Կարևորվեց հայ-իտալական հետագա համագործակցությունը

ministry of health

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, ով ավարտում է իր դիվանագիտական գործունեությունը Հայաստանում:

Իտալիայի դեսպանը նախարարի հետ հանդիպման ընթացքում ընդգծեց, որ թեև իր դիվանագիտական գործունեությունն ավարտվում է, սակայն անձնական ամուր կապեր ունի Հայաստանի հետ:

\"Կարող եմ ասել, որ Հայաստանում ապրած այս տարիները մեծ հնարավորություն ընձեռեցին հայացք գցել իմ գործունեությանը և կատարած աշխատանքին: Երբ առաջին անգամ ոտք դրեցի Հայաստան , տպավորությունն այնպիսին էր, թե Իտալիայում եմ և մեր ժողովուրդների նմանությունը մեծ խթան հանդիսացավ արդյունավետ համագործակցության համար\",-նշեց Սկապինին:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը և նախարարին, կարևորեց Հայաստան-Իտալիա հարաբերությունների հետագա դինամիկ զարգացումը` ընդգծելով ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը տնտեսական և քաղաքական ոլորտներում:

Առողջապահության նախարարը մեծապես կարևորեց դեսպան Սկապինիի ներդրումը հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում` բարձր գնահատելով այն աջակցությունը, որն Իտալիան ցուցաբերել է Հայաստանին դեռևս երկրաշարժի տարիներին:

\"Առողջապահության ոլորտում երկկողմ համագործակցությունը նոր փուլ է թևակոխել, ինչին նաև նպաստեց իտալական մի շարք առաջատար բժշկական կենտրոնների սրտային վիրաբույժներից կազմված պատվիրակության այցը Հայաստան: Սրտային վիրաբուժության ոլորտի հայ մասնագետների հետ հանդիպումների ժամանակ համագործակցության նոր հեռանկարներ բացվեցին\",-ընդգծեց Դերենիկ Դումանյանը:

Իտալացի գործընկերներն այդ այցի շրջանակներում ուսումնասիրեցին վերոնշյալ բնագավառում մեր երկրի կարողությունները, ծանոթացան առկա խնդիրներին, հայ մասնագետների հետ քննարկեցին սրտային վիրաբուժության ոլորտում համագործակցություն ծավալելու առավել նպատակահարմար տարբերակները:

Իտալիայի դեսպանն անձամբ մշտապես ակտիվ ու գործնական աջակցություն է ցուցաբերել առողջապահության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքին:

Հայ-իտալական համագործակցությունն ունի ամուր հենք և դեռևս 1997թ. ապրիլի 2-ին Հռոմում ՀՀ և Իտալիայի առողջապահության նախարարությունների միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության հուշագիր է ստորագրվել, որի շրջանակներում պարբերաբար մի խումբ հայ բժիշկներ վերապատրաստվել են Իտալիայի առաջատար հիվանդանոցներում:

ՀՀ առողջապահության նախարարը դեսպան Բրունո Սկապինիին մաղթեց առողջություն և հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:


Աղբյուրը՝ Doctors.am
Առողջապահության նախարարություն