Համաժողովը համախմբել է առողջապահության, իրավագիտության ոլորտի լավագույն մասնագետներին

Մեկնարկել է «Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով առաջին միջազգային եռօրյա համաժողովը, որին մասնակցում են Հայաստանի և արտերկրից ժամանած փորձագետներ, մասնագետներ և ոլորտի պատասխանատուներ:
 
Ողջունի խոսքով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Կարևորելով պացիենտ-բժիշկ-հարազատ փոխհարաբերությունների կարգավորումը` նա նշել է, որ առողջապահության համակարգում իրավական դաշտը կանոնակարգող լուրջ քայլեր արվել են:
 
«Տարիների համեմատության մեջ կարելի է ասել, որ մենք վարքագծային մոտեցումներից տեղաշարժ ենք իրականացրել դեպի մեր մոտեցումների իրավական կարգավորումը: Սրա վառ օրինակներ են մի շարք օրենքներում, որոնք կարգավորում են առողջապահության դաշտը, կատարված փոփոխությունները»,- ընդգծել է Սերգեյ Խաչատրյանը:
Համաժողովի նախագահ, ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը բացման խոսքում ասել է, որ համաժողովի նպատակն է քննարկել առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ներկա վիճակը, առողջապահության օրենսդրության զարգացման միտումները, Հայաստանում և մասնակից երկրներում վերհանել առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրները, մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները և խոչընդոտները, մարդու իրավունքների երաշխիքները, համատեղ մշակել առաջարկություններ առողջապահության ոլորտում մարդու իրավունքները երաշխավորելու և պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ ամրագրելու ուղղությամբ: 
«Համաժողովը նշված նպատակի իրականացման համար համախմբել է առողջապահության, իրավագիտության ոլորտի լավագույն մասնագետներին:
 
Համաժողովի կազմակերպիչները լիահույս են, որ իրավունքն այն կարևորագույն գործիքն ու միջոցն է, որը թույլ կտա երաշխավորել առողջապահության ոլորտում մարդու իրավունքների իրականացումը և անշեղ պաշտպանությունը, ինչը կնպաստի առողջապահության համակարգի և բժշկագիտության զարգացմանը»,- նշել է Սուրեն Քրմոյանը:
 
Մակեդոնիայի, Ուկրաինայի, Ղազախստանի ներկայացուցիչները կիսվել են իրենց երկրի փորձով, ներկայացրել բժշկական օգնություն ու սպասարկում ստանալիս մարդու իրավունքների իրավական կարգավորումը և դրանց զարգացումը: 
Նշենք, որ համաժողովը կազմակերպել են «Իրավունքի զարգացման կենտրոն» և «Առողջապահական և սոցիալական իրավունքների պաշտպանության գիտագործնական կենտրոն» հասարակական կազմակերպությունների կողմից Բաց հասարակության հիմնադրամների հովանավորությամբ: