Կոնտակտային ոսպնյակներ թե՞ակնոց. ակնաբույժը ներկայացնում է կողմ և դեմ տեսակետները

«Ակնաբուժական շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում հոդվածը ներկայացնում է ակնաբույժ Էմմա Ղազարյանը:

Կրել կոնտակտային ոսպնյակներ թե՞ակնոց. մեծամասամբ կախված է մարդու անհատական նախասիրություններից և ապրելակերպի առանձնահատկություններից։ Որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է հիշել, որ նշվածներից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները։

Ի հակադրություն կոնտակտային ոսպնյակների՝ ակնոցներն ունեն հետևյալ առավելությունները․

  • Առանձնահատուկ խնամքի և մաքրման կարիք չունեն, առանձնապես ծախսատար չեն։
  • Ակնոց կրելուց աչքերին դիպչելու անհրաժեշտություն չի առաջանում, ինչն էլ իջեցնում է ակնային վարակի հնարավորությունը։
  • Ակնոց կարող են կրել բոլորը՝ առանց տարիքային կամ առողջական սահմանափակման։
  • Շատերի համար ակնոցը հանդիսանում է նորաձևության կարևոր տարր, թույլ է տալիս դրսևորել մարդու անհատականությունը։

 

Կոնտակտային ոսպնյակների առավելություններն են․

  • Չեն սահմանափակում տեսադաշտը։
  • Հիմնականում անտեսանելի են շրջապատի համար։
  • Ապահովում են ավելի լավ տեսողություն և հարմարավետություն, հատկապես բարձր աստիճանի կարճատեսության և աստիգմատիզմի ժամանակ։
  • Հնարավորություն են տալիս փոխել աչքերի գույնը։
  • Չեն սահմանափակում սպորտով զբաղվելու հնարավորությունները։
  • Ի տարբերություն ակնոցի շրջանակի՝ ճնշում չեն գործադրում քթի և ականջների վրա։
  • Որոշ ոսպնյակներ կարող են գիշերվա ընթացքում փոխել եղջերաթաղանթի ձևն այնպես, որ օրվա ընթացքում առանց ոսպնյակների կամ ակնոցի տվյալ անձն ունենա լիարժեք տեսողություն (օրթոկերատոլոգիա)։

Որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել վերոհիշյալ առանձնահատկությունները, անցնել լիարժեք ակնաբուժական հետազոտություն, մասնագետի հետ քննարկել Ձեր նախասիրությունները և կենսակերպի առանձնահատկությունները, ընտրել ճիշտ օպտիկական ուժի և տեսակի ոսպնյակներ կամ ակնոց։ Ներկայումս շատ մասնագետներ խորհուրդ են տալիս ունենալ և կիրառել կորեկցիայի  նշված երկու մեթոդներ էլ՝ ելնելով կենսակերպից և աչքերի վիճակից։

Կոնտակտային ոսպնյակների «այո-ներն ու ոչ-երը»

Այո-ներ

  • Կրեք կոնտակտային ոսպնյակներ միայն ակնաբուժական լիարժեք հետազոտությունից հետո, բացառելու համար հակացուցումների  առկայությունը։
  • Ոսպնյակները դնելուց առաջ լվացեք և չորացրեք ձեռքերը։
  • Ամեն օր մաքրեք Ձեր կոնտակտային ոսպնյակները համապատասխան հեղուկներով։
  • Պահեք ոսպնյակները համապատասխան տուփի մեջ։
  • Փոխեք տուփը առնվազն 2-3 ամիսը մեկ։
  • Կրեք ոսպնյակները ըստ բժշկի նշանակած ռեժիմի։
  • Պահեք ոսպնյակները միայն թարմ հեղուկի մեջ։
  • Ոսպնյակի ընկնելու դեպքում նախքան տեղադրելը լավ մաքրեք այն ախտահանող հեղուկով։
  • Հանեք ոսպնյակները լողավազան մտնելուց կամ ցնցուղ ընդունելուց։
  • Փոշու և ծխի առկայության դեպքում կրեք պաշտպանիչ ակնոցներ։
  • Դրեք ոսպնյակները մինչ շպարվելը և հանեք շպարը հեռացնելուց առաջ։
  • Տարին մեկ անգամ անցեք ակնաբուժական հետազոտություն՝ բարդությունները կանխարգելելու համար։

Ոչ-եր

  • Մի գերազանցեք արտադրողի կողմից նշված կիրառության ժամկետները։
  • Երբեք մի լվացեք ոսպնյակները հոսող ջրով։
  • Մի օգտագործեք կասկածելի ծագման հեղուկներ։
  • Մի քնեք կոնտակտային ոսպնյակներով, եթե նրանք նախատեսված չեն գիշերները կրելու համար։
  • Ոսպնյակներ կրելու ժամանակ մի օգտագործեք աերոզոլային կոսմետիկ միջոցներ։
  • Մի օգտագործեք վնասված ոսպնյակներ։
  • Մի օգտագործեք ուրիշի կոնտակտային ոսպնյակները։
  • Ակնային վարակների, ալերգիաների կամ բորբոքումների դեպքում մի դրեք կոնտակտային ոսպնյակներ։

 


Աղբյուրը՝ Doctors.am