Ինչո՞վ է վտանգավոր ցերեկային քնկոտությունը. Սամսոն Խաչատրյան

«Նյարդաբանական շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում հոդվածը ներկայացնում է նյարդաբան, բ.գ.թ. Սամսոն Խաչատրյանը:

Արյդո՞ք նորմալ չէ, երբ մարդ ցերեկը քնում է

Իհարկե ո՜չ։ Եթե որևէ մեկը ցերեկային ժամերին հաճախ քնում է կամ շարունակ հակվածություն ունի քնելու, դրա միակ արդարացումը կարող է լինել գիշերային քնի խրոնիկ կրճատումը՝ լինի դա մտածված կամ ստիպված։ Այլ բոլոր դեպքերում արտահայտված ցերեկային քնկոտությունը պետք է գրավի թե՛ բժշկի, թե՛ այդ խնդիրը ունեցողի և շրջապատողների ուշադրությունը։ Եթե ուսումնասիրենք առանձին դեպքերը, կտեսնենք, որ կարծես քիչ չեն քնում գիշերը, բայց չեն հագենում քնով։ Հաճախ էլ կապում են հոգնածության հետ։ Սակայն առավոտյան ժամը 11:00-ին օրինակ ի՞նչ հոգնածություն։

Որո՞նք են պատճառները

Պատճառները շատ կարող են լինել։ Բաժանենք մի քանի խմբի.

Ա) Քնի դեպրիվացիա՝ խրոնիկապես կրճատված քուն,

Բ) Առաջնային քնի խանգարումների շարքից կենտրոնական ծագման հիպերսոմնիաներ (նարկոլեպսիա, իդիոպաթիկ հիպերսոմնիա, Կլայն—Լևինի համախտանիշ և այլ)

Գ) Այլ քնի խանգարումներ, որոնք առաջացնելով քնի ընդհատվածություն կամ կրճատում բերում են ցերեկային ժամերին արտահայտված քնկոտության պատկերի։ Այստեղ առաջատարն է քնի ապնոէի համախտանիշը կամ կրկնվող շնչադադարները խռմփոցով ուղեկցվող։ Նաև կարող է հանդիպել անհանգիստ ոտքերի համախտանիշի ժամանակ։

Դ) Այլ սոմատիկ կամ նյարդահոգեկան պաթոլոգիաներ. հիպոթիրեոզ, շաքարային դիաբետ, դեղորայքային, դեպրեսիվ խանգարում և այլն։

Ի՞նչ անել, երբ առկա է ցերեկային քնկոտություն

Անպայման հետազոտել գիշերային քունը հատուկ գործիքային եղանակով, որը կոչվում է պոլիսոմնոգրաֆիա։ Այն կօգնի հասկանալ, թե ինչ քնի խնդիր կարող է լինել պացիենտի մոտ։ Ամեն մի խնդիր ուրույն լուծումներ ունի, և երբեմն մեկի բուժումը, մյուսին կարող է խանգարել։ Օրինակ քնի շնչառական խնդիրներից հաճախ արթնացող անձը կբողոքի անքնությունից, և բժիշկը կարող է նշանակել քնաբեր։ Եվ ահա այստեղ բժշկության «մի վնասիր» սկզբունքը կխախտվի, քանի որ շատ քնաբեր դեղեր վատացնում են քնի շնչադադարի (ապնոէի) ընթացքը։ Այսպիսով ճիշտ ախտորոշումը հետագա բուժման հաջողության գրավականն է։

Քնի ապնոէն ինչպե՞ս է բուժվում

Անպայման հարկավոր է կարգավորել մարմնի քաշը, ինչպես նաև կիրառել կամ վիրահատական միջամտություն կամ հատուկ շնչառական սիպապ-սարքերի միջոցով վերացնել գիշերային մղձավանջը՝ բարելավելով թե՛ գիշերային քունը, թե՛ ցերեկային առույգությունը։ Դեղորայքով այս խնդիրը չի բուժվում։

Իսկ եթե նարկոլեպսիա է կամ այլ առաջնային հիպերսոմնիա

Այս դեպքում կա դեղորայք, որն օգնում է պացիենտներին ավելի արթուն մակարդակ ունենալ և հարմարվել կյանքին. այլապես նրանք կկորցնեն աշխատանքը, հետ կընկնեն ուսման մեջ։

Աղբյուրը՝ Doctors.am