«Առանց տարիքի» ապրելու մեթոդները՝ «Ageless» ամսագրի աշնանային համարում

«Ageless» ամսագիրն իր աշնանային համարում ներկայացնում է թեմաներ, որոնք կհետաքրքրեն այն մարդկանց, ովքեր ցանկանում են պահպանել առողջությունն ու մնալ երիտասարդ՝ «առանց տարիքի»: «Աստղիկ» ԲԿ-ի Կանանց կոնսուլտացիայի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ, «Հայաստանի հակատարիքային ասոցացիայի» նախագահ, «Ageless»-ի հիմնադիր Իննա Պերսոյանի խոսքով՝ ամսագրի ստեղծման մտահաղացումն առաջացել է մեկ տարի առաջ: «Մեր նպատակն էր ունենալ այնպիսի ամսագիր, որը կարող է պատմել մարդկանց ճիշտ ապրելակերպի, առողջության, երիտասարդ և երկարակյաց լինելու մասին»,-ասաց նա: Բժշկուհու կարծիքով՝ ամենակարևորը կյանքի որակն է: «Մենք ցանկանում ենք, որ մարդիկ օգտագործելով մեր խորհուրդները լինեն սոցիալապես ու ֆիզիկապես ակտիվ ինչպես առօրյայում, այնպես էլ իրենց ընտրած մասնագիտության շրջանակում: Եթե մարդը հիվանդ է, ապա սահմանափակվում է նաև աշխատելու կարողությունը»,-նշեց նա, ավելացնելով, որ հաջորդ համարներում կներկայացվեն նաև տարեցների նորաձևությանը վերաբերող այն թեմաները, որոնք մարդկանց դարձնում են ավելի երիտասարդ եւ օգնում՝ ապրել երջանիկ:

«Ageless»-ի գլխավոր խմբագիր Արմինե Ասատրյանը նշեց, որ ամսագիրը լույս է տեսնելու տարին չորս անգամ, իսկ տեղ գտած նյութերը համահունչ են լինելու տարվա եղանակներին: «Սոցիալական կայքերի միջոցով աշխատում ենք հասկանալ, թե բժշկության բնագավառի, որ հարցերն են արդիական, և որոնք են ավելի շատ հուզում մարդկանց: Այստեղ հնարավոր է սպառիչ պատասխաններ ստանալ լավագույն բժիշկների կողմից»,-ասաց նա: Ըստ գլխավոր խմբագրի՝ ամսագիրն իր անվանը համապատասխան՝ «առանց տարիքի» կամ «տարիքից դուրս», այն մարդկանց մասին է, որոնք պատրաստ են ամբողջ կյանքի ընթացքում լինել կենսունակ ու երիտասարդ, ինչը վերաբերում է ոչ միայն արտաքին տեսքին, այլ կյանքի որակին ու հայացքներին: «Եթե մարդն առողջ է, ապա կարող է երիտասարդ համարվել՝ անկախ տարիքից: Այս պատճառով ամսագրի մեծ մասը նվիրված է բժշկության տարբեր բնագավառներին: Ամսագրում թեմաներն առանձնացված են խորագրերով, որտեղ մասնագետները ներկայացնում են հետաքրքիր տեղեկատվություն»,-ավելացրեց նա:

Գլխավոր խմբագրի խոսքով՝ մայիսին լույս տեսած առաջին համարի հերոսը աշխարահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրն է, որն ամբոջությամբ համապատասխանում է ամսագրի էությանը: Երկրորդ համարում՝ «Շապիկի դեմքը» խորագրի տակ, հանդես է գալիս «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» պլաստիկ ու դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հայկ Ենոքյանը: «Այս անգամ ցանկացանք 

ներկայացնել մի բժշկի, որը մարդկանց պարգևում է այդ երիտասարդությունը: Նա կարողանում է բուժել ու միաժամանակ շտկել արտաքինի հետ կապված թերություններ»,-ընդգծեց նա:

Հայկ Ենոքյանն ամսագրում ներկայանում է՝ «նա ով պարգևում է երջանկություն, երջանիկ է կրկնակի» կոչով: Բժշկի խոսքով՝ երիտասարդությունն ու պլաստիկ վիրաբուժությունը փոխկապակցված են, մասնավորապես, պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժությունը ստեղծված է մարդու երիտասարդացման ու գեղեցկացման նպատակով, և տալիս է շատ մեծ հնարավորություններ ցանկալի արտաքին տեսք ստանալու հարցում: «Այսօր կիրառվում են նաև ոչ վիրահատական եղանակներ երիտասարդ մնալու, կամ էլ ավելի երիտասարդանալու համար»,-նշեց պլաստիկ վիրաբույժը:
Նրա կարծիքով՝ ամսագրի ստեղծումը ողջունելի և օգտակար մտահաղացում է: «Ամսագիրը թերթելիս, ես տեղեկություն ստացա Հայաստանում գործող նոր մեթոդների մասին, տեսա նոր դեմքեր, իսկ այսօրվա միջոցառումը հնարավորություն ստեղծեց անձամբ ծանոթանալ նրանց հետ»,-ընդգծեց նա:

Ամսագրում «Տղամարդու առողջություն» խորագիրը ներկայացնող սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի խոսքով՝ մեր օրերում նման հանդեսների կարիք շատ կա, քանի որ տպագիր մամուլն իր տեղը զիջում է էլեկտրոնայինին: Այսպիսի ամսագրերը մեր հանրությանն անհրաժեշտ են, և հնարավորություն է տալիս անմիջապես մասնագետներից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն: «Այսօր բժշկության մասին գրում են ամենուր ու չճշտված աղբյուրներից: Նյութեր են թարգմանում բժշկության, այդ թվում սեռական առողջության մասին, ինչը մեծ պահանջարկ ունի, սակայն վնասում է մարդկանց: Իսկ այս տեսակի հնադեսներն օգտակար ու սպասված են ընթերցողների կողմից»,- ընգծեց սեքսոպաթոլոգը:
Ի տարբերություն «Ageless»-ի առաջին համարի, որը վաճառքի ենթակա չէր՝ երկրորդն արդեն հասանել է հանրությանը: Ամսագրի երրորդ համարը կթողարկվի ձմռանը: Դրա շրջանակում նախատեսվում է իրականացնել մի շարք նախագծեր:
«Ageless»-ի երկրորդ համարի շնորհանդեսին ներկա էին ամսագրի բովանդակալից խորագրերը նեկայացնող մասնագետները, բժիշկներ և այլ հյուրեր:

Աղբյուր՝ Doctors.am