Մագնեզիումի դերը մարդու կյանքում

Մագնեզիումը մեր օրգանիզմի կարևոր հանքային տարրերից է, որի 50%-ը տեղակայված է ոսկրերում, 1%-ը արյան մեջ, իսկ մնացած մասը փափուկ հյուսվածքներում:
Մագնեզիումն ունի առանցքային նշանակություն մարդու օրգանիզմում իրականացվող ավելի քան 300 կենսաքիմիական ռեակցիաների համար:

Մագնեզիումն անհրաժեշտ է սրտի, անոթների, մկանների և աղիների նորմալ աշխատանքի համար: Այն մասնակցում է նյարդային և իմունային համակարգերի գործունեությանը, նպաստում է ոսկրերի ամրությանը: Մագնեզիումը կարգավորում է նաև արյան մեջ շաքարի քանակը և նպաստում է նորմալ զարկերակային ճնշմանը: Մագնեզիումը մասնակցում է այլ հանքային տարրերի փոխանակմանն օրգանիզմում, սպիտակուցների սինթեզի ժամանակ ունի կարևոր դերակատարություն:

Ապացուցված է, որ մագնեզիումն օգնում է այնպիսի հիվանդությունների կանխարգելմանը ինչպիսիք են՝ սրտանոթային հիվանդությունները և հիպերտոնիան, դիաբետը, օստեոպորոզը:

 

 

Օրգանիզմում մագնեզիումի պակասը առաջացման պատճառներն են՝

  • Թերսնուցում
  • Մարսողական համակարգի խնդիրներ
  • Ալկոհոլի չարաշահում
  • Անտիբիոտիկների չարաշահում, ինչը հանգեցնում է մագնեզիումի թերյուրացմանը և կորստին

Օրգանիզմում մագնեզիումի պակասը բնութագրող առաջին ախտանշաններն են՝

  • Ախորժակի կորուստ
  • Հոգնածություն և թուլություն
  • Սրտխառնոց
  • Փսխում

Մագնեզիումի բացակայությունը օրգանիզմում առաջացնում է՝

  • Ծակոցի զգացում
  • Մկանային սպազմ
  • Սրտի ռիթմի խանգարում
  • Հոգեբանական փոփոխություններ և այլն 


Մագնեզիումի պակասը հանգեցնում է նաև կալցիումի և կալիումի անբավարարությանը օրգանիզմում: 
Մագնեզիում հիմնականում պարունակվում է բուսական մթերքում: Մագնեզիումով հարուստ են կանաչ բանջարեղենը, ռեհանը, ձավարեղենը և հատիկավորները, դդմի սերմը, ընկույզը (պնդուկ), նուշը, լոբին, կարտոֆիլը, գազարը, ցորենի թեփը, եգիպտացորենը, իսկ, օրինակ, բարձր կարգի ալյուրը շատ քիչ մագնեզիում է պարունակում: Կենդանական մթերքից մագնեզիում կա ձկան, ձվի, կաթնամթերքի մեջ: Խմելու ջուրը ևս պարունակում է մագնեզիում:

Մագնեզիումի օրական պահանջը կազմում է՝

  • Կանանց համար՝ 350 մգ
  • Տղամարդկանց համար՝ 400 մգ