Պարկինսոնի հիվանդություն. պատճառները, ախտանշաններն ու բուժումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ, ամեն տարի ապրիլի 11-ը նշվում է որպես Պարկինսոնի հիվանդության համաշխարհային օր:

Սա դանդաղ պրոգրեսիվող նյարդաբանական հիվանդություն է, որն առաջանում է ուղեղի՝ շարժումների վերահսկման համար պատասխանատու շրջանի նյարդային բջիջների դեգեներացիայի պատճառով:

Հիվանդության ի հայտ գալու միջին տարիքը համարվում է 60-ը. այն առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց շրջանում: Պարկինսոնի հիվանդության տարածվածությունը կազմում է 100-250 հիվանդ 10000 բնակչության շրջանում:

Հիվանդության ախտանշանների, բուժման ժամանակակից մոտեցումների և Հայաստանում իրազեկման միջոցառում կազմակերպելու մասին Doctors.am-ը զրուցեց նյարդաբան Զարուհի Թավադյանի հետ:

- Բժ. Թավադյան, ներկայացրե՛ք, խնդրեմ, որո՞նք են Պարկինսոնի հիվանդության ախտանշանները:

- Պարկինսոնի հիվանդությունը նյարդաբանական քրոնիկական պրոգրեսիվող հիվանդություն է, որի ախտանշանները մեծամասամբ դրսևորվում են շարժողական խանգարումների տեսքով՝ դանդաղկոտություն, դող վերջույթներում, հավասարակշռության խանգարում, մկանային կարկամություն, ունի բավական դանդաղ ընթացք, այսինքն՝ խորանում է տարիների ընթացքում:

Սկզբնական շրջանում  հիվանդը գուցե անհրաժեշտ չհամարի դիմել բժշկի, քանի որ ախտանշանները սովորաբար թույլ են արտահայտված լինում՝ ձեռքի թեթև դող, դանդաղացած քայլք… Իսկ երբ արդեն ի հայտ են գալիս աշխատանքի հետ կապված կամ կենցաղային որոշակի բարդություններ՝ հագնվելու, հիգիենան ապահովելու, երբ անձը կենցաղում սկսում է զգալ օգնականի անհրաժեշտություն, այդ դեպքում արդեն դիմում է բժշկի:

Բացի շարժողական խնդիրները, Պարկինսոնի հիվանդությունը կարող է ունենալ շատ այլ ախտանշաններ ևս, օրինակ՝ դեպրեսիա, տագնապային խնդիրներ, փորկապություն, միզարձակման խնդիրներ, մաշկի փոփոխություններ, անքնություն կամ քնի ընթացքում վարքային խանգարումներ…

- Հիվանդությունը մե՞ծ տարածում ունի մեր երկրում:

- Ցավոք մեր երկրում չկան հստակ համաճարակաբանական տվյալներ, սակայն հաշվի առնելով միջազգային տվյալները՝ Պարկինսոնի հիվանդությամբ հիվանդների թիվը հասնում է մի քան հազարի:

- Կա՞ հիվանդության հստակ պատճառագիտություն: Ինչու՞ է առաջանում Պարկինսոնի հիվանդություն:

- Ներկայում չկա հիվանդության առաջացման հաստատված պատճառ. ենթադրվում է , որ այն պայմանավորված է որոշակի ժառանգական նախատրամադրվածությամբ, իսկ արտաքին որոշ գործոնների, օրինակ գյուղատնտեսական թունաքիմիկատների, ծանր մետաղների ազդեցությունը կարող են նպաստել հիվանդության զարգացմանը:

- Ներկայում ի՞նչ մեթոդներ են կիրառվում աշխարհում՝ Պարկինսոնի հիվանդության բուժման համար: Ընդհանուր առմամբ, հիվանդությունը բուժելի համարվու՞մ է, թե՞ կարելի է միայն ճնշել ախտանշանները:

- Հիվանդության ամբողջական բուժում ոչ միայն մեր երկրում, այլ նաև ամբողջ աշխարհում դեռևս գոյություն չունի, սակայն սիմպտոմատիկ բուժման միջոցով կարելի է վերահսկելի դարձնել հիվանդությունը, լինել աշխատունակ, չունենալ սոցիալական ինտեգրման խնդիրներ, լինել ֆիզիկապես անկախ:

Աշխարհում այսօր կան բուժման տարբերակներ՝ վիրահատական բուժում և ինֆուզիոն թերապիա, որոնք բավական մեծ կիրառում ունեն և դրական արդյունքներ են գրանցում, սակայն մեր երկրում, ցավոք, մեթոդները դեռևս կիրառություն չունեն: Մենք քյս պարագայում կիրառում ենք դեղորայքային բուժում:

Հիվանդությունը, ցավոք, բացասաբար է անդրադառնում ինչպես հիվանդի կյանքի որակի, այնպես էլ ամբողջ ընտանիքի վրա:

- Ստացվում է՝ որևէ մեկն ապահովագրված չէ այս հիվանդությունից:

- Այո, այդպես է: Իհարկե տարիքի հետ (55+) զուգահեռ բարձրանում է նաև ռիսկը, սակայն երբեմն հիվանդությունն ի հայտ է գալիս ավելի երիտասարդ անձանց մոտ:

- Դեղորայքային բուժումից զատ ո՞րն է Ձեր խորհուրդն այս հիվանդությամբ տառապող մարդկանց: Ինչպե՞ս նվազեցնել հիվանդության բացասական ազդեցությունը կյանքի որակի և առողջության վրա:

- Խորհուրդս է, որ հիվանդության հենց առաջին պահից պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել ֆիզիկական ակտիվությանը: Այս հիվանդությունը չունի ֆիզիկական ակտիվության կամ սննդային որևէ սահմանափակում, ճիշտ հակառակը՝ պետք է փորձել լինել հնարավորինս ակտիվ, գործունյա: Կան վիճակագրական տվյալներ, որոնք վկայում են, որ հաճախ մարզվող և ակտիվ մարդկանց շրջանում հիվանդությունն առավել դանդաղ ընթացք ունի:

- Բժշկուհի, օրեր առաջ՝ Պարկինսոնի հիվանդության համաշխարհային օրվան ընդառաջ, Երևանում կազմակերպվեց նաև ուսումնական դասընթաց՝ «Պարկինսոնի հիվանդություն և այլ շարժողական խանգարումներ» խորագրով:

- Այո, ապրիլի 7-ից 8-ը «Շարժողական խանգարումների հայկական խումբ» ՀԿ-ի կողմից «Պարկինսոնի հիվանդության և շարժողական խանգարումների միջազգային միության» հետ համատեղ կազմակերպվեց սեմինար:

Կարևորվեցին հատկապես ախտորոշմանը և շարժողական խնդիրների հստակ տարանջատմանը և նման այլ հիվանդություններից Պարկինսոնիզմի տարբերակմանը վերաբերող հարցերը: Էստոնիայից և Իտալիայից հրավիրված պրոֆեսորների օգնությամբ փորձեցինք տեղի բժիշկների համար կազմակերպել զեկույցների ներկայացում, կարծիքների և փորձի փոխանակում:

Սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Հեղ.՝ Ամալյա Գրիգորյան
11 ապրիլի, 2017 թ.