Լարվածության տիպի գլխացավեր. ներկայացնում է նյարդաբան Քրիստինա Հարությունյանը

«Նյարդաբանական շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում հոդվածը ներկայացնում է նյարդաբան Քրիստինա Հարությունյանը:

Գլխացավերը ամենատարածված նյարդաբանական խնդիրներից են: Երևի թե չկա այնպիսի մարդ, ով երբևիցե իր կյանքի ընթացքում գլխացավից գանգատված չլինի:

Գլխացավը դա գլխի և պարանոցի շրջանում տեղակայված ցավն է: Պետք է միշտ հիշել, որ այն հաճախ հանդիսանում է որևէ հիվանդության դրսևորում, սակայն կարող է և հանդես գալ որպես առանձին խնդիր: Տարբերում ենք առաջնային և երկրորդային գլխացավեր:

Առաջնային գլխացավերի մեջ ամենատարածվածը լարվածության տիպի գլխացավերն են:

Լարվածության տիպի գլխացավըսովորաբար սեղմող, ճնշող բնույթի է, ունի երկկողմանի տեղակայում: Այն կարող է լինել էպիզոդիկ կամ խրոնիկ: Լարվածության գլխացավերի զարգացման պատճառները բազմազան են. գերհոգնածությունը, սթրեսը, քնի հիգիենայի խանգարումը, հանգստի ռեժիմի բացակայությունը: Լարվածության գլխացավերը կարող են հանդես գալ որպես այլ հիվանդությունների դրսևորումներ, օրինակ կարող են լինել դեպրեսիայի նախնական դրսևորում, ինչպես նաև հաճախ են հանդիպում վահանաձև գեղձի հիվանդությունների ժամանակ:

Նմանատիպ գլխացավերի առկայության դեպքում առաջին հերթին անհրաժեշտ է կարգավորել առօրյան, ապահովել քնի և հանգստի ճիշտ ռեժիմ, խուսափել ավելորդ լարվածությունից և սթրեսից, զբաղվել սպորտով, օրինակ լողը, ինչպես գիտենք ունի հիանալի ռելաքսացիոն և նույնիսկ հակադեպրեսանտ ազդեցություն:

Իհարկե, եթե ցավը պահպանվում է և սովորական ցավազրկողները էֆեկտիվ չեն՝ անհրաժեշտ է դիմել նյարդաբանի`դեղորայքային լրացուցիչ բուժման նպատակով:

Ինչպես նաև բժշկի է պետք դիմել բոլոր այն դեպքերում, երբ

  • կա կյանքում առաջին անգամ դիտվող խիստ ուժեղ գլխացավ,
  • գլխացավեր, որոնց ուժգնությունը և հաճախությունը պրոգրեսիվ մեծանում է,
  • գլխացավ, որը ուղեկցվում է փսխումներով, գիտակցության կորստով և այլն, հետազոտման և երկրորդային պատճառները բացառելու նպատակով:

 

Աղբյուրը՝ Doctors.am