Խորհուրդներ՝ թունաքիմիկատներով թունավորումներից խուսափելու համար

Մոտենում է հողագործության շրջանը և արդիական է դառնում թունաքիմիկատներով թունավորումների խնդիրը:

Թունաքիմիկատների օգտագործման հետևանքով առաջացող առողջական խնդիրներից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս հետևել ստորև բերված կանոններին՝

1) Հետևե՛ք թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա,

2) Մի՛ գնեք թունաքիմիկատներ, որոնց մակնշումը բացակայում է կամ գրված է Ձեզ համար անհասկանալի լեզվով:

Թունաքիմիկատներով թունավորումների կանխարգելումը

1) Լվացե՛ք և պահե՛ք թունաքիմիկատով աղտոտված հագուստները առօրյա հագուստներից առանձին,

2) Տեղադրե՛ք նախազգուշացնող ցուցանակներ՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք արգելելու նպատակով,

3) Մի՛ պահեք թունաքիմիկատները և հեղուկացիր սարքավորումները պատահական վայրերում,

4) Պահե՛ք թունաքիմիկատները սննդամթերքից հեռու, երեխաներին ոչ մատչելի վայրերում,

5) Մ՛ի պահեք թունաքիմիկատները պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում՝ լիմոնադի շիշ և այլն,

6) Մի՛ օգտագործեք թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի պաշտպանության նպատակով օգտագործման համար,

7) Պահպանե՛ք մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը՝ դաշտ մտնելիս և թունաքիմիկատով մշակցած մթերք օգտագործելիս,

8) Մի՛ իրականացրեք թունաքիմիկատներով մշակումը քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու հակառակ ուղղությամբ,

9) Պատրաստե՛ք թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում,

10) Օգտագործե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ դիմակ, ձեռնոց, ակնոց երկարաճիթ կոշիկներ) թունաքիմիկատի հետ աշխատելիս,

11) Մի՛ փչեք հեղուկացրի (սրսկիչ սարքի) խցանված ծայրադիրի մեջ,

12) Օճառով լվացե՛ք ձեռքերը և դեմքը թունաքիմիկատի օգտագործումից հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը,

13) Լվացե՛ք աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով,

14) Մի՛ օգտագործեք թերություններ ունեցող սարքավորումներ:

18 ապրիլի, 2017 
Doctors.am 
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն