Սամվել Հովհաննեսի Դանիելյանը՝ գլխավոր արյունաբան

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան է նշանակվել  Սամվել  Հովհաննեսի Դանիելյանը:

Կենսագրական տվյալներ

Բ.Գ.Թ., դոցենտ, Արյունաբանության և Ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիայի Հիմնադիր և Պատվավոր Նախագահ

Սովորել և ավարտել է Երևանի Պետական Բժշկական Ինստիտուտի (այժմ Համալսարան) մանկաբուժության ֆակուլտետը, այնուհետև անցել է կլինիկական օրդինատուրա Մոսկվայի Մանկաբուժության ինստիտուտում և ասպիրանտուրա մանկական արյունաբանություն/ուռուցքաբանությունից Մանկական Արյունաբանության Ինստիտուտում (Մոսկվա, Ռուսաստան):
Աշխատել է որպես մանկաբուժության ինտերն Երևանի թիվ 1 մանկական հիվանդանոցում, այնուհետև, որպես մանկաբույժ Չարենցավանի հիվանդանոցում և մանկական արյունաբան Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնում:

1995 – 2007թթ. ղեկավարել է Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքը: 2007-2016թթ. ԵՊԲՀ Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի Կլինիկայի ղեկավար և 2008-2016թթ. ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի վարիչ:1994-1995թթ. վերապատրաստվել է Գերմանիայում (Ֆրանկֆուրտ), 2003թ.՝ Լեհաստանում (Կատովիցե), 2005թ.՝ Ավստրիայում (Վիեննայի Սուրբ Աննայի Մանկական Հիվանդանոց), 2009թ.՝ ԱՄՆ-ում (Բոստոն), և այլն:

2005թ.-ին Հայաստանում մանկական լեյկեմիաների բուժման կազմակերպման և զարգացման համար պարգևատրվել է ՛՛Կոչում՛՛ մրցանակով, 2013թ.-ին Հայաստանում մանկական քաղցկեղի բուժման զարգացման համար՝ Լավագույն բժիշկ Համազգային մրցանակաբաշխության կողմից ՛՛Հուսո աստղ՛՛ մրցանակով և 2016թ-ին՝ Հաննս Ֆունկի անվան մրցանակով:

Մասնակցել և ելույթներով հանդես է եկել բազմաթիվ միջազգային կոնֆերանսների:

Հանդիսանում է Գերմանիայի Մանկական Արյունաբանության և Ուռուցքաբանության Միության, Եվրոպայի Լեյկեմիաների Միության, Միելոդիսպլաստիկ Սինդրոմների Միջազգային Հիմնադրամի լիիրավ անդամ, Արյունաբանության և Ուռուցքաբանության Պատվավոր նախագահ և Խորհրդի ղեկավար, Մանկական Ուռուցքաբանության Արևելյան և Միջերկրածովյան Խմբի Տնօրենների խորհրդի անդամ, և Նվիրիր Կյանք Բարեգործական Հիմնադրամի Փորձագետների Խորհրդի անդամ, Սիթի Օֆ Սմայլ Բարեգործական Հիմնադրամի Տնօրենների Խորհրդի անդամ:

Աղբյուր՝ Doctors.am 

18/06/2018 թ․