Հորմոնալ խանգարումները կանանց մոտ՝ հիպերանդրոգենեմիա. Ներկայացնում է Սուսաննա Ավետիսյանը

Կանանց մոտ հորմոնալ խանգարումները կարող են տարբեր դրսևորումներ ունենալ: Հորմոնային անհավասարակշռությունների դեպքում առաջ են գալիս մի շարք խնդիրներ: Doctors.am-ը կանանց մոտ արական սեռական հորմոնների հավասարակշռության խանգարումների մասին զրուցեց «Արմենիա» ՀԲԿ-ի Էնդոկրինոլոգիական բաժանմունքի էնդոկրինոլոգ Սուսաննա Ավետիսյանի հետ:

-Արական սեռական ո՞ր հորմոնների անհավասարակշռությունն է կանանց մոտ ամենահաճախ դրսևորվում: 

-Հիպերանդրոգենեմիան արական սեռական հորմոննների քանակի բարձրացումն է կանանց օրգանիզմում: Ամենաբարձր ակտիվություն ունեցող արական սեռական հորմոնները երկուսն են՝ տեստոստերոնն ու դեհիդրոտեստոստերոնը: Սրանք ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ ամենաակտիվ անդրոգեններն են: Սրանց շարքին կարող է դասվել նաև անդրոգենային ակտիվություն ցուցաբերող պրոլակտին հորմոնը:

-Ինչպիսի՞ ախտանշաններն են լինում արդրոգեն հորմոնալ խանգարումների ժամանակ:

-Այս խնդրի արտաքին նշաններն են՝ մաշկի յուղոտությունը, դեմքի, կզակի, կրծքի, որովայնի սպիտակ գծի, մեջքի շրջանում մազակալումը: Այսպիսի դեպքերում խոսքը վերաբերում է ոչ թե աղվամազերին, այլ կոշտ մազերին: Շատ կարևոր է որակը՝ անգամ մեկ հաստ, սև մազը նշան է էնդոկրինոլոգին դիմելու համար:
Ճակատի ու կզակի շրջանում մաշկի յուղոտությունը, ճարպակալումը, ակնեի առկայությունը նույնպես համարվում է էնդոկրին խնդիր ունենալու արտաքին նշան:
Ամենաակնհայտ նշաններից մեկը դաշտանային ցիկլի խանգարումն է, այդ թվում բացակայությունը, իսկ վերարտադրողական շրջանում ամենաանհանգստացնողն՝ անպտղությունը:
Եթե կան բոլոր ախտանիշները, սակայն արական հորմոնների ավելացում չի ախտորոշվում, ապա այս երևույթը վերագրվում է գենետիկ նախատրամադրվածությանը: Սա նշանակում է, որ արական հորմոնների նկատմամբ ընկալիչները շատ են գենետիկորեն: 

-Որո՞նք են հիպերանդրոգենեմիայի առաջացման հիմնական պատճառները:

- Համաձայն ընդհանուր դասակարգման՝ պատճառները պայմանավորված են՝ ուռուցքային և ոչ ուռուցքային գենեզով:
Անդրոգեններ արտադրող օրգանների ուռուցքները կարող են դառնալ հիպերանդրոգենեմիայի պատճառ: Դրանք հիմնականում ձվարաններն ու մակերիկամներն են:
Ոչ ուռուցքային պատճառներից են ժառանգական նախատրամադրվածությունը, երբ օրգաններում անդրոգենների ընկալիչները շատ են:  Ձվարանների պոլիկիստոզները պատճառ և հետևանք են անդրոգենեմիայի: Լյարդի, գլխուղեղի խնդիրները, ինչպես նաև այն հատվածի վնասումը, որտեղ առաջանում են անդրոգենների արտադրությունը կարգավորող գլխավոր հորմոնները: Ամնեահաճախ հանդիպողը մակերիկամների բնածին դիսպլազիաներն են:
Ժառանգական նախատրամադրվածությունն ամբողջ օրգան համակարգի համար շատ մեծ նշանակություն ունի, բայց սկզբից պետք է, ախտորոշել, ժխտել հորմոնալ խանգարումները:

-Ինչպե՞ս է իրականացվում այս խնդրի ախտորոշումը: Ովքե՞ր են ռիսկի խմբում:

-Սկզբում գնահատվում է հիվանդի արտաքին տեսքը, քանի որ դա շատ բանի մասին կարող է խոսել: Կախված գանգատներից՝ ընտրվում է, թե որ անդրոգենը պետք է որոշել, որին հաջորդում է հորմոնալ, լաբորատոր հետազոտությունը, ինչպես նաև սոնոգրաֆիկ հետազոտությունը:
Ռիսկի խումբը կարող ենք գնահատել համաձայն դիմելիության: Ավելի հաճախ դիմում են երիտասարդ աղջիկները, որոնց անհանգստացնում են դեմքի կոսմետիկ խնդիրները, ինչպես նաև վերարտադրողական շրջանում գտնվող կանայք: Առաջին եռամսյակում վիժումները կարող են պայմանավորված լինել անդրոգենների մեծ քանակությամբ, ինչը կանանց բերում է էնդոկրինոլոգի մոտ:
Դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց անդրոգենների քանակը իջնում է, քանի որ վերջիններս օրգանիզմում սինթեզվում են էստրոգեններից, իսկ կանանց օգնաիզմում անդրոգենների մեծ մասը բաժին է ընկնում ձվարաններին: Իսկ այդ շրջանում գտնվող կանանց մոտ ձվարանները հետզարգացման փուլում են գտնվում:
Վերջերս դիմելիությունը մեծացել է նաև սեռական հասունացման շրջանում գտնվող երեխաների դեպքում: Խորհուրդ կտամ մայրիկներն չսպասել աղջիկների սեռական հասունացմանը, եթե դիտվում են ոչ նորմալ դրսևորումներ:

-Ինչպե՞ս է հնարավոր վերականգնել հորմոնալ հավասարակշռությունը: Ինչպիսի՞ ցուցումներ են լինում նման խնդիրներ ունեցող հիվանդներին:

-Բուժումը պայմանավորված է անդրոգենեմիայի առաջացման պատճառից: Ուռուցքի դեպքում, դա հնարավոր է միայն վերջինիս բուժումից հետո: Ոչ ուռուցքային գենեզի դեպքում իրականացվում է հակաանդրոգենային բուժում:
Երբ օրգանիզմում բարձրանում է ինսուլինի քանակությունը դրան զուգահեռ մեծանում  են անդրոգենները: Հետևաբար նման հիվանդների համար ցուցում է նիհարելը, ինչը կարող է բերել ինսուլինի մակարդակի իջեցման:
Ցուցումներից ամենակարևորն այն է, որ մինչ կոսմետոլոգին դիմելն ու կոսմետիկ միջոցների օգտագործումը, ցանկալի է վերացնել բուն պատճառը: Եթե նկատելի են այդպիսի խնդիրներ, դրանց լուծում տալ մինչ ամուսնանալը, քանի որ դրանց հաջորդում են վերարտադրողական համակարգի խնդիրները, ինչը հոգեբանական տեսանկյունից ծանր է:
Շատ կարևոր է, երբ կինը սիրում է իր մարմինն ու գնահատում այն, լինում է ուշադիր: Ոչ բնականոն փոփոխություններ նկատելու դեպքում դիմել բժշկի՝ պատճառն ախտորոշելու համար: 


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
18 հունվար, 2018