Էնդոկրին անպտղություն. Ներկայացնում է Լուիզա Մելիքսեթյան

Անպտղության պատճառները կարող են տարբեր լինել: Ժամանակին բուժում սկսելու և խնդիրը ճիշտ ախտորոշումից հետո զույգերին հաջողվում է դրական արդյունքներ ունենալ: Doctors.am-ը էնդոկրին անպտղություն թեմայով զրուցեց Մարդու պտղաբերության կենտրոնի էնդոկրին-գինեկոլոգ Լուիզա Մելիքսեթյանի հետ:
«Էնդոկրին անպտղությունը հորմոնի կամ հորմոնների խախտման հետևանքով առաջացած խնդիր է: Դա կանանց մոտ ուղեկցվում է անկանոն դաշտանային ցիկլով, լինում են նաև դեպքեր, որ այն տևական բացակայում է: Էնդոկրին անպտղությունը տղամարդկանց մոտ ուղեկցվում է սերմնահեղուկի որակի, քանակի խանգարումներով»,- ասաց նա:

Էնդոկրին-գինեկոլոգի խոսքով՝ էնդոկրին անպտղության հիմքում կարող է ընկած լինել վահանեձև գեղձի, մակերիկամային հորմոնների դիսֆունկցիան, հիպոտալամո-հիպոֆիզար հորմոնների անհավասարակշռությունը: Էնդոկրին խնդիրներով պայմանավորված անպտղությունը մեր օրերում բավականին տարածված է: 
«Խնդիրը մեծամասամբ ախտորոշվում է կանանց մոտ, իսկ տղամարդկանց շրջանում անհամեմատ հազվադեպ է հանդիպում»,-ընդգծեց նա: Առավել հաճախ հանդիպում է հիպերպրոլակտինեմիայի խնդիրը, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի հետևանքով առաջացած հորմոնների խախտումներով դեպքերը: Ախտորոշումն իրականացվում է հորմոնալ քննությունների արդյունքում՝ դաշտանային ցիկլի 3-ից 7-րդ օրերի ընթացքում: Զուգահեռաբար՝ մինչև ձվազատման օրը, ցանկալի է նաև կատարել սոնոգրաֆիկ հետազոտություն:
 
Բժշկի խոսքով՝ բուժումն իրականացվում է բարձր հորմոններն աստիճանաբար ճնշելու տարբերակով՝ դեղորայքի միջոցով: Պոլիկիստոզի դեպքում առաջացնում են օվուլյատոր ցիկլեր՝ որոշակի պրեպարատների օգնությամբ՝ սպասելով հղիության: Տևական ժամանակ անօգուտ փորձերի դեպքում՝ անցնում ենք օժանդակ մեթոդներին, ներարգանդային սերմնավորումների կամ արտամարմնային բեղմնավորման մեթոդներին՝ հիմնվելով հակացուցումների և ցուցումների վրա:

Լուիզա Մելիքսեթյանը բոլոր այն զույգերին, ովքեր ունեն անպտղության խնդիր, խորհուրդ է տալիս պայքարել մինչև վերջ, քանի որ ժամանակակից բժշկությունն առաջարկում է օժանդակ տեխնոլոգիաներ: «Ցանկալի է, որ զույգերը դիմեն մասնագիտացված կենտրոնների համապատասխան մասնագետներին՝ խուսափելով ավելորդ գումար ու ժամանակ վատնելուց»,- ավելացրեց Էնդոկրին-գինեկոլոգը:


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
17 հունվար, 2018