Երիտասարդության հորմոնն ապահովում է երկարակեցությունը

Դարեր շարունակ մարդկությունը փորձում է տարբեր միջոցներով դադարեցնել ծերացումն ու պահպանել երիտասարդությունը: Երիտասարդությունն ընդմիշտ պահպանել հնարավոր չէ, սակայն երկարացնելն` իրատեսական: Պետք է պահպանել մի շարք կանոններ, որոնք ապահովում են օրգանիզմի առողջություն և ուժը:

Երիտասարդությունը կարելի է զգալիորեն երկարացնել՝ ճիշտ սնվելու, ֆիզիկական ակտիվության, վնասակար սովորություններից հրաժարվելու միջոցով: Ամենակարևոր գործոններից մեկը՝ «հավերժական երիտասարդության հորմոնը»՝ մելատոնին է, որը արտադրվում է մարդու օրգանիզմում ու մեծ դեր ունի առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման ու երիտասարդության երկարացման հարցում: Մելատոնինը նպաստում է արյան խոլեստերինի մակարդակի, սթրեսի հորմոնների նվազեցմանը: Այն պաշտպանում է հիպերտոնիայից, ալերգիկ հիվանդություններից, մրսածությունից, օգնում է շիզոֆրենիայի, Ալցհեյմերի հիվանդության ու պարկինսոնիզմի բուժմանը:

ԷՊԻՖԻԶ՝ ՄԵԼԱՏՈՆԻՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂ

Հաստատված է, որ էպիֆիզն է արտադրում մելատոնին հորմոնը, որը վերահսկում է տարիքային փոփոխությունները:
Սկսած 12 տարեկանից՝ մարդու իմունիտետը վերահսկվում է մելատոնինի կողմից, որն առավելագույնս արտադրվում է  25 տարեկանին մոտ հասակում, ապա սկսում է նվազել: 60 տարեկանից հետո մելատոնինի մակարդակը նվազում է մինչև 20% և ավելի ցածր: Հետևաբար, նկատվում է իմունիտետի կտրուկ անկում, առաջանում են «տարիքային հիվանդություններ»:
Գիտնականները ենթադրում են, որ դրա պատճառն օրգանիզմում ազատ ռադիկալների մեծ քանակն է, որոնց դեմ պայքարում նվազում են մելատոնինի պաշարները: Հետևաբար, պետք է պայքարել ազատ ռադիկալների դեմ՝ օգտագործել հակաօքսիդանտներով հարուստ բուսական սնունդ: Հակաօքսիդանտները չեզոքացնում են ազատ ռադիկալները, որոնց հիմնական աղբյուրներն են՝ ճարպային սնունդը, շրջակա միջավայրում առկա ծանր մետաղներն ու ծխախոտի ծուխը:

ՔՈՒՆՆ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ «ԴԵՂԱՄԻՋՈՑՆ» Է

Մելատոնինի օրական քանակի 70 տոկոսն արտադրվում է գիշերը: Հորմոնի արտադրությունն առավելագույնի է հասնում ժամը 00:00-ից 04.00-ն ընկած հատվածում: Տարիքի հետ մելատոնինի արտադրությունը նվազում է, ինչն ազդանշան է օրգանիզմի բոլոր համակարգերի համար՝ ծերանալու ժամանակն է:
Եթե մելատոնինի քանակը բավարար չէ երիտասարդ օրգանիզմում, ապա այն նույնպես սկսում է արագորեն ծերանալ: Ուսումնասիրությունների ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր ստիպված են պարբերաբար աշխատել գիշերը, 40-60%-ով  ավելի հակված են սրտային հիվանդությունների, մետաբոլիկ համախտանիշի, հիպերտոնիայի, շաքարային դիաբետի և աթերոսկլերոզի առաջացման:
Ըստ գիտնականների եզրակացության՝ քնել անհրաժեշտ է գիշերն ու մթության մեջ: Երբ մութն ընկնում է, էպիֆիզը սկսում է արտադրել մելատոնին: Մթությունն ու գիշերը`հորմոնի արտադրման երկու կարևորագույն պայմաններն են: Եթե ապրենք բնության օրենքներով, որոնք ծրագրավորված են մեր օրգանիզմում՝ ըստ օրվա կենսաբանական ռիթմերի՝ քնել մութն ընկնելուն պես և արթնանալ արևածագին, ապա ավելի քիչ հիվանդություններ ու վաղաժամ մահեր կլինեին:
Արևածագից առաջ քունն ամենախորն է, քանի որ այդ պահին արյան մեջ կուտակված մելատոնինի կոնցենտրացիան հասնում է առավելագույն մակարդակին: Սակայն մելատոնինը պաշարելն անհնար է: Գիշերվա ընթացքում կուտակված քանակությունը բավարար է միայն մինչև հաջորդ երեկո: Մարդիկ, ովքեր նախընտրում են գիշերային կյանքը, պետք է հիշեն, որ ցերեկային քունը չի կարող փոխհատուցել գիշերային քնի պակասը: Նույնիսկ եթե դուք փորձում եք քնի պակասը լրացնել ցերեկվա ժամերին, միևնույնն է օրգանիզմում մելատոնին չի արտադրվի, ինչը նշանակում է, որ նման հանգիստը դժվար թե համարվի լիարժեք:

Անհրաժեշտ է հետևել «գիշերային խորհուրդներ»-ին՝

  • գիշերը պատուհանները փակեք հաստ վարագույրով,
  • մի քնեք միացրած լույսով կամ հեռուստացույցով,
  • գիշերն արթնանալիս լույսը մի միացրեք,
  • եթե ստիպված եք ուշ քնել, ապա սենյակի լուսավորությունը պետք է վառ չլինի,
  • փորձեք քնել կեսգիշերից ոչ ուշ:

ԻՆՉՊԵՍ ԽԹԱՆԵԼ ՄԵԼԱՏՈՆԻՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

        Դա ամենևին էլ դժվար չէ: Կան մի քանի պարզ կանոններ.

          • Հարգեք կենսաբանական ցիկլերը: Այն մարդիկ, ովքեր քնում են մինչև ժամը 22:00 և արթնանում են լուսաբացին, ավելի եռանդուն ու աշխատունակ են ողջ օրվա ընթացքում:
          • Ձեր սննդակարգում ընդգրկեք տրիպտոֆան պարունակող մթերքներ՝ կոշտ պանիրներ, հավի ձու, ոչ յուղոտ միս, լոբի, դդումի սերմեր, ընկույզ: Տրիպտոֆան ամինաթթուն մելատոնինի համար «շինանյութ» է հանդիսանում: Եգիպտացորենը, վարսակը, բրինձը, լոլիկը, բանանը ևս սինթեզում են մելատոնին:
          • Մի մոռացեք վիտամինների մասին՝ B3 և B6-ը կարող են խթանել մելատոնինի արտադրությունը: Մեծ քանակությամբ վիտամին B3 պարունակվում է ծիրանաչրում, արևածաղկի սերմերում, ցորենի, գարու հատիկներում, իսկ վիտամին B6-ը՝ ցորենի հատիկների, գազարի, պնդուկի, սոյայի, ոսպի, ինչպես նաև ծովախեցգետի և սաղմոնի մեջ:
          • Նրանք, ովքեր նախընտրում են ստանալ այդ վիտամինները հաբերի տեսքով, պետք է իմանան, որ վիտամին B6-ը խորհուրդ է տրվում ընդունել առավոտյան, իսկ B3-ը՝ երեկոյան՝ կալցիումի (1000 մգ) և մագնեզիումի (500 մգ) հետ միասին: Վերջիններս նույնպես նպաստում են մելատոնինի սինթեզին:
          • Հետևեք էլեկտրամագնիսական ֆոնին: Էլեկտրամագնիսական դաշտերը բացասաբար են անդրադառնում էպիֆիզի գործունեության վրա: Հնարավորինս սահմանափակեք առօրյա շփումները այդ դաշտերի հետ, գիշերը՝ հեռացնելով էլեկտրոնային սարքավորումները ննջասենյակից:

            Աղբյուր՝ http://www.zid.com
            16 հունվար, 2018