Ռոզացեա (վարդագույն կորյակներ)

doctors.am Ռոզացեա (վարդագույն կորյակներ)

Ռոզացեան (վարդագույն կորյակներ) բավական հազվագյուտ հիվանդություն է, բնութագրվում է մաշկի կարմրությամբ, թմբիկների, թարախաբշտերի առաջացմամբ: 50% դեպքերում հիվանդությունն ախտահարում է աչքերը: Ամենից հաճախ այս հիվանդությամբ տառապում են կանայք` դաշտանադադարի (կլիմաքս) շրջանում: Կա տեսակետ, ըստ որի, գենետիկ առանձնահատկությունների հետ կապված, ռոզացեային ավելի հակված են հյուսիսային ազգերը:
Այսպիսով կարելի է եզրակացություն անել, որ եթե դուք կապուտաչյա եք, ունեք բաց մաշկ և շեկ, բաց գույնի մազեր, ապա դուք ավելի մեծ հակում  ունեք վարդագույն կորյակների առաջացման հանդեպ:

Ռոզացեայի առաջացման պատճառները

Ռոզացեայի առաջացման պատճառները մինչև վերջ չեն բացահայտվել: Հիվանդությունը կարող է զարգանալ դեմքի անոթների գերզգայունության հետեվանքով: Մեկ այլ տեսության համաձայն ռոզացեայի պատճառ կարող է դառնալ ստամոքսի բորբոքումը, որն առաջանում է Helicobacter pilori-ի ազդեցությամբ: Որոշ դեղորայքներ ևս կարող են նպաստել հիվանդության առաջացմանը: Դա այսպես կոչված դեղորայքային ռոզացեան է:

Գոյություն ունեն մի քանի գործոններ, որոնք նպաստում են ռոզացեայի առաջացմանն ու զարգացմանը

  • գաստրիտ,
  • էնդոկրին համակարգի ֆունկցիայի խանգարումներ,
  • դիաբետ,
  • իմուն համակարգի խանգարումներ:

Հիվանդության ընթացքը կարող է սրվել տաք կամ սառը ջերմաստիճանի պայմաններում, կծու կերակուրներից, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների  ավելցուկից, սթրեսային իրավիճակներից:

Ռոզացեայի ախտանշանները(սիմպտոմները)

- Կայուն կարմրություն ճակատի, քթի, կզակի և այտերի շրջանում: Երբեմն կարմրությունը կարող է տարածվել մեջքի և կրծքի շրջանում:

-Վարդագույն թմբիկներ՝ հիվանդության սկզբում, որոնք հետագայում վերափոխվում են կորյակների եվ թարախաբշտիկների:

-Մաշկի կարմրած հատվածները կոշտանում են՝ վկայելով բացթողի վիճակի մասին:

-Դեմքի անոթները լայնանում են, առաջացնելով տեսանելի անոթային ցանց:

-Որոշ դեպքերում հիվանդությունն ախտահարում է աչքերը: Հիվանդը զգում է աչքերի ծակծկոց, չորություն եվ արցունքահոսություն:

-Երբեմն դիտվում է մաշկի քոր եվ այրոց:

Ռոզացեայի վաղ նշաններից է մաշկի հաճախակի կարմրելը՝ հատկապես  ալկոհոլի կամ տաք, կծու ճաշատեսակների ընդունումից հետո:  Դեմքի եվ մազերի խնամքի միջոցներից առաջացող հանկարծակի կարմրությունը եվս ահազանգում է ռոզացեայի մասին:
Ժամանակին արված ախտորոշումը կարող է կանխել հիվանդության զարգացումը, բայց ռոզացեայի բացարձակ բուժում դեռեվս գոյություն չունի:

Ռոզացեայի բուժումը

Ռոզացեայի բուժման համար օգտագործվում են՝ իխթիոլի, մետրոնիդազոլի կամ նաֆթալանի հումքի վրա պատրաստված կրեմներ և քսուքներ, ինչպես նաև  դեղաբույսերի թուրմերից պատրաստված լոսյոններ: Կրեմներն ու քսուքները սպանում են միկրոօրգանիզմներին, իսկ թուրմերը հանում են մաշկի ախտահարված հատվածների բորբոքումն ու կարմրությունը: Որոշ դեպքերում բժիշկը կարող է բուժում նշանակել՝ հակաբիոտիկներով: Դրանց դիմում են հատկապես բարդացած դեպքերում:

Բուժման ժամանակակից մեթոդներից խորհուրդ է տրվում էլեկտրոկոագուլյացիայի մեթոդը, լազերոթերապիան կամ հեղուկ ազոտի օգտագործումը: Կոսմետոոլոգիական սրահներում հաջողությամբ օգտագործվում է պիլինգը:

Այսպիսով, ռոզացեայի բուժումը կարող է լինել ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր: Իսկ թե բուժման որ մեթոդն օգտագործել, որոշում է բժիշկը՝ անհատական խորհրդատվության ընթացքում:




Benice.am