Լյարդի մասնահատման դեպք ծավալուն բարորակ նորագոյացության կապակցությամբ. Սուրեն Ստեփանյան

Հոդվածը ներկայացնում է «Արմենիա» ՀԲԿ Վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Սուրեն Աղոյի Ստեփանյանը:
 
Լյարդի մի շարք նորագոյացությունների կապակցությամբ կիրառվում է վիրաբուժական բուժում: Այդպիսի բարորակ նորագոյացությունների թվին է պատկանում ֆոկալ նոդուլար հիպերպլազիան: Այս ախտահարման դեպքում կլինիկական ախտանիշերն են ցավը և ծանրության զգացումը աջ թուլակողում:
 
Ֆոկալ նոդուլյար հիպերպլազիան կարող է հասնել մեծ չափերի առանց բարդություններ առաջացնելու: Ախտորոշման մեջ անգնահատելի են ուլտրաձայնային հետազոտոթյան և կոնտրաստավորմամբ համակարգչային շերտագրության դերը: Ընդ որում, ուլտրաձայնային հետազոտությունն անհրաժեշտ է նաև որպես ներվիրահատական միջոց՝ որոշելու համար լյարդի նորագոյացության հեռացման հնարավորությունը:
 
«Արմենիա» ՀԲԿ Վիրաբուժության կլինիկայում վերջին տարիներին կատարվել են աշխատանքներ լյարդի նորագոյացությունների վիրաբուժական բուժման ուղղությամբ: Կատարվել են վիրահատություններ այս ոլորտում մեծ փորձ ունեցող վիրաբույժ Ս.Հ.Հակոբյանի հետ համատեղ: Ռուսաստանի հայ բժիշկների միության և անձամբ պրոֆ. Ի.Ռ.Կարապետյանի ջանքերով կազմակերպվեցին ՛՛Արմենիա՛՛ ՀԲԿ վիրաբուժության կլինիկայի ղեկավար Ս.Ա.Ստեփանյանի և նույն կլինիկայի վիրաբույժ Հ.Ս.Հովհաննիսյանի վերապատրաստումը Մոսկվայի Ա.Վ.Վիշնևսկու անվան Վիրաբուժության ինստիտուտի Լյարդի և ենթաստամոքսային գեղձի վիրաբուժության բաժանմունքում:
 
«Արմենիա» ՀԲԿ Վիրաբուժության կլինիկա էր դիմել լյարդի 7-8-րդ սեգմենտների շրջանում ծավալային նորագոյացությամբ երիտասարդ կին: Գանգատներն էին ծանրության զգացումը, երբեմն ցավը աջ թուլակողում, աջ գոտկային շրջանում: 
 
Կոնտրաստավորմամբ կատարված համակարգչային շերտագրությամբ հայտնաբերվել էր լյարդի 7-8-րդ սեգմենտների շրջանում 6,8-5,2 սմ չափերի ծավալային նորագոյացություն:
Ընդհանուր անզգայացման տակ /անէսթեզիոլոգ Տ.Լ.Զագինայլո, բաժանմունքի վարիչ Ա.Ս.Ղազարյան/ կատարվեց վիրահատություն /վիրաբույժներ Ս.Ա.Ստեփանյան, Հ.Ս.Հովհաննիսյան, Ա.Յու.Ալեքսանյան/, որի ընթացքում իրականացվեց լյարդի անատոմիական մասնահատում՝ հեռացվեցին 8-րդ սեգմենտը և 7-րդ սեգմենտի մի մասը ուռուցքի հետ միասին: 
 
Հետվիրահատական բուժումը կազմակերպվեց ինտենսիվ թերապիայի բաժանմունքում /ծառայության ղեկավար Ա.Ա.Ղազարյան, բաժանմունքի վարիչ Ս.Գ.Մակարյան/, հետո առաջին վիրաբուժական բաժանմունքում /բաժանմունքի վարիչ Խ.Տ.Էյրամջյան/: Հետվիրահատական շրջանն ընթացավ հարթ, հիվանդը դուրս գրվեց կլինիկայից առողջացմամբ:
 
Լյարդի վիրաբուժության բնագավառում մեր կատարած աշխատանքները և նրանց արդյունքները հուսադրող են, և հետազոտությունները, որոնումները շարունակվելու են: 
 
   
   
 
Սկզբնաղբյուր՝ Doctors.am
21 փետրվարի, 2017