Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի դերը՝ շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման ժամանակ

Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ հանդիպող ամենատարածված չարորակ ուռուցքային հիվանդություններից է, որի վաղ ախտորոշումն ոչ միայն ուրոլոգների, այլ նաև ճառագայթաբանների հիմնական խնդիրներից է: Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման հարցում իր ուրույն տեղն է զբաղեցնում մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ): «Ճառագայթաբանական» շաբաթ հանրային իրազեկման ծրագրի շրջանակում Doctors.am-ն այս մասին զրուցեց  «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի ՄՌՏ բաժանմունքի վարիչ, Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի քարտուղար, բժիշկ-ռադիոլոգ Նարեկ Մատինյանի հետ:

-Բժիշկ Մատինյան, ի՞նչ է իրենից ներկայացնում շագանակագեղձի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան:

-Շագանակագեղձի ՄՌՏ հետազոտությունը անվնաս, անչափ ինֆորմատիվ ախտորոշիչ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս ստանալ շագանակագեղձի եռաչափ պատկերներ, մանրակրկիտ ուսումնասիրել օրգանի կառուցվածքն ու  հայտնաբերել նույնիսկ ամենափոքր ախտաբանական օջախները: Տարիներ առաջ տվյալ մեթոդի ներդրումը մեր երկրում նոր մակարդակի բարձրացրեց շագանակագեղձի հիվանդությունների ախտորոշումը: Ախորոշիչ մեթոդներն օրեցոր զարգանում են` բացելով նոր հորիզոններ այս կամ այն հիվանդության ախտորոշման համար: Դրանից զերծ չմնաց նաև շագանակագեղձի ՄՌՏ հետազոտությունը: Այժմ գոյություն ունի հատուկ մուլտիպարամետրիկ հետազոտություն, որը հնարավորություն է տալիս առավել մանրակրկրիտ ուսումնասիրել գեղձի կառուցվածքը:

-Ի՞նչպես է կատարվում շագանակագեղձի մուլտիպարամետրիկ հետազոտությունը:

-Այն հատուկ ռեժիմներով հագեցած ՄՌՏ հետազոտության տեսակ է, որը կիրառելով մենք կարողանում ենք ավելի մանրակրկիտ հետազոտել տվյալ օրգանը, ստանալ հազարավոր պատկերներ և արդյունքում հայտնաբերել այնպիսի նուրբ ու փոքր փոփոխություններ, որոնք ուղղակի չեն երեւում ուլտրաձայնային հետազոտության կամ սովորական ՄՌՏ հետազոտության ժամանակ: Վերջերս այս մեթոդը ներդրել ենք մեր երկրում, և արդյունքը գոհացնող է: Այժմ մենք կարողանում ենք հայտնաբերել շագանակագեղձում առկա ցանկացած հիվանդություն վաղ շրջանում՝ առավել արդյունավետ դարձնելով բուժման գործընթացը:

-Շագանակագեղձում ՄՌՏ հետազոտությամբ հայտնաբերված օջախի բնույթն ու չարորակ լինելու հավանականությունն ինչպե՞ս է գնահատվում:

-Ամիսներ առաջ մեր կենտրոնում ներդրել ենք ՄՌՏ հետազոտության PI-RADS ծրագիրը՝ առավել արդյունավետ դարձնելով շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշումը: PI-RADS-ը շագանակագեղձի մուլտիպարամետրիկ ՄՌՏ-հետազոտության եզրակացության համակարգ է, որը ստեղծվել է միջազգային հեղինակավոր ռադիոլոգների ու ռադիոլոգիական միությունների համատեղ աշխատանքի շնորհիվ: Այն հնարավորություն է տալիս առավել հստակ գնահատել շագանակագեղձում առկա օջախի բնույթն ու չարորակ լինելու հավանականությունը: Տվյալ համակարգը հեշտացնում է շփումը ռադիոլոգների և ուրոլոգների միջև:

- Շագանակագեղձի բիոպսիայի հարցում ինչպիսի՞ դեր ունի ՄՌՏ-ն:

-Եթե շագանակագեղձի ՄՌՏ հետազոտության արդյունքում հայտնաբերվում է կասկածելի օջախ, ապա դիմում ենք բիոպսիա կոչվող մեթոդին:
Բիոպսիան բժշկական միջամտության տեսակ է, որի ժամանակ գեղձի որոշակի հատվածներից բժիշկը վերցնում է հյուսվածք, պարզելու համար քաղցկեղային բջիջների առկայությունը:
Շագանակագեղձի բիոպսիայի առավել տարածված տեսակը կատարվում է ուլտրաձայնային հետազոտության հսկողության ներքո, որի ժամանակ գեղձի տարբեր հատվածներից վերցնում են բազմաթիվ կտորներ, որոնք հետագայում ուղարկվում են հյուսվածաբանական քննության: Տվյալ մեթոդն իր ուրույն դերն ունի քաղցկեղի ախտորոշման հարցում, սակայն լինում են դեպքեր, որոնց ժամանակ այն արդյունավետ չի լինում: Օրինակ` գեղձում կան որոշակի հատվածներ, որոնց հասնելն ու ուլտրաձայնային հետազոտության հսկողության տակ բիոպսիա կատարելը բավականին բարդ է, որոշ դեպքերում` նույնիսկ անհնար: Քաղցկեղի վաղ շրջանում մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի պատկերներում կարող ենք հայտնաբերել այնպիսի փոքր օջախներ, որոնք ուղղակի չեն երեւում ուլտրաձայնային հետազոտության ժամանակ, ուստի տվյալ օջախները նույնպես անհասանելի կարող են լինել ուլտրաձայնային հետազոտման հսկողության ներքո կատարված բիոպսիայի համար: Հաշվի առնելով վերը նշվածը` տարիներ առաջ աշխարհում ներդրվեց ՄՌՏ հետազոտության հսկողությամբ կատարվող շագանակագեղձի բիոպսիան:

-Վերջերս Դուք, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) հսկողության տակ, Հայաստանում առաջին անգամ կատարեցիք շագանակագեղձի բիոպսիա: Ի՞նչպիսին էին արդյունքները:

-Այն իր տեսակի մեջ եզակի է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ մեր տարածաշրջանում: Աշխարհի շատ քիչ երկրներում է կատարվում տվյալ միջամտությունը, և ես անչափ ուրախ եմ, որ այն արդեն հասանելի է նաև մեր երկրում: Արդյունքներն արդարացրեցին սպասումները: Այժմ մենք հնարավորություն ունենք, ոչ միայն հետազոտել շագանակագեղձը մուլտիպարամետրիկ ՄՌՏ-ի միջոցով և հայտնաբերել կասկածելի օջախները, այլ նաև, կատարելով անչափ բարդ ծրագրային և երկրաչափական հաշվարկներ, գեղձի վերը նշված կասկածելի օջախից վերցնել հյուսվածք: Ուլտրաձայնային հետազոտությամբ կատարվող բիոպսիայի համեմատ՝ տվյալ մեթոդն ունի մի շարք առավելություններ: Այն շատ քիչ տրավմատիկ է, քանի որ ի տարբերություն ուլտրաձայնային հսկողության տակ կատարվող բիոպսիայի, հյուսվածքը վերցվում է միայն եզակի տեղերից՝ կոնկրետ այն օջախից կամ օջախներից, որոնք կասկածելի են ՄՌՏ-ի պատկերներում: Տվյալ մեթոդն անփոխարինելի է նաև այն դեպքերում, երբ գործ ունենք քաղցկեղի վաղ շրջանի, այսինքն` փոքր օջախների հետ: ՄՌՏ-ի հսկողության տակ շագանակագեղձի բիոպսիան ցուցված է նաև այն բոլոր պացիենտներին, որոնք ունեն պրոստատ-սպեցիֆիկ հակածնի (PSA) բարձր ցուցանիշ և որոնց նախկինում մեկ կամ մի քանի անգամ կատարվել է բիոպսիա` ուլտրաձայնային հետազոտության հսկողության տակ, սակայն քաղցկեղ չի հայտնաբերվել:
 

-Բժիշկ Մատինյան, ի՞նչ խորհուրդ կտաք տղամարդկանց շագանակագեղձի հիվանդությունները ժամանակին ախտորոշելու համար:

-Հաշվի առնելով այն փաստը, որ շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ հանդիպող ամենատարածված չարորակ հիվանդություններից մեկն է, խորհուրդ եմ տալիս բոլոր տղամարդկանց ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ, և նույնիսկ գանգատների բացակայության դեպքում ժամանակ առ ժամանակ այցելել ուրոլոգին, կատարել պրոստատ-սպեցիֆիկ հակածնի (PSA) հետազոտություն, անհրաժեշտության դեպքում դիմել ՄՌՏ ախտորոշման մեթոդին, որի դերն անգնահատելի է քաղցկեղի հայտնաբերման հարցում: Իսկ ուրոլոգներին սերտ համագործակցության կոչ եմ անում, քանի որ շագանակագեղձի քաղցկեղի բուժման հարցում դրական արդյունքներ ստանալու հիմնական նախապայմաններից մեկը ճշգրիտ և վաղաժամ ախտորոշումն է:


Աղբյուր՝ Doctors.am
30Նոյեմբերի, 2017