Հերպես զոստեր, պատճառները և կլինիկական դրսևորումները. ներկայացնում է Անուշ Գասպարյան

«Նյարդաբանական շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում հոդվածը ներկայացնում է նյարդաբան Անուշ Գասպարյանը:

Սա վիրուսային հիվանդություն է, որը բնորոշվում է մաշկին միակողմանի հերպետիկ ցանավորմամբ և արտահայտված ցավային համախտանիշով։ Հիվանդության հարուցիչն է Varicella zoster վիրուսը- նույն ջրծաղիկի վիրուսը, հերպեվիրուսների ընտանիքից։

Ջրծաղիկով հիվանդացած երեխաների մոտ, վիրուսը անցնում է լատենտ վիճակի։ Այն մաշկի և լորձաթաղանթների միջոցով այնուհետև արյունով և լիմֆատիկ համակարգով անցնում է միջողային հանգույցներ և ողնուղեղի հետին արմատիկներ, որտեղ կարող է երկար ժամանակ մնալ լատենտ վիճակում։ Վիրուսի ակտիվացիան կատարվում է հիմնականում օրգանիզմի իմունիտետի անկման ժամանակ։ Հիվանդության սկսման ամենահաճախակի պատճառներն են․

. իմունիտետը իջեցնող պրեպարատների ընդունում,

. խրոնիկակակն սթրեսներն ու գերհոգնածությունը,

. օնկոլոգիական հիվանդությունները,

. ճառագայթային թերապիան,

. ՄԻԱՎ հիվանդները՝ այն ստադիան, երբ հիվանդությունն անցնւմ ե ՁԻԱՀ-ի,

. օրգանների և ոսկրածուծի փոխպատվաստումները։

Հիվանդության ակտիվացման պարտադիր կոմպոնենտ է հանդիսանում ինքնատիպ վիրուսային գանգլիոնևրիտը միջողային գանգլաիների և հետին արմատիկների կամ գանգուղեղային նյարդերի գանգլիաների ախտահարմամբ։

Հասնելով նյարդի վերջավորությանը վիրուսն առաջացնում է բորբոքային ռեակցիա այն շրջանում, որը նյարդավորում է տվյալ նյարդը , հիմնականում պրոցեսը տեղակայվում է միջողային նյարդերի կամ եռորյակ նյարդի ճյուղերի նյարդավորման շրջաններում։ Բնորոշ է միակողմանիությունը։ Մաշկային դրսևորումներին հիմնականում նախորդում են ընդհանուր թուլություն, ջերմաստիճանի բարձրացում, ծակծկոցի զգացում, քոր, նևրալգիկ ցավեր այն հատվածներում, որտեղ առաջանալու է ցանավորումը։ Այնուհետև առաջանում են վարդագույն ուռուցիկ լաքաներ, որոնց վրա 3-4 օրվա ընթացքում  ձևավորվում են էրիթեմատոզ պապուլաների խմբեր, որոնք արագ վերածվում են թափանցիկ պարունակությամբ բշտիկների։ Այս ամենն ուղեկցվում է արտահայտված ցավային համախտանիշով։ 6-8 օր անց բշտիկները չորանում են, առաջանում է դեղնա-շականակագույն վերք, որը ինքն իրեն թափվում է, թողնելով աննշան պիգմենտացիա։ Ինքնալավացումը կատարվում է 2-4 շաբաթվա ընթացքում, սակայն որոշ հիվանդներ մոտ քորը և ցավը կարող են շարունակվել ամիսներ, նույնիսկ տարիներ, որը դժվար է ենթարկվում բուժմանը,  այս վիճակն անվանում ենք՝ «հետհերպետիկ նեյրոպաթիկ ցավային համախտանիշ»։

Հերպետիկ ինֆեկցիան կարող է ունենալ տարբեր կլինիկակական դրսևորում, մասնավորապես այն հիվանդների մոտ, ովքեր ունեն իմունային համակարգի հետ խնդիրներ, շատ հաճախ հիվանդությունը կարող է ընթանալ բարդություններով, ինչպիսիք են՝

  • գեներալիզացված ցանավորում,

  • հերպետիկ էնցեֆալիտների զարգացում,

  • ողնուղեղի ախտահարում՝ հերպետիկ միելիտ,

  • Ռամսեյ-Խանտի համախտանիշ՝ դեմքի միմիկայի մկանների միակողմանի պարալիչ, արտաքին լսողական անցուղու, բերանի խոռոչի ցանավորմամբ, համակարգային գլխապտույտներով, լսողության ախտահարմամբ

  • Ստոծանու միակողմանի պարեզ:

Հիվանդությունն ունի բարենպաստ պրոգնոզ բացառությումբ հերպետիկ էնցեֆալիտի։  

 


Աղբյուրը՝ Doctors.am
1 մարտի, 2017