Ի՞նչ է անքնությունը և որքանո՞վ է վտանգավոր առողջության համար. Անահիտ Դարաբյան

«Նյարդաբանական շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում հոդվածը ներկայացնում է նյարդաբան Անահիտ Դարաբյանը:
 
Ի՞նչ է անքնությունը
 
Անքնությունը մարդու անկարողությունն է քնել, չնայած դրա համար առկա ցանկությանը և նպաստավոր պայմաններին։ Այն կարող է դրսևորվել ինչպես քնի անցնելու դժվարությամբ, երբ մարդը ցանկանում է քնել, բայց չի կարողանում և քնի պահպանման դժվարությամբ, երբ մարդը հաճախակի է արթնանում գիշերվա ընթացքում, դժվարությամբ է վերադառնում քնին կամ ասենք վաղ արթնանալով ցանկանում է շարունակել քնել, բայց չի ստացվում:
 
Ստացվում է, որ անքնություն ասելով չպետք է հասկանալ միայն քնի անցնելու դժվարությունը: Նաև պարտադիր պայման է ցերեկային ինքնազգացողության վատացման գանգատներով ուղեկցվելը՝ հոգնածություն, հիշողության վատացում, տրամադրության տատանումներ, գլխացավեր և այլն։ 
 
Հնարավո՞ր է արդյոք ընդհանրապես չքնել
 
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ առողջ մարդուն անհրաժեշտ է քնել օրական առնվազն 7 ժամ: Անքնության դեպքում անխոս այդ ժամանակը կրճատվում է, սակայն ասել, որ մարդը կարող է օրերով ընդհանրապես չքնել սխալ կլինի: Հաճախ մարդիկ ովքեր գանգատվում են, որ ընդհանրապես չեն քնում ունենում են քնի մեկ այլ խանգարում, որը կոչվում է քնի սխալ ընկալում: Այդ դեպքում պացիենտը կարող է նույնիսկ ամբողջ գիշեր քնել, բայց չընկալել, որ ինքը քնած է եղել: Նման մարդիկ հաճախ ասում են, որ տարիներով ընդհանրապես չեն քնում, իսկ հարազատները հավատացնում են, որ նրանք քնած են եղել ամբողջ գիշերվա ընթացքում: Դա պարադոքսալ անքնությունն է։
 
Վտանգավո՞ր է արդյոք անքնությունը
 
Անքնությունը կարող է լինել ինչպես առանձին հիվանդություն, այնպես էլ այլ հիվանդությունների բաղկացուցիչ մաս, ինչպիսիք են օրինակ դեպրեսիան, անհանգիստ ոտքերի համախտանիշը և շատ այլ նյարդաբանական ու հոգեբուժական խնդիրներ: Այն կարող է բարձրացնել նույնիսկ զարկերակային գերճնշման և ճարպակալման ռիսկը։
 
Առաջին հերթին պետք է հիշել, որ անհրաժեշտ է բացահայտել անքնության հնարավոր պատճառն ու տեսակը և այնուհետև ձեռնամուխ լինել նրա բուժմանը, քանի որ անքնությունը կարող է ինչպես ծանրացնել այլ հիվանդություններ, այնպես էլ առաջացնել առողջական խնդիրներ, վատացնել մարդու իքնազգացողությունը, ընկճել տրաբադրությունը և նվազեցնել կյանքի որակը:

Աղբյուրը՝ Doctors.am