Աղմուկը և ծանրալսությունը

Մարդու ականջը փոքրիկ, սակայն բարդ և զգայուն օրգան է: Ականջի միջոցով ընկալում ենք շրջակա միջավայրի ձայները, հաղորդակցվում  միմյանց հետ:
Ձայնի ընկալումը բնության մեծագույն պարգև է, ժամանակակից պայմաններում դրա լրիվ բացակայությունը հազվադեպ է և անսովոր: Մեծ քաղաքները մարդկանց գրավում են նաև այն պատճառով, որ այստեղ գոյություն ունի ձայնային որոշակի ֆոն, կյանքի «եռուզեռ», իսկ գյուղական պայմաններում «ձայնային քաղցի» վիճակ է, որն առաջացնում է մենակության զգացում:
Ձայնային ազդանշանները բնորոշվում են ալիքի բարձրությամբ ու տատանման հաճախականությամբ և բաժանվում են երկու մասի` հնչյունների (տոներ) և աղմուկների: Հնչյուններն ունեն ալիքի հաստատուն կամ պարբերաբար փոփոխվող հաճախականություն, այսինքն` որոշակի ռիթմիկություն: Ձայնային ազդանշաններն ականջով հաղորդվում են ուղեղի կեղև, որտեղ ենթարկվում են վերծանման. որոշակի ինֆորմացիա պարունակող ձայնը յուրացվում է և դրա նկատմամբ առաջանում է համապատասխան ռեակցիա: Աղմուկը չի պարունակում օգտակար ինֆորմացիա, ընդհակառակն, խանգարում է նրա ընկալմանը և անբարենպաստ ազդեցություն գործում: 
Աղմուկը խանգարում է ստեղծագործական աշխատանքին:
Աղմուկը տարբեր ձայների անկանոն, քաոսային զուգորդությունն է, որն անբարենպաստ ազդեցություն է գործում մարդու առողջության վրա: Խանգարվում են աշխատանքային գործունեությունն ու հանգստի վիճակը, և մարդը շուտ է հոգնում, օգտակար ինֆորմացիայի` խոսքի, երաժշտության ընկալումը դժվարանում է, առաջանում է նյարդահուզական գրգռված վիճակ: Աղմուկի բարձր մակարդակն ազդում է վեգետատիվ ֆունկցիաների, տարբեր օրգան-համակարգերի վրա (սիրտանոթային, ստամոքսաաղիքային, հորմոնային) և այլն: 
 
Որպեսզի հասկանանք, թե ուժգին ձայներն ինչպես են ազդում լսողության վրա, հակիրճ ներկայացնենք լսողության ֆիզիոլոգիան:
Լսողության և հավասարակշռության օրգանները տեղակայված են քունքոսկրի հաստության մեջ: Լսողության օրգանը բաղկացած է երեք մասից` արտաքին, միջին և ներքին ականջից:
Արտաքին ականջն ականջախեցին է և արտաքին լսողական անցուղին: Ականջախեցին արտաքին աշխարհից որսում է ձայնային տատանումներ, որոնք անցուղու միջով հասնում են թմբկաթաղանթին: Վերջինս արտաքին ականջը բաժանում է միջին ականջից: Ձայնային ալիքներն առաջացնում են  թմբկաթաղանթի  տատանում, որը լսողական ոսկրիկների շղթայի եւ ձվաձև պատուհանի միջոցով հաղորդվում է ներքին ականջ, առաջացնելով շուրջավիշի եւ  թաղանթային խխունջի հեղուկի` ներավիշի ծփանք: Ծփանքի ալիքների տատանումները հաղորդվում են բուն լսողական օրգանի լարերին, որոնց վրա գտնվող զգայուն թարթչավոր բջիջները լսողական նյարդի նուրբ թելիկների միջոցով գրգիռը հասցնում են մինչև մեծ ուղեղի կեղեւի լսողական բարձրա•ույն կենտրոն: Այստեղ էլ զանազանվում և ընկալվում են տարբեր ձայները, բառերն ու հնչյունային երանգները:
Ձայնի ուժգնությունը չափվում է դեցիբելներով (դԲ): Առօրյա խոսքը մոտ 40-60 դԲ է, մանկական խաղահրապարակի աղմուկը` 65 դԲ, փոշեծծիչի ձայնը` 70 դԲ, իսկ բարձր երաժշտությունը` 120 դԲ:
 
Հարուստ և հիասքանչ է երաժշտական հնչյունների աշխարհը: Ներդաշնակ և որոշակի ռիթմիկություն ունեցող ձայներն ընդունակ են առաջացնելու մեծագույն հաճույք,  ամենանուրբ զգացմունքներ, մարդկանց տանելով երազանքների աշխարհ: 
Ժամանակակից մարդու լսողական օրգանը  շրջակա միջավայրի աղմուկի, մեքենաների և զանազան այլ սարքավորումների աշխատանքի ժամանակ արտաբերվող բարձր ձայների ազդեցության հետևանքով գտնվում է գերլարված վիճակում: Քաղաքակրթության ներկա «բարիքներին» գումարվում են նաև  աուդիոփլեյերները, որոնցից հնչող երաժշտության ձայնի ուժգնության մակարդակը կարելի է բարձրացնել մինչև 115 դԲ-ի, որը լուրջ վնաս կարող է հասցնել լսողությանը նույնիսկ ամենակատարյալ ականջակալների օգտագործման դեպքում:

 
Պատկերացնելու համար, թե ուժգին ձայներն ինչպես են ազդում լսողական օրգանի վրա, թարթչավոր բջիջները կարելի է համեմատել ցորենի արտի, իսկ ձայնային ալիքները` քամու հետ: Թեթև քամին նման է թույլ ձայնին. այն թեթևակիորեն  թեքում  է ցորենի հասկերի գագաթները` առանց վնասելու դրանց: Քամու ուժգնացմանը զուգընթաց` հասկերի ցողուններն ավելի շատ են թեքվում, իսկ երկարատև ուժգին կամ կարճատև բայց շատ ուժգին քամին կարող է լուրջ վնասել արտը` կոտրելով ցողունները:
 
Ուժգին ձայնը նման ազդեցություն է գործում թարթչավոր բջիջների վրա: Հանկարծակի հնչող բարձր ձայնը կարող է ներքին ականջում առաջացնել արյունազեղում, թաղանթների պատռում, սպիական փոփոխություններ, որի հետևանքով լսողությունը նվազում է: Երկարատև հնչող ուժեղ ձայնը վնասում է թարթչավոր բջիջներին, առաջացնելով քրոնիկական միկրովնասվածքներ և ներքին ականջում տեղի են ունենում անոթանյարդային և դիստրոֆիկ փոփոխություններ ու
 լսողության նվազում: Ձայնը որքան ուժեղ է, այնքան ներքին ականջն ավելի արագ է վնասվում: Ընդ որում, 85 դԲ ից սկսած ձայնի ուժգնության յուրաքանչյուր  10 դԲ-ով բարձրացումը 10 անգամ մեծացնում է լսողական օրգանի վրա դրա վնասակար ազդեցությունը: Ինչպես արդեն նշեցինք,  ականջակալներով երաժշտություն լսելիս ձայնի ուժգնությունը կարող է հասնել 115 դԲ-ի: Եթե երկու ժամ շարունակ 85 դԲ ուժգնությամբ աղմուկի պայմաններում  գտնվելիս լսողական օրգանը չի վնասվում, ապա անգամ ականջակալներով կես ժամից ավելի 110 դԲ ուժգնությամբ երաժշտություն լսելիս` այն լրջորեն վնասվում է: Գիտական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ականջակալներով բարձր երաժշտություն լսողների լսողական օրգանը 30 տարեկանում ենթարկվում է այնպիսի փոփոխությունների, ինչ  նման «բարիքներից» չօգտված 60-70 տարեկաններինը:
Ժամանակակից պայմաններում մարդը տառապում է միջավայրի ձայնային աղտոտումից և երազում է լսել լռությունը` որպես հանգստի և ուժերի վերականգնման կարևոր գործոն: Հարկ է նշել, որ երեխաների լսողական օրգանը շատ ավելի նուրբ և խոցելի է, քան մեծահասակներինը, հետևաբար խորհուրդ չի տրվում տանն ամբողջ հզորությամբ բարձրացնել ռադիոընդունիչի կամ հեռուստացույցի ձայնը, պետք է համոզել երեխային խուսափել աուդիոփլեյերով երաժշտություն լսելուց: Իսկ եթե, այնուամենայնիվ, նա երաժշտություն լսելիս օգտվում է ականջակալներից, ապա երաժշտության ձայնը պետք է այնքան թույլ լինի, որ շրջակա միջավայրի ձայները նույնպես լսելի լինեն: Այս դեպքում երեխայի լսողական օրգանը չի վնասվի:
Օրորոցային երգի մեղմ հնչյունների ներքո երեխան լսում է լռությունը և արագ քնում: Լռությունը մեծ բարիք է, այն պետք է վայելել:

բ.գ.թ., դոցենտ
Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ
քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոն