Տղամարդու հղիություն կամ Կուվադի համախտանիշ

doctors.am Տղամարդու հղիություն կամ Կուվադի համախտանիշ

Բժշկական բառարաններում Կուվադի ախտանիշը բացատրվում է իբրև կարեկցական հիվանդություն, որի ընթացքում հղի կնոջ ամուսինը տանում է այն նույն զգացողությունները, որ առկա են կնոջ մոտ: Այս հիվանդությունն ունի առավելապես հոգեբանական արմատներ, կարող է դառնալ որովայնի շրջանում ուժեղ ցավերի, մարսողական համակարգի խանգարումների, անքնության պատճառ:

Կուվադի համախտանիշը  հղի կին ունեցող տղամարդկանց հոգեկան բնույթի խանգարում է: Այն ուղեկցվում է նույն նշաններով, որոնք առկա են կնոջ մոտ հղիության ընթացքում: Այս հիվանդությամբ տառապող տղամարդիկ դառնում են զգայուն, դեպրեսիվ, բծախնդիր, քմահաճ: Հետաքրքիր է, որ նրանց դեպրեսիվությունն ու պահանջկոտությունը հաճախ գերազանցում են հղի կնոջ նույնատիպ վարքը:

Կուվադի համախտանիշը շատ բժիշկներ հաճախ շփոթում են այլ հիվանդությունների հետ և հիվանդ տղամարդկանց ուղարկում ինֆեկցիոն կամ վիրաբուժական բաժանմունքներ, քանի որ առաջինը, որ հնարավոր է մտածել, տեսնելով որովայնի շրջանում նմանատիպ ցավերով տղամարդուն, թունավորումն է կամ էլ ինֆեկցիոն որևէ հիվանդությունը:

Կուվադի համախտանիշը գրեթե կապված չէ տղամարդու անատոմիական-կենսաբանական խնդիրների հետ: Նման համախտանիշի հիմքում ընկած է ենթագիտակցական  անհանգստությունը կնոջ և ապագա երեխայի կյանքի համար: Բայց չի կարելի պնդել, թե Կուվադի համախտանիշով տառապող տղամարդը պարտադիր նման վիճակում է հայտնվել մեծ սիրուց, չի կարելի ասել նաև, որ, եթե տղամարդը կնոջ հղիության ընթացքում չի տանում այդ «կոնտրհղիությունը», ուրեմն չի սիրում կնոջը: Կուվադի համախտանիշը նաև կարող է կապված լինել տղամարդու` կնոջ առաջ ունեցած մեղքի զգացման հետ:

Շատ հոգեբաններ պնդում են, որ Կուվադի համախտանիշով են տառապում այն տղամարդիկ, ովքեր մանկությունն անցկացրել են բացարձակ մայրիշխան ընտանիքում:

Այնպիսի ընտանիքներում, որտեղ մայրիշխանությունը բացարձակ է, տղաները մեծանում են նույնատիպ մտակաղապարով ու հաճախ ամուսնանում են տեսակով իրենց մորը հիշեցնող` իշխանատենչ կանանց հետ, ունենում են չկայացվածության և անլիարժեքության բարդույթ, ինչը ևս կարող է նման համախտանիշի պատճառ դառնալ:

Այսօր հատկապես արևմտյան երկրներում շատ տարածված է ծննդաբերության պրոցեսին հոր ներկայությունն ապահովելը: Դա ասես լրացուցիչ ուժ է տալիս կնոջը: Դեռ հնում որոշ «կախարդուհիներ» պնդում էին, որ հնարավոր է ծննդաբերության ժամանակ կնոջ ցավերի մի մասը «տրամադրել» նրա ամուսնուն: Դժվար է ասել` արդյոք թեթևացնու՞մ է ծննդաբերող կնոջ վիճակն այն, որ իր ամուսինը ևս ռեալ ցավ է ապրում, բայց փաստ է, որ Կուվադի համախտանիշով տառապող տղամարդիկ չեն հանգստանում այնքան ժամանակ, քանի դեռ չեն իմանում, որ իրենց կնոջ ծննդաբերությունը բարեհաջող է ավարտվել: Որոշ հիվանդների մոտ անգամ ցավերն են ուժեղանում կանանց ծննդաբերության պրոցեսի ընթացքում:

Հարց է առաջանում`իսկ ինչպե՞ս պայքարել այս հիվանդության դեմ:
Խնդիրը «գլխում է», ուստի և հենց այնտեղից պետք է սկսել բուժումը. «Հանել ներքին լարվածությունը. սա ամենակարևորն է: Նման ախտանիշով տառապող տղամարդը պետք է հստակ գիտակցի, որ մի կողմից իր հիվանդությունը դրական է, քանի որ ինքը կիսում է սիրելիի ցավը: Այս գիտակցումը շատ կօգնի հաղթահարել սթրեսը: Կուվադի համախտանիշով տղամարդկանց պետք է հանգստացնող դեղամիջոցներ նշանակել և զուգահեռ անցկացնել հոգեթերապիայի կուրսեր»:




Հեղինակ` Վրեժ Շահրամանյան

Աղբյուրը` Doctors.am
Հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է  Doctors.am կայքին