Վահանաձև գեղձի հիվանդություններ. Տարածվածության մասին զրուցեցինք Նարինե Բեգլարյանի հետ

Վահանաձև գեղձն արտադրում է հորմոններ, որոնք կարևոր են օրգանիզմի կենսագործունեության և նյութափոխանակության համար: Էնդոկրին հիվանդությունների շարքում՝ շաքարային դիաբետից հետո, վահանաձև գեղձի հիվանդությունները տարածվածությամբ երկրորդ տեղում են: Հայաստանում հստակ վիճակագրություն չկա, սակայն կարող ենք ասել, որ վահանաձև գեղձի հիվանդությունները հանդիպում են 10-ից 3-ի մոտ: Doctors.am-ն վահանաձև գեղձի հիվանդությունների մասին զրուցեց «Աստղիկ» ԲԿ-ի էնդոկրինոլոգ Նարինե Բեգլարյանի հետ:

-Բժշկուհի Բեգլարյան, որո՞նք են վահանձև գեղձի ամենատարածված հիվանդությունները: Որքա՞ն հաճախ են դիմում այս խնդրով:

-Ավելի հաճախ դիմում են հիպոթիրեոզ, հանգուցավոր ձևեր ունեցող հիվանդները, որոնց մոտ այս խնդիրները սովորաբար հայտնաբերվում են այլ հիվանդությունների համար կատարված հետազոտությունների արդյունքում: Հաճախացել են նաև վահանաձև գեղձի բորբոքումով՝ թիրեոդիտով, դիմողները: Վերջինս ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, սրտխփոցով, լինում է վահանաձև գեղձի ցավ, ձեռքերի դող, արտահայտված գլխացավեր: Պետք է ընդգծել, որ շատ հաճախ այս հիվանդությունը հանդիպում է առանց սուր կլինիկական դրսևորումների: Առաջացման պատճառները գիտականորեն դեռ սահմանված չեն, սակայն կարող ենք ասել, որ այն վիրուսային հիվանդությունների հետևանք է: Նշվում է, որ սա ինքնաբուժվող հիվանդություն է, և դեղորայքային միջամտության անհրաժեշտություն չկա, սակայն փորձը ցույց է տալիս, որ առանց հակաբորբոքային միջոցների, հիվանդության ընթացքը կարող է բավականին երկար տևել, իսկ բուժումից հետո կրկնվելու հավանակությունը մեծ է:

-Որո՞նք են վահանաձև գեղձի հիվանդությունների առաջացման հիմնական պատճառները: Ովքե՞ր են  ռիսկի խմբում:

-Վահանձև գեղձի հիվանդություններն առաջին հերթին պայմանավրված են ժառանգական նախատրամադրվածությամբ, սթրեսայնությամբ, էկոլոգիայով, անորակ սնունդով: Նախկինում նշվում էր յոդի պակասը, սակայն, բարեբախտաբար, վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ Հայաստանում յոդի դիֆիցիտ չկա:
Այս հիվանդությունը տարածված է հետդաշտանադադարային շրջանի կանանց մոտ, սակայն տղամարդկանց շրջանում վահանաձև գեղձի հիվանդությունները նույնպես հանդիպում են: Կանայք զգոն են և ավելի վաղ են դիմում բժշկին, քան տղամարդիկ:

-Ինչպեսի՞ ախտանշաններ են լինում հիվանդության ժամանակ:

-Կախված խնդիրներից՝ ախտանիշները լինում են տարբեր: Վահանձև գեղձի թերֆունկցիան հանգեցնում է հորմոնների քիչ արտադրության՝ հիպոթերիոզի: Դասական նշաններն են` այտուցվածությունը, մաշկի չորությունը, դանդաղասրտությունը, ճնշման իջեցումը, նյութափոխանակության դանդաղումը, ավելորդ քաշը: Թերֆունկցիան ուղեկցվում է վահանգեղձի չափերի մեծացումով՝ խպիպ: Սակայն ախտանիշները միանշանակ չեն՝ կարող ենք հանդիպել այս ախտանշանների հակառակ դրսևորումները կամ շատ արտահայտված հիպոթիրեոզով հիվանդի՝ առանց գանգատի: Բժիշկը շփության մեջ չի ընկնում, քանի որ կլինիկական նշաններին զուգահեռ՝ կատարվում են տարբեր հետազոտություններ` ախտորոշումը հստակեցնելու համար:
Երբ օրգանիզմի պահանջը թիրոիդ հորմոնի նկատմամբ մեծանում է և վահանագեղձի ֆունցիոնալ ակտիվությունը բարձրանում է, վահանագեղձի գերֆունկցիան դրսևորվում է առատ քրտնարտադրությամբ, սրտխփոցով, դողով, քաշի նվազմամբ, ճնշման բարձրացմամբ, նյարդային լարվածությամբ: Հիվանդության կլինիկական նշանը 50-ից բարձր տարիքի մարդկանց մոտ կարող է լինել առիթմիան: Սրտաբաններն այսպիսի դեպքերում պետք է հաշվի առնեն վահանգեղձի գործոնը՝ հիվանդներին ճիշտ ուղղորդելու համար:

-Ինչպե՞ս են ախտորոշվում վահանաձև գեղձի հիվանդությունները:

-Ամենակիրառվող, արագ, մատչելի և ամբողջական ինֆորմացիա հաղորդող մեթոդը ուլտրաձայնային հետազոտությունն է, որին հաջորդում են հորմոնալ հետազոտությունները: Հնարավորությունն ունենք ժամանակին ախտորոշել չարորակ նորագոյաթյունները` կանխարգելելով հետագա բարդությունները: Կասկածների ու ցուցումների դեպքում՝ կատարվում են նաև պունկցիոն բիոպսիաներ:

-Վահանգեղձի հիվանդությունների ախտորոշումից հետո՝ բուժման ի՞նչ եղանակներ են կիրառվում:

-Գոյություն ունեն վիրահատական բուժում, ինչպես նաև դեղորայքային կամ հսկողություն պահանջվող հիվանդություններ: Վահանաձև գեղձի բուժման ցուցումները՝ կախված բարդություններից, տարբեր են: Վիրահատական բուժման ենթարկվում են չարորակ նորագոյացությունները, հանգուցավոր ձևերը, որոնք ունեն թունավոր ակտիվություն: Հետկրծրոսկրային տարածություն անցած վահանձև գեղձի գոյացությունները, նույնպես վիրահատության համար բացարձակ ցուցում են, քանի որ չարորակացման ռիսկը բարձր է: Բարորակ հանգույցները վիրահատվում են մեծացման դեպքում, երբ վերջինիս չափերի պատճառով ճնշվում են հարակից օրգանները, որը մեխանիկական տեսանկյունից վտանգ է ներկայացնում այլ օրգանների համար: Հարաբերակական ցուցում կարող է համարվել հիվանդին անհանգստացնող էսթետիկ տեսքը:

-Ինչպիսի՞ ցուցումներ ու հակացուցումներ կան վահանգեղձի հիվանդությունների ժամանակ: Հնարավո՞ր է կանխարգելել հիվանդությունը:

-Տոքսիկ զոբի դեպքում հիվանդին հակացուցված է ֆիզիկական գերակտիվությունը, երկար արևի տակ լինելը: Հակացուցումները խիստ չեն հիպեթերիոզի դեպքում: Սննդի տեսանկյունից սահմանափակվում է յուղոտ սնունդը, բանջարեղենից` կաղամաբը, ծաղկակաղամբը, բրոկոլին, սպիտակ բոխկը, քանի որ վերջիններս հում վիճակում ունեն զոբոգեն ազդեցություն:
Բժիշկների թիմային աշխատանքի` սոնոգրաֆիստի ճիշտ նկարագրության, էնդոկրինոլոգի զգոնության ու վիրաբույժի հմտության շնորհիվ կարելի հիվանդին վերադարձնել կյանքի բնականոն ընթացքին: Բուժումից հետո` մշտական թերապիաները կիրառելով, հիվանդը կարող է լիովին առողջ զգալ:
Ինչ վերաբերում է հիվանդության վաղ ախտորոշմանն ու կանխարգելմանը՝ սոցփաթեթների ներդրումը բավականին մեծ արդյունքներ տվեց: Սկրինինգ հետազոտությունների միջոցով կարելի կանխարգելել այս հիվանդությունները: Քանի որ վահանագեղձի հիվանդությունները սկզբնական փուլերում կարող են ուղեկցվել առանց ախտանշանների՝ գանգատներ չունեցող հիվանդների մոտ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվում և բուժվում են այս հիվանդությունները:


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
15 հունվար, 2018