Ի՞նչ է Քրոնիկ տոնզիլիտը. ներկայացնում է օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ) Նունե Մալխասյանը

Քրոնիկ տոնզիլիտը քմային նշիկների ախտահարումն է և դասվում է վերին շնչուղիների հիվանդությունների շարքին, այն ընդհանուր վարակային-ալերգիկ հիվանդություն  է, տեղային դրսևորումով: Առաջացման հիմնական պատճառը բերանի խոռոչի բակտերիալ հավասարակշռության խանգարումն է: Կրկնվող անգինաները, սուր վարակիչ հիվանդությունները (կարմրուկ, քութեշ, կապույտհազ), նաև քրոնիկ բորբոքային օջախները՝ ադենոիդիտ, սինուսիտ, կարիես, ավիտամինոզ:
Այս խնդրի տարածվածությունը մեծ է: Հաճախ դիմում են և՛ երեխաները, և՛ մեծերը: ՔԿԱ թիվ 2 բուժմիավորման Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ) Նունե Մալխասյանը ներկայացնում է հիվանդության առաջացման պատճառները, տեսակները և խոսում բուժման հնարավոր տարբերակների մասին:

Ի՞նչ է քրոնիկ տոնզիլիտը, ի՞նչ տեսակներ ունի և որոնք են առաջացման պատճառները:
Քրոնիկ տոնզիլիտը քմային նշիկների ախտահարումն է և դասվում է վերին շնչուղիների հիվանդությունների շարքին: Առաջացման հիմնական պատճառը բերանի խոռոչի բակտերիալ հավասարակշռության խանգարումն է, որի պատճառով խոռոչ են ներթափանցում պաթոգեն միկրոբներ,ախտահարում են քմային նշիկները և սկսվում է սուր բորբոքում:
Քրոնիկ տոնզիլիտը ունի տարբեր դասակարգումներ ըստ տարբեր հեղինակների: Ըստ Սալդատովի քրոնիկ տոնզիլիտն ունի երկու տեսակ`կոմպենսացված և դեկոմպենսացված: Ըստ Պրեոբրաժենսկու լինում է հասարակ, տոկսիկոալերգիկ առաջին և երկրորդ աստիճանի`ըստ ախտահարման բարդության: Այն կարող է առաջանալ սուր տոնզիլիտի թերի բուժման արդյունքում կամ համապատասխան բուժում չստանալու դեպքում:
Քմային նշիկները համարվում են առաջնային պաշտպանիչ օրգաններից մեկը և մասնակցում են օրգանիզմի ընդհանուր իմուն համակարգի գործունեությանը: Երբ միկրոբը ներթափանցում է բերանի խոռոչ,օրգանիզմ,անմիջապես նշիկները սկսում են իրենց պաշտպանիչ ֆունկցիան կատարել և վերացնում են այդ հարուցիչը:

Միջնապատի ծռվածությունը կարո՞ղ է քրոնիկ տոնզիլիտի առաջացման պատճառ դառնալ կամ նպաստել իրավիճակի բարդացմանը:
Իրավիճակը կարող են բարդացնել, քանի որ միջնապատի ծռվածության պատճառով քթային շնչառությունը դժվարանում է և մարդը ստիպված է լինում շնչել բերանով, որի պատճառով ավելի շատ միկրոօրգանիզմներ են ներթափանցում խոռոչ: Քմային նշիկները լարվում են և սկսում պայքարել այդ միկրոբների դեմ, արդյունքում սկսվում է սուր տոնզիլիտ: Երբ հիվանդացությունների թիվը տարվա մեջ մեծանում է`  5-6 անգամ մարդը հիվանդանում է սուր տոնզիլիտով, այդ ժամանակ քմային նշիկները իրենց ֆունկցիան թերի են կատարում և չեն կարողանում բավականաչափ պայքարել հարուցիչի դեմ և սկսվում է քրոնիկ տոնզիլիտը:
Քրոնիկ տոնզիլիտը կարող է առաջանալ նաև անգինաներով չհիվանդանալու դեպքում: Հիվանդը նշում է, որ չի հիվանդացել, բայց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կա խնդիր: Հաճախ լինում են աղեղները հաստացած, կպումներով: Հաճախ լակունաներում լինում են թարախային խցաններ, որոնք օրգանիզմում հանդիսանում են ինֆեկցիայի օջախ:

Որքա՞ն հաճախ են դիմում այս խնդրով:
Այս խնդրի տարածվածությունը մեծ է: Հաճախ են դիմում և երեխաները, և մեծերը:
Հաճախ լինում են դեպքեր, երբ հիվանդացել են մանկական տարիքում, հետո ավելի մեծ տարիքում դադար է եղել, օրգանը մնացել է հարաբերական հանգիստ վիճակում, հետո 20-23 տարեկան հասակում նորից ակտիվացել է:

Ինչպիսի՞ ախտանիշներ են լինում հիվանդության ժամանակ:
Անընդհատ դիսկոմֆորտ է լինում բկանցքում, կարող է լինել ցավ կլման ժամանակ, կամ քերոցի, օտար մարմնի զգացողություն կոկորդում: Արտադրություն կարող է լինել ժամանակ առ ժամանակ նշիկի լակունայից: Կարող են լինել նաև հոդացավեր, մեջքի ցավեր, ընդհանուր թուլություն, ախորժակի բացակայություն և ջերմություն:

Ախտորոշումից հետո, բուժման ի՞նչ եղանակներ են կիռարվում:
Քրոնիկ տոնզիլիտի բուժման երկու տարբերակ ունենք: Առաջինը կոնսերվատիվ բուժումն է և վիրահատական:Կոնսերվատիվ բուժման 3-րդ կուրսից հետո, եթե հիվանդությունը չի բուժվում, այդ դեպքում անցնում ենք վիրահատական բուժման: Վիրահատական բուժման ցուցումը հաճախակի թարախային անգինաներով հիվանդացությունն է,այսինքն`եթե տարվա մեջ 4-5 անգամ պացիենտը հիվանդանում է թարախային կամ սուր անգինայով, այդ դեպքում պետք է մտածել վիրահատական բուժման մասին:Եթե ունենում է թեկուզ մեկ դեպք պարատոնզիլիարաբսցեսի այդ դեպքում կրկին պետք է մտածել վիրահատական բուժման մասին:

Իսկ պրակտիկան ի՞նչ է ցույց տալիս:Կոնսերվատիվ բուժումը օգնում  է, թե այնուամենայնիվ, վերջում պետք է վիրահատել:
Կոնսերվատիվ բուժումը օգնում է: Շատ դեպքեր են եղել, որ կոնսերվատիվ բուժման փուլից հետո վիրահատության կարիք չի եղել: Կոնսերվատիվ բուժումը անտիբիոտիկոթերապիան է սուր ժամանակ, դրանից բացի տեղային անտիսեպտիկների, հակաբորբոքիչների, հաբերի և սփրեյերի նշանակումն է: Կոնսերվատիվ բուժումն ընթանում է երեք փուլով:Մեկ կուրս բուժվելուց հետո, պացիենտը գալիս է 6 ամիս անց հետազոտվելու և նշանակում ենք ևս մեկ կուրս:Բացի դեղորայքային բուժումից նաև ներառում ենք ֆիզիոթերապևտիկ բուժում,կատարում ենք լակունաների լվացում:

Ինչպիսի՞ցուցումներ ու հակացուցումներ կան քրոնիկ տոնզիլիտի ժամանակ: Հնարավո՞ր է կանխարգելել հիվանդությունը:
Միանգամայն կանխարգելել հիվանդւոյթունը չենք կարող, որովհետև օրգանիզմի վիճակը շատ մեծ նշանակություն ունի քրոնիկ տոնզիլիտի զարգացման և հանդարտման հետ: Եթե հիվանդի օրգանիզմը և իմուն համակարգը ուժեղ լինեն, ապա հնարավոր կլինի անցնել բուժման փուլերով և հաղթահարել քրոնիկ տոնզիլիտը:

Ի՞նչ խորհուրդ կտաք հիվանդներին:
Սուր վիճակների ժամանակ չզբաղվել ինքնաբուժությամբ, չստանալ անտիբիոտիկներ իրենք իրենց որոշմամբ, որովհետև դա բերում է այն բանին, որ բժիշկը չի կարողանում բուժել հիվանդությունը առաջնային փուլում:Սկսվում է անտիբիոտիկների նկատմամբ ռեզիստենտությունը և դժվարացնում է մեր աշխատանքը:
Խորհուրդ կտամ, որ հետևեն իրենց բերանի խոռոչի առողջ վիճակին, բուժեն օրթոդենտալ խնդիրները, վերինշնչուղիների ինֆեկցիաները վերացնեն, վերականգնեն քթային շնչառությունը, հետևեն բերանի խոռոչի հիգիենային և աշխատեն բարձր իմունիտետ ձեռք բերելու վրա:

Աղբյուր` Doctors.am
Հեղինակ`Մարիամ Սարգսյան

4 Մայիս 2018




Աղբյուր` Doctors.am Հեղինակ`Մարիամ Սարգսյան 4 Մայիս 2018