Ինչու՞ են ինքնասպանություն գործում

Թեև յուրաքանչյուր ինքնասպանություն բազմաբովանդակ երևույթ է և ունի իր կենսաբանական, կենսաքիմիական, փիլիսոփայական, միջանձնային, մշակութային, սոցիոլոգիական, ներհոգեկան, տրամաբանական, գիտակցական և անգիտակցական բաղադրատարրերը, այնուամենայնիվ այս երևույթի մանրամասն վերլուծական դեպքում առաջին պլան է մղվում նրա հոգեբանական բնույթը, սա իցիդենտի հոգեկան վիճակը:
Այլ կերպ ասած յուրաքանչյուր սուիցիդալ դրամայում գործողությունը տեղի է ունենում մարդու յուրատիպ հոգում:


Գրականության մեջ ինքնասպանության պրոբլեմն իր արտացոլումն է գտել դեռևս Հին Եգիպտոսի ժամանակներից: Հետազոտողները հենց այս շրջանին են վերագրում "Հիասթափվածի վեճը իր հոգու հետ" բանաստեղծությունը: Ահա թե ինչպես է անհայտ հեղինակն արտահայտում իր վիճակը.

"Մահը հիմա ինձ թվում է,
Հիվանդության բուժում,
Տանջանքների գերությունից ազատում..."


Ինչպես տեսնում ենք, այստեղ խոսքը հեղինակի հոգեկան վիճակի մասին է: Այդպես է մտածում նաև Ն. Բերդյաևը. "Ինքնասպանությունն իրենից ներկայացնում է հոգեբանական երևույթ ե որպեսզի հասկանանք այն, առաջին հերթին պետք է փորձենք պարզել այն մարդու հոգեկան վիճակը, որը որոշել է վերջ տալ իր կյանքին":
Հայտնի է, որ կյանքը հազվադեպ է լինում հաճելի: Հաճախ այն լինում է դժգույն և դժվար: Կյանքի դրական կողմերն իրենց մեջ ներառում են ուրախությունն ու երջանկությունը, բավարարվածությունն ու բարեկեցությունը, հաջողությունն ու հարմարությունը, ստեղծագործական էներգիան ու ֆիզիկական առողջությունը,հույսը, հավատը, սերն ու փոխըմբռնումը:
Դրանք բոլորն էլ իրենցից ներկայացնում են մի մեծ քաղաքի (եթե մարդու կյանքի ուղին պատկերենք քաղաքի տեսքով) երջանիկ ու ոգևորող փողոցներն ու խաչմերուկները: Սակայն այդ քաղաքի մեծ մասը կազմում են միօրինակ, առօրյա, սովորական, հուզականորեն չեզոք ճանապարհները, որոնցով արագ անցնում է կյանքը և վերածվում անխորհուրդ ճանապարհորդության:

Ավելին` գոյություն ունեն նաև կյանքի դրամատիկ կողմեր վիշտ, թախիծ, ամոթ, ստորացում, կործանում, անկում, անհաջողություն, տառապանք, որոնք այդ լուսավոր քաղաքի բազմաքանակ և մութ անկյուններն են: Երբ ընկնում ենք այդ մութ անկյուններից որևէ մեկի մեջ և չենք կարողանում ելքը գտնել մեզ պատում է վախը, խուճապը, թախիծն ու տառապանքը: Այդ չընդհատվող տառապանքն, ի վերջո, առաջացնում է հոգեկան ցավ, որը լինելով բացասական հույզերի ծնունդ, կաթիլ առ կաթիլ սպառում է ուժերդ:

Հենց այսպիսի դեպքերում մարդն սկսում է խորհել կյանքի անիմաստության մասին: Եթե միաժամանակ կորցնում է և հույսը, ապա ինքնասպանությունը դառնում է անխուսափելի:  Ինքնասպանությունը բողոք է ոչ միայն հասարակության այլ նաև կյանքի դեմ: Դա ոչ թե ձգտում է դեպի մահը, այլ ապրելու անկարողություն:
Այդ գաղափարը հերքել կարելի էր միայն հակաֆորմուլայով, ինչն արեց Վ. Մայակովսկին.

"Այս կյանքում
Դժվար չէ մեռնել: Կյանքը կառուցելն է
զգալիորեն ավելի դժվար":

Ինքնասպանության բարոյա-հոգեբանական վերլուծության մեջ, որպես ելակետ պետք է ընդունել "կյանքի իմաստ" կատեգորիան, որն անձի կողմից կյանքը հասկանալու և զգալու առավել ընդհանուր և ամբողջական բնութագրիչն է: Ակնհայտ է, որ յուրաքանչյուր մարդ, որքան էլ տարված լինի իր առօրյա հոգսերով և գործերով, ուզում է ոչ միայն ուղղակի ապրել, այլ նաև զգալ, որ իր գոյությունը, գործունեությունը, ապագայի նկատմամբ ձգտումը, խոչընդոտների հաղթահարումը, ունեն որոշակի իմաստ:

Առօրյա իրադարձությունների ընթացքում մենք հաճախ գիտակցում ենք, որ մեզ հարկավոր է ոչ միայն կյանքը, որպես այդպիսին, այլ նրա իմաստավորվածություն: Առանց այդ էլ մենք կյանքը ընկալում ենք որպես դրական հրևույթ, իսկ մահվան նկատմամբ ընդհակառակը ունենք խիստ բացասական վերաբերմունք, քանզի այն ողբերգական է, անորոշ և վախ է ներշնչում:
 Հենց կյանքի և մահվան նկատմամբ կարծես թե նախապես տրված այս բևեռացված վերաբերմունքի մեջ կարելի է տեսնել այն "առեղծվածային կյանքի բնազդը", որը համարվում է կենդանիների և մարդկանց կենսաբանական գոյության նախահիմքը:

Մեխանիզմը, որը յուրահատուկ է սուիցիդալ վարքին, սուիցիդալ որոշումը վեր է ածում սուիցիդալ ակտի (գործողությւսն), ինքնին մահվան և կյանքի նկատմամբ վերաբերմունքի ինվերսիան է (փոփոխություն): Ինքնասպանությունը ենթադրում է կյանքի և մահվան դաժան մենամարտ, որի ընթացքում պարտության է մատնվում այն ամենը, ինչը նրան պահում էր այս աշխարհում: