Միզուղիների բորբոքումը կանանց մոտ

Միզուղիների բորբոքումները շատ տարածված են կանանց մոտ: Ըստ վիճակագրական տվյալների` կանանց 60 տոկոսը ամբողջ կյանքի ընթացքում մեկ անգամ դիմում է ուրոլոգին միզուղիների բորբոքման խնդրով:
Ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյանը ներկայացնում է հիվանդության առաջացման պատճառներն ու խոսում ամենակարևոր խորհուրդների մասին, որոնց հետևելու դեպքում կարող եք շրջանցել հիվանդությունը:

Ի՞նչ է միզուղիների բորբոքումը (ցիստիտը) և որո՞նք են առաջացման պատճառները:

Միզուղիների բորբոքումը միկրոօրգանիզմների ներթափանցումն է մեզի մեջ և վերջիններիս տիտրի բարձրացումն է այն քանակի, որ դառնում է պաթոգեն, այսինքն` ախտահարող: Պատճառները բազմաթիվ են: Կանանց մոտ միզուղիների բորբոքման մի քանի պատճառ կարող ենք առանձնացնել.

Հիգիենան: Հետանցքի սխալ մաքրումը՝ հետևից դեպի առաջ ուղղությամբ:

Միզուկը: Կանանց միզուկի տեղակայումն ու կարճությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում ինֆեկցիաների ներթափանցմանն ուղիղ աղիքից դեպի հեշտոց, այնուհետև` միզուղիներ: Երբեմն պատճառ կարող է լինել նաև միզուկի անմիջական գրգռումն ու վնասումը սեռական հարաբերության ժամանակ:

Սեռական կյանքը: Շատ կարևոր է նշել, որ կան մի շարք սեռավարակներ, որոնք առաջացնում են միզուկաբորբ: Այդ ինֆեկցիաներից են՝ խլամիդիան, ուրեապլազման, գոնոռեան և այլն: Սեռական կյանքի ընթացքում լեցուն միզապարկով սեռական հարաբերություններ ունենալը նույնպես կարող է միզուղիների բորբոքման պատճառ դառնալ:

Հակաբեղմնավորչ կամ խոնավացնող քսուքների հաճախակի օգտագործումը:

Հղիությունը: Միզուղիների բորբոքումներ առավել հաճախ հանդիպում են հղիության ընթացքում, որոնք երբեմն ընթանում են անախտանիշ (անախտանիշ բակտերիուրիա), որոշ դեպքերում նաև` բարդացած ընթացքով (հղիության պիելոնեֆրիտ):

Դաշտանադադարը: Այս ընթացքում մեծանում է կնոջ ինֆեկցիաների ընկալունակությունը, որը պայամավորված է էսթրոգենների անբավարարությամբ նաև առաջանում է հեշտոցի չորություն, հորմոնների պակասորդ և միզուղիների բորբոքում:

Սեռական ինֆեկցիաները: Սեռական ինֆեկցիաները նույնպես կարող են առաջացնել միզուղիների բորբոքումներ, հատկապես ուրետրիտի դեպքում:

Ի՞նչ նշաններ են  լինում միզուղիների բորբոքման ժամանակ:

Առաջին հիմնական խնդիրը դիզուրիան է, երբ առաջանում է միզարձակման ֆունկցիայի խանգարում և դրսևորվում է հաճախամիզություն: Երբեմն  նաև անզուսպ միզարձակման ցանկություն է առաջանում: Այրոց, միզապարկի շրջանում ցավեր, արյունամիզություն, մեզից `հոտ. այս բոլորը միզուղիների բորբոքման հիմնական ախտանիշներն են:  Որոշ դեպքերում, երբ միզուղիների բորբոքումը բարդանում է, կարող են առաջանալ սրտխառնոց, փսխումներ, բարձր ջերմություն, դող և նույնիսկ բարդ դեպքերում առաջանում է սեփսիս:

Ինչպե՞ս ենք դասակարգում հիվանդությունը:

Մաիզուղիների բորբոքումն ունի հետևյալ դասակարգումը.
Ոչ բարդացած ստորին միզուղիների ինֆեկցիաներ կամ ցիստիտ, ոչ բարդացած պիելոնեֆրիտ, բարդացած միզուղիների ինֆեկցիաներ՝ պիելոնեֆրիտի առկայությամբ, ուրոսեպսիս, միզուկաբորբ:

Ինչո՞վ է պայմանավորված հիվանդության տարածված լինելը կանանց շրջանում:

Մենք արդեն պատճառների մեջ նշեցինք այն գործոնները, որոնցով պայմանավորված է կանանց մոտ այս  հիվանդության տարածվածությունը: Մի քանի գործոններ կան, որոնք, կարող ենք ասել` բնորոշ են միայն կանանց. կարճ միզուկը, որը անատոմիական հատկություն է,  հղիությունը, նաև դաշտանադադարը: Չմոռանանք նշել նաև հիգիենայի գործոնը: Հիգիենայի պատճառով, միկրոօրգանիզմները` հատկապես` աղիքային  ցուպիկը, կարող են աղիքից հայտնվել հեշտոցամուտք և այնտեղից թափանցել միզուկ: Եվ քանի որ միզուկը կարճ է` անմիջապես միզապարկ հասնել: 

Ինչպե՞ս է ախտորոշվում և ինչպե՞ս է բուժվում հիվանդությունը:

Ախտորոշվում է մեզի ընդհանուր հետազոտության և մեզի մանրէաբանական հետազոտության միջոցով: Սոնոգրաֆիան հաջորդ ամենակարևոր հետազոտությունն է: Վերջինիս միջոցով մենք կարողանում ենք ճշտել, թե արդյո՞ք կան  այլ նպաստավոր պայմաններ  միզուղիների բորբոքման համար, օտար մարմնի առկայությունը, անատոմիական շեղումները` խցանումները, նեղացումները: Լինում են դեպքեր, երբ ինֆեկցիաները կրկնվում են, և   մենք պետք է վստահ լինենք`հիվանդության կրկնությունը պայմանավորված է սխալ բուժմամբ, թե անատոմիական առանձնահատկությամբ կամ թաքնված հիվանդությամբ:
Կարևոր է պարզել նաև բակտերիուրիան` բակտերիաների առկայությունը մեզի մեջ: Բակտերիուրիան դասակարգվում է հետևյալ կերպ.

  • ≥103 չբարդացած ցիստիտ,
  • ≥104 չբարդացած պիելոնեֆրիտ,
  • ≥105միզուղիների բարդացած ինֆեկցիաներ:

Բուժման համար հիմնական կիրառելի միջոցը անտիբիոտիկներն են: Սակայն ոչ տեղին և երկարատև անտիբիոտիկների կիրառումը շատ դեպքերում  բերում է տվյալ միկրոօրգանիզմի կայունության և զգայունության կորստի: Եվ հետագայում լուրջ խնդրի առջև ենք կանգնում: Դա դժվարացնում է պրոֆեսիոնալ մասնագետի բուժումը: Իհարկե, տեղին և ժամանակին կիրառումը կբերի բուժման:
Բացի անտիբիոտիկներից բուժման համար օգտագործվում են նաև տարբեր վիտամիններ, բուսական էստրակտներ,  որոնց նպատակը օրգանիզմի դիմադրողականության բարձրացումն է, մեզի միջավայրի թթվայնացումը: 

Ո՞ր տարիքային խմբերն են մտնում հիվանդության թիրախային գոտում:

Բոլոր տարիքային խմբերի մոտ այս հիվանդացությունը կարող է դրսևորվել:  Երեխաների մոտ նույնպես տարածված է: Դա պայմանավորված է հիգիենայով, երբ մայրերն իրենց երեխաներին ճիշտ չեն սովորեցնում կանոնները: Այնուհետև պատանի տարիքում, սեռական կյանքի ընթացքում, հղիության ընթացքում: Տարածվածությունը կանանց տարիքային բոլոր խմբերին է բնորոշ: Իհարկե, ավելի շատ հիվանդությունը դրսևորվում է սեռահասուն շրջանում:
Կանանց 60 տոկոսը ամբողջ կյանքի ընթացքում մեկ անգամ դիմում է ուռոլոգին միզուղիների բորբոքման խնդրով:

Եկեք խոսենք հղիության ժամանակ առաջացած միզուղիների բորբոքման մասին: Հղիության ընթացքում ինչպե՞ս է բուժվում հիվանդությունը:

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ, այդ թվում և ՛ երիկամների, և ՛ միզուղիների կողմից: Հիմնական փոփոխությունները վերաբերում են արյան շրջանառությանը, ինչը հղի  կանանց մոտ մեծանում է: Այս իմաստով կնոջ մոտ ընկալունակությունը ինֆեկցիաների նկատմամբ` մեծանում է: Հղիության ընթացքում հորմոնների փոփոխությունը, մկանների թուլությունը, ֆիզիլոգիական հիդրոնեֆրոզը և միզածորանների  պատերի մկանները թուլանում են և մեզի կուտակում է լինում միզուղիներում և հատկապես աջ երիկամում: Այս բոլորը նպաստավոր պայմաններ են ստեղծում միկրոօրգանիզմների զարգացման համար: Շատ կարևոր է անդրադառնալ նաև այն անախտանիշ վիճակին, երբ կինը կրում է միկրոբ ոչ բարձր տիտրով և դա կարող է հղիության ընթացքում հանգեցնել բարդացումների, երբեմն  կարիք է լինում հղիության ընթացքում կարճատև անտիբիոտիկոթերապիա անցկացնել, որպեսզի հղիության վերջում խնդիրը չբարդանա և  վաղաժամ ծննդաբերության պատճառ չդառնա: 

Ձեր խորհուրդը հիվանդներին: Ինչպե՞ս կանխարգելել հիվանդությունը:

Ամենակարևորը փոքր տարիքից ճիշտ դաստիարակություն, հիգիենայի ճիշտ կանոնները սովորեցնելն է: Երբ աղջիկը դառնում է սեռահասուն տարիքի, պետք է պահպանել հետևյալ կանոնները.  

  • Անձնական և սեռական կյանքի հիգիենայի պահպանումը (ուղիղ աղիքի մաքրումը առջևից դեպի հետ, հեշտոցի և ուղիղ աղիքի միջև տարածության լվացումը, սեռական հարաբերությունից առաջ և հետո լվացվելը և այլն):
  • Ժամանակին միզարձակումը (չհետաձգել միզարձակումը և չգերլցնել միզապարկը):
  • Սեռական ակտից առաջ և հետո միզելը:
  • Վիտամին C-ի պարբերաբար ընդունումը:
  • Բամբակյա ներքնազգեստ կրելը (խոնավությունից խուսափելու համար):
  • Լոռամրգի (cranberry) օգտագործումը:
  • Սեռական այն դիրքերից խուսափումը, որի ժամանակ միզուկը կարող է երկար շփվել ու բորբոքվել:
  • Ջրի բավարար ընդունումն օրվա ընթացքում:
  • Ոչ մասնագիտական մոտեցումից խուսափումը և միզուղիների բորբոքումների հայտնաբերման ու բուժման համար ժամանակին ուրոլոգի խորհրդատվության դիմելը:


    Աղբյուր`Doctors.am
    Հեղինակ`Մարիամ Սարգսյան
    22 Հունիս 2018