Խրոնիկական միգրենի բուժում բոտուլոտոքսինով. ներկայացնում է Զարուհի Թավադյանը

«Նյարդաբանական շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում հոդվածը ներկայացնում է նյարդաբան Զարուհի Թավադյանը:

Ի՞նչ է միգրենը

Միգրենը խրոնիկական գլխացավի տեսակներից մեկն է, որը հաճախ ունի ժառանգական բնույթ: Այն բնորոշվում է միակողմանի կամ երկկողմանի տրոփացող գլխացավով, որն ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, ձայների, լույսի և հոտերի նկատմամբ գերզգայունությամբ: Գլխացավը կարող է տևել մի քանի ժամից մինչև երեք օր և զգալիորեն նվազեցնել հիվանդի աշխատունակությունը: Միգրենը լինում է էպիզոդիկ, երբ հիվանդն ունենում է առանձին նոպաներ, և խրոնիկական միգրեն, երբ հիվանդը տառապում է գլխացավից ամսվա ընթացքում առնվազն 15 օր: Խրոնիկական միգրենի համար նշանակվում է պրոֆիլակտիկ բուժում, որն իրենից ներկայացնում է տարբեր բնույթի դեղամիջոցների (հակացնցումային, հակադեպրեսանտային և այլ) երկարատև ընդունումը:

Ինչպե՞ս է կիրառվում բոտուլոտոքսինը միգրենի ժամանակ

2010թ-ին հաստատվել է բոտուլոտոքսինի կիրառման արդյունավետությունը խրոնիկական միգրենի բուժման համար։ Բոտուլոտոքսինը խանգարում է ցավ առաջացնող նյութերի արտազատումը՝ պաշարելով դեպի կենտրոնական նյարդային համակարգ այս ազդակների անցումը, որը կբերեր ցավի ուժեղացմանը: Բոտուլոտոքսինն օգտագործվում է գլխի և պարանոցի մկանների մեջ ներարկման ձևով: Ընդհանուր առմամբ ներարկում է կատարվում 31-39 կետերի մեջ, որը պետք է իրականացնի համապատասխան որոկավորում ստացած մասնագետը: Ներարկումը պարբերաբար՝ 12 շաբաթը մեկ պետք է կրկնել:

Ո՞ր դեպքերում կարելի է դիմել բոտուլոտոքսինի օգնությանը

Բոտուլոտոքսինն արդյունավետ է միայն միգրենի խրոնիկական ձևի ժամանակ: Նրա կիրառումը այլ գլխացավերի դեպքում՝ էպիզոդիկ միգրեն, լարվածության գլխացավ և այլն, հետազոտություններում ցույց չի տվել բավարար արդյունավետություն: Այս պատճառով գլխացավի տեսակը և այս մեթոդի կիրառման հակացուցումներն ու սահմանափակումները պետք է քննարկվեն նյարդաբանի հետ:

Աղբյուրը՝ Doctors.am