Հայաստանի ռադիոլոգիայի եվրոպական ուղին սկսված է. Կոստան Գալումյան

Դասական երաժշտությամբ, Բաբաջանյանի նոտաներով և լեփ-լեցուն դահլիճում. հենց այսպես սկսվեց Ոսկրամկանային ճառագայթաբանության եվրոպական ասոցիացիայի դասընթացը:
Մայիսի 25-ին և 26-ին  Երևանում առաջին անգամ անցկացվող այս դասընթացի ընթացքում  Եվրոպայից ժամանած առաջատար մասնագետները  կարդալու են դասախոսություններ՝ կլինիկական դեպքերի ներկայացումով և քննարկումներով

Մայիսի 25-ին՝դասընթացի առաջին օրը, իր հայ գործընկերների համար դասախոսություն կարդաց նաև ռադիոլոգիայի ասպարեզում մեծ հաջողությունների հասած և հռչակ ձեռք բերած Արա Կազարջյանը:

Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Կոստան Գալումյանի խոսքով`սեմինարի թեման բարդ է և արդիական,  այն ուղղաված է ոսկրամկանային համակարգի խնդիրների ախտորոշմանը և նպատակ ունի ամերիկյան և եվրոպական փորձի միջոցով նպաստել ոլորտի զարգացմանը.

«Հայաստանի ռադիոլոգիայի եվրոպական ուղին սկսված է, իսկ առաջին կարևոր քայլը մենք կատարել ենք 3 ամիս առաջ, երբ դարձանք  Ռադիոլոգիայի եվրոպական ասոցիացիայի 46-րդ ազգային  ասոցիացիան: Ի դեպ, ԱՊՀ երկրներից այստեղ ներկայացված են ընդամենը 5 պետություն»:

Ռադիոլոգիայի համաշխարհային ասոցիացիայի առանձին ճյուղերից մեկը Ոսկրամկանային համակարգի կոմիտեն է: Հաշվի առնելով այս թեմայի կարևորությունը՝ Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններից ոլորտի առաջատար մասնագետները հավաքվել էին՝ լսելու համաշխարհային փորձի, մասնագիտության մեջ կրառվող նորամուծությունների մասին:  

Հայաստանի ռադիոլոգների ասոցիացիայի և Ռադիոլոգիայի եվրոպական ասոցիացիայի համագործակցության շնորհիվ՝ այս ոլորտում կդրվի ևս մեկ բարձր նշաձող՝ մասնագետների վերապատրաստումը կընթանա պաշտոնական հիմքով: Այս համագործակցության շնորհիվ՝ պլանավորվում է Հայաստանում հյուրընկալել Ռադիոլոգների եվրոպական ասոցիացիայի նախագահին,  անցկացնել համահայկական ռադիոլոգիական ֆորում:

Աղբյուրը՝ Doctors.am