոլոգիայում մեծ տարածում է գտել հոդերի ՈւՁՀ-ն:

Մեր կլինիկայում՝ Վնասավածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում ես այս հետազոտությունը կատարում եմ արդեն շուրջ 15 տարի:

Ե՞րբ է ցուցվում կատարել հոդերի սոնոգրաֆիա: Ի՞նչ ինֆորմատիվություն ունի այս հետազոտությունը:

Մեթոդը թույլ է տալիս հետազոտել հիմնականում հոդը կազմող փափուկ հյուսվածքները՝ հոդաճառը, հոդաշապիկը, սինովիալ թաղանթը, կապանները, ջլերը, ինչպես նաև մահիկները: Այն թույլ է տալիս տեսնել վերոնշյալ կառուցվածքային միավորների վիճակը, վմասվածքների,զանազան դեգեներատիվ փոփոխությունների առկայությունը, ներհոդային հեղուկի քանակը և որակը: Որոշ հոդերի համար ՈւՁՀ-ն ունի շատ բարձր ինֆորմատիվություն՝ մինչև 100%: Օրինակ ուսահոդի սոնոգրաֆիան ԱՄՆ-ում համարվում է հետազոտության առաջնային օղակ, երբեմն նույնիսկ ՄՌՏ հետազոտությունից ավելի արժեքավոր է համարվում:

Ժողովրդի շրջանում կա թյուր կարծիք, որ ՈւՁՀ-ի միջոցով կարելի է հետազոտել միայն ծնկահոդը: Դա իհարկե այդպես չէ, քանի որ հետազոտվել կարող են մանր և խոշոր բացառապես բոլոր հոդերը :

Հնարավոր է արդյոք հոդերի հետազոտության դիմել անմիջապես ճառագայթաբանի,՞ թե այն պետք է ուղղորդվի այլ նեղ-մասնագետի կողմից:

Գանգատների դեպքում կարելի է դիմել ինչպես անմիջապես հոդերի ՈւՁՀ մասնագետի, այնպես էլ ուղղորդվել այլ մասնագետի՝ օրթոպեդի, ռևնմատոլոգի, նյարդաբանի, թերապևտի կողմից:

Երբ հետազոտությունը դեռ նոր-նոր էր ներդրվել մեր երկրում, շատ մասնագետներ նույնիսկ տեղյակ չէին դրա մասին, իսկ այսօր արդեն հետազոտությանը քաջածանոթ է ինչպես բժշկական հանրությունը, այնպես էլ հասարակ քաղաքացուն, ով գանգատի դեպքում հասկանում է, որ գուցե կարիք կա հոդերի ՈւՁ հետազոտության:

Ներկայացրեք, խնդրեմ, հիմնական ախտանշանները, որ կարող են հուշել հոդային խնդրի մասին:

Հիմնական ախտանիշը ցավն է՝ ուսահոդում, ծնկահոդում, սրունք-թաթային հոդի, մանր միջֆալանգայիմ հոդերի շրջանում և այլն: Բացի դրանից հոդը կարիք ունի հետազոտման եթե կա շարժումների սահմանափակում, կաշկանդվածություն, մեկնարկային կամ մետեոցավեր (եղանակից կախված), հոդի կարմրածություն, այտուց, վնասվածք անամնեզում, զանազան արտափքումներ և դեֆորմացիաներ:

Այս բոլոր գանգատների դեպքում հորդորում եմ հնարավորինս վաղ դիմել մասնագետի: 

Գիտենք, որ հոդերի ախտահարումները մեծ տարածում ունեն մեր երկրում: Հատկապես որո՞նք են առավել հաճախ հանդիպում Ձեր պրակտիկայում:

Հոդերի պաթոլոգիաներն, ընդհանուր առմամբ, կարող ենք բաժանել 2 մեծ խմբի՝ բորբոքային և վնասվածքային: 

Առաջին խմբին են դասվում տարբեր տեսակի արթրիտները՝ ռևմատոիդ արթրիտ, պարբերական հիվանդության ժամանակ դիտվող արթրիտ, փսորիատիկ արթրիտ, մի շարք կանացի ինֆեկցիաների դեպքում դիտվող պաթոլոգիաներ և այլն: Այս դեպքերում պացիենտների հիմնական գանգատներն են՝ այտուց, ցավ շարժումների ժամանակ,հոդի ջերմային փոփոխություն... 

Այս պարագայում իրականացվող ուլտրաձայնային հետազոտությամբ կարելի է տեսնել ներհոդային հեղուկի առկայությունը, դրա որակը, հոդաշապիկի, սինովիալ թաղանթի հաստացումները, տարբերակել՝ պրոցեսը սուր է, թե քրոնիկ և այն...

Վնասվածքներից կուզեի առանձնացնել հատկապես մահիկների և կապանների պատռվածքները, որոնք ամենահաճախ հանդիպողներից են հատկապես մարզիկների մոտ: 

Դարի հիվանդություններից մեկը համարվող դեֆորմացնող օստեոարթրոզը, ցավոք, ևս բավական մեծ տարածում ունի մեր երկրում, և պացիենտը շատ հաճախ դիմում է խնդրի արդեն բարդ փուլերում: Ռենտգեն հետազոտությամբ կարելի է տեսնել, թե ինչ աստիճանի է ախտահարված, խոցոտված հոդաճառը, իսկ սոնոգրաֆիկ հետազոտությամբ կարող ենք տեսնել դեֆորմացնող օստեոարթրոզի բարդությունները, ուղեկցվող հոդաբորբերը, մահիկների պատռվածքները, Բեյկերի կիստաները և այլն:

***

Մասնագիտացված կենտրոն դիմելը կարևոր է ինչպես պացիենտի, այնպես էլ մասնագետի համար: Կարևոր չէ՝ ում է պացիենտը դիմել առաջինը՝ ՈւՁ մասնագետի, օրթոպեդի, թե ռենտգեն բաժանմունք. մենք ցուցաբերում ենք համալիր մոտեցում, հարկ եղած դեպքում՝ ուղղորդում ենք այլ մասնագետի մոտ:

 

Բժիշկ Գայանե Այվազյանի էջը Doctors.am-ում
Աղբյուրը՝ Doctors.am
Հեղ.՝ Ամալյա Գրիգորյան
16 մարտի, 2017