Ադենոզինեռֆոսֆատ (ԱԵՖ)

ԱԵֆ-ի դերը էներգիայի փոխանակման մեջ լավ հայտնի է։ Սակայն, բացի դրանից այն, հանդիսանալով նաև սինապսային փոխադրիչ, լայն չափով գտնվում է տարբեր օրգաններում և հատկապես մետասիմպաթիկ նյարդային համակարգի էֆեկտոր նեյրոններում, կուտակվելով հատկապես նրանց նախասինապսային ծայրաճյուղերում։ Քանի որ այդ ծայրաճյուղերի խթանման ժամանակ արտադրվում են պուրինային քայքայման նյութեր` ադենոզին և ինոզին, այդ հաղորդումը ստացել է պուրիներգիկ անվանումը։ Հարթ մկանների վրա ԱԵֆ-ի գերակշռող ազդեցությունը ռելակսացիան է (թուլացումը)։

Պուրիներգիկ հաղորդման ուսումնասիրությունները, որոնք կատարվել են հաստ աղիքի ընդլայնական հատվածի ժապավենների, ստամոքսի մկանների, բարակ և հաստ աղիքների, կերակրափողի և սեղմանների վրա ցույց են տվել, որ պուրիներգիկ նյարդաթելի գրգռումն ուղեկցվում է ԱՀՍՊ-ի առաջացումով։ Ոչ ադրենաշրջափակիչները, ոչ սիմպաթազերծումը որևէ ազդեցություն չեն թողնում այդ ԱՀՍՊ-ի վրա, սակայն այն լրիվ շրջափակվում է տետրոդոկսինի միջնորդությամբ։ Պուրիներգիկ նեյրոնները, ըստ երևույթին, խոլիներգիկ գրգռիչ համակարգի նկատմամբ հանդիսանում են հակազդեցության գլխավոր արգելակիչ համակարգ։ Օրինակ, աղիքային «առաջամղման» մեխանիզմում։ Աղիքային կծկումները, որոնք հետևում են պուրիներգիկ կառույցների ակտիվացումից առաջացած թուլացմանը, ապահովում են աղիքով կլաբաժնի անցման համապատասխան մեխանիզմ։ Պուրիներգիկ նեյրոնները մասնակցում են նաև ստամոքսի ընկալչական թուլացման մեխանիզմում, սննդային և անալ սեղմանների թուլացմանը։ Հարթ մկանային օրգանների ռեակցիաները ԱԵֆ-ի նկատմամբ իրականացվում են բջջային թաղանթների պուրինաընկալիչների հետ այդ նյութի փոխներգործության հետևանքով։ Դեղաբանական չափանիշների հիման վրա առանձնացնում են դրանց երկու տեսակ։ Առաջին տեսակի պուրինաընկալիչներն առավել զգայուն են ԱԵֆ-ի քայքայման արգասիքի՝ ադենոզինի նկատմամբ, երկրորդները՝ հենց իրեն՝ԱԵֆ– ի։ Հավանական է, որ պուրիներգիկ հաղորդման գործում ընկալիչի դեր է կատարում ադենիլատցիկլազը։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին