Հանրապետական գիտաբժշկական գրադարանի անցած ուղին և ներկան

Գրադարանի պատմությունը
 
Հանրապետական գիտաբժշկական գրադարանն (ՀԳԲԳ) այսօր ՀՀ-ում բժշկական տեղեկատվության և գրականության ամենախոշոր կենտրոնն է: Հիմնադրվել է դեռևս 1939 թ.:
 
Գրադարանն իր պատմության ընթացքում, ցավոք, մշտապես ունեցել է տեղակայման խնդիր. այն տեղափոխվել է 6 անգամ, իսկ 1946թ. ջրհեղեղը գրադարանի հավաքածուի մեծ մասն անխնա ոչնչացրեց, և միայն 1949 թ. գրադարանը կրկին վերականգնվեց: 
 
Այնուհետ՝ երկրաշարժից հետո, Հայ օգնության ֆոնդը մեծ օգնություն ցուցաբերեց գրադարանին. առաջին համակարգիչները և լազերային սկավառակով Medline շտեմարանները հետաքրքրեցին բժշկական հասարակությանն ամբողջ Հայաստանից:
 
Եվ սա ասես գրադարանի վերածնունդն էր: Այն սկսվեց բաժանորդագրություն Միացյալ Նահանգների լավագույն բժշկական ամսագրերին, կազմակերպվեցին անգլերենի և համակարգչային դասընթացներ բժիշկների համար:
Եվ ահա, 2004 թ, գրադարանը հերթական անգամ ողջ գրականությամբ, գույքով տեղափոխվեց և մինչ այժմ գործում է Ռուբինյանց 29/3 հասցեում:
 
Գրադարանի ֆոնդը
 
Տասնամյակների ընթացքում գրադարանում ձևավորվել է կենսաբժշկական գրականության և տեղեկատվական աղբյուրների լավագույն հավաքածուներից մեկը Հայաստանում: Այն այժմ կազմում է ավելի քան կես միլիոն նմուշ՝ ներառելով էլեկտրոնային և տպագիր բժշկական գրքեր, ամսագրեր, սեղմագրեր, լազերային սկավառակներ, տեսալսողական նյութեր:
 
Ում համար է գրադարանը 
 
Ի սկզբանե գրադարանը ստեղծվել է բոլորի համար՝ առավելապես ուղղված լինելով գիտական, կլինիկական, պրակտիկ բժիշկների համար գրականություն հավաքագրելուն: Այն սպասարկում է բոլորին՝ ուսանողին, պրոֆեսորին, պրակտիկ բժշկին, գիտնականին, հետազոտողին, միջին բուժանձնակազմին և այլոց…
 
Վերջին ժամանակներս, հետ չմնալով ՀՀ-ում բժշկական ոլորտի զարգացումներից, գրադարանում կարելի է գտնել նաև կլինիկական ցուցումներ, չափորոշիչներ, ուղեցույցներ:
Կարևորագույն ուղղությունը, որին հատկապես վերջին տարիներին հետամուտ է գրադարանը, ապացուցողական բժշկությունն է:
      
Առկա է թյուր մտայնություն, թե ում է այսօր անհրաժեշտ գրադարանը. չէ՞ որ համացանցը հնարավորություն է ընձեռում որոնելու և գտնելու ցանկացած տեղեկատվություն: Նոր տեխնոլոգիաները և համացանցը անժխտելիորեն հեղափոխեցին բոլոր ոլորտները, սակայն, միևնույն է, դրանք չեն փոխարինի գրադարաններին. պարզապես դրանք ավելի ժամանակակից և արդյունավետ են դարձնում գրադարանային և տեղեկատվական ծառայությունները: 
 
21-րդ դարում փոխվել է գրադարանի հիմնական գաղափարը: Ներկայում գրադարաններն անմիջականորեն մասնակցում են տեղեկատվության, գիտելիքի ստեղծմանը, դառնում նույն այդ գիտելիքի կազմակերպիչը: Ի՞նչն է գրադարանի և համացանցի տարբերությունը. մենք զտված տեղեկատվություն ենք տրամադրում օգտվողներին:
      
 
Գրադարանի առաքելությունը և գործունեությունը
 
ՀԳԲԳ-ի հիմնական առաքելությունն է` համալրել, կազմակերպել, պահպանել և ընթերցողներին տրամադրել կենսաբժշկական ոլորտի տպագիր և էլեկտրոնային տեղեկատվական աղբյուրներ ու շտեմարաններ: Գրադարանի հիմնական գործառույթներն են` ավանդական և ժամանակակից համակարգերի միջոցով բժիշկներին տեղեկատվական ծառայություններ մատուցելը, փաստաթղթերի մշակման և տեղեկատվության որոնման ավտոմատացումը, բժշկական գրադարանների ցանցի համակարգումը, ինչպես նաև բժշկական գրադարանավարների մասնագիտական հմտությունների զարգացումը: Տեղեկատվությունը բժշկական հանրությանն առավել մատչելի դարձնելու նպատակով 1951 թ. ՀԳԲԳ-ն համակարգում է բժշկական գրադարանների ցանցը, որը ներառում է երկրի բժշկական բարձրագույն և միջին ուսումնական հաստատությունների, հիվանդանոցների և բժշկական կազմակերպությունների գրադարանները:
 
 
Գրադարանն ինտերակտիվ է
 
Բազմաթիվ զարգացած երկրներում գրադարաններն այն միջավայրն են, որտեղ շփվում են ոլորտի մասնագետները, կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, առցանց դասախոսություններ: Այս ամենը գործնականում ներդրված է նաև մեր գրադարանում: 
 
Հանրապետական գիտաբժշկական գրադարանի կայքը
 
Հանրապետական գիտաբժշկական գրադարանի կայքն (www.medlib.am) իր այցելուներին տրամադրում է գրադարանի և ընթերցողներին առաջարկվող ծառայությունների մասին տեղեկատվություն, էլեկտրոնային գրացուցակ, օգտակար շտեմարաններ և կարևոր հղումներ: ՀԳԲԳ կայքից կարելի է տեղեկանալ գրադարանում կազմակերպվող դասընթացների մասին, դիտել տեսաուղեցույցներ և տեսանյութեր:
 
 
 
Doctors.am
Հեղ.՝ Ամալյա Գրիգորյան
ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր, N2,2016