Աերոալերգեններ

Հակածինները սպիտակուցային մոլեկուլներ են, որոնք ունակ են խթանելու իմունային պատասխանը: Ալերգենները հակածիններ են, որոնք յուրահատուկ են ալերգիկ տիպի պատասխանով, այսինքն` IgE սինթեզելու հատկությամբ: Մեզանից յուրաքանչյուրը ենթարկվում է մեր շրջապատի ամենաբազմազան ալերգենների ազդեցությանը: Այնուամենայնիվ, ալերգիկ պատասխանը զարգանում է միայն պոպուլյացիայի 20-30%-ի մոտ, ովքեր գենետիկորեն նախատրամադրված են (ատոպիկներ): Անգամ ատոպիկ անհատները գերզգայունացած չեն բոլոր ալերգենների հանդեպ: Թե ինչու են նրանք զգայուն որոշ ալերգենների հանդեպ և տոլերանտ` մյուսների, դեռ ամբողջովին  հայտնի չէ: Ավելին, գերզգայունացումը ոչ միշտ է դրսևորվում կլինիկական հիվանդությամբ: Դրա համար պատասխանատու գործոնները ևս վերջնականորեն պարզ չեն:

Սենյակային (տնային) ալերգեններ
Սենյակային (տնային) ալերգենները, ինչպիսիք են տան փոշու տզի, կատվի, շան և խավարասերների ալերգենները, կարող են չափվել փոշու նմուշների մեջ, որոնք վերցվում են փոշեծծիչով կամ օդի մեջ օդի նմուշ վերցնող գործիքով: Իմունոֆերմենտային անալիզներ են մշակվել` օգտագործելով մոնոկլոնային հակամարմիններ, որոնք կարող են չափել հիմնական ալերգենների քանակը և տալ ճշտգրիտ  ցուցմունք համապատասխան ալերգենին էքսպոզիցիայի ենթարկվելու մասին: Տիզերը նույնպես կարող են հաշվվել և արդյունքները արտահայտվել տզերի խտությամբ փոշու միավոր քաշին, այնուամենայնիվ, դա ծավալուն աշխատանք է և պահանջում է տզերի ճանաչման և հաշվման հատուկ փորձ:
Օդում ալերգենի մակարդակի ազդեցության գնահատումը ավելի պատշաճ կլինի, սակայն եթե չկա օդի մեծ տեղաշարժ, ինչպիսին է փոշեծծումը կամ անկողնու հարդարումը, ապա տան փոշու տիզի ալերգենը շատ ցածր մակարդակով է և դժվար է հայտնաբերել: Կատվի հիմնական ալերգենը` Fel-d-1, կարող է հարաբերականորեն հեշտ հայտնաբերվել  և փոշու և օդի նմուշներում, քանի որ մասնիկները տրամագծով սովորաբար  5μm –ից փոքր են և կախված են մնում օդում: Շան հիմնական ալերգենը Can-f-1, ունի նմանատիպ հատկություններ: Խավարասերի ալերգենի ամենաբարձր խտությունը հայտնաբերվում է խոհանոցի փոշու նմուշում: Ինչպես տան փոշու տիզը, այնպես էլ գերմանական խավարասերի ալերգենները` Bla-g-1-ը և Bla-g-2-ը, միայն փոշու  տեղաշարժի արդյունքում է նշանակալի քանակով հայտնվում օդում:

Տարածված ալերգենները
Տան փոշու տզեր
"Տան փոշու տիզ" անունը իր մեջ է ներառում pyroglyphidae ընտանիքի անդամներին: Երկու ամենատարածված տեսակները` pteronyssinus և farinae, պատկանում են Dermatophagoides տեսակին: Մոտավորապես Եվրոպայի մեծահասակ բնակչության  20%-ը սենսիբիլիզացված է D. pteronyssinus –ի հանդեպ: Տնային ամենակարևոր ալերգենը (Der-p-1) D. pteronyssinus –ի հիմնական ալերգենն է: Սա կարևոր պրոտեոլիտիկ ֆերմենտ է, որն առկա է տան փոշու տիզի կղանքային մասնիկներում: Տան փոշու տզի ալերգենների ազդեցությանը ենթարկվելը սենսիբիլիզացված անձանց մոտ կարող է պատճառ դառնալ ասթմայի, ռինիտի և ատոպիկ դերմատիտի առաջացման:

Էքսպոզիցիայի գնահատումը
Փոշու նմուշները հավաքվում են փոշեծծիչով` գնահատելու տան մեջ տիզերի քանակը: Տան փոշու տիզի տարածված տեսակների հիմնական ալերգենները պիտի օգտագործվեն տան փոշու տիզի հանդեպ էքսպոզիցիայի մոնիտորինգի համար: Կղանքային գնդիկները (ալերգենի աղբյուր) հարաբերականորեն ծանր են և օդից շուտ են նստում: Իմունաբանական անալիզները դեռ այնքան զգայուն չեն, որ վստահելիորեն չափեն օդում շատ փոքր քանակով առկա  ալերգենը:

Տան փոշու տիզը և հիվանդությունները
Սենսիբիլիզացիայի ռիսկը և կլինիկական հիվանդության զարգացումը ուղղակիորեն կախված են ալերգենի էքսպոզիցիայի մակարդակից: 2mg/g և 10mg/g փոշին առաջարկվել են համապատասխանաբար գերզգայունության և ասթմայի զարգացման համար ռիսկի գործոններ համարել: Հատկապես ասթմայի համար կա վստահելի վկայություն տան փոշու տիզի ալերգենի էքսպոզիցիայի և ալերգիկ հիվանդություն զարգանալու միջև եղած կապի վերաբերյալ: Համաճարակաբանական և կլինիկական հետազոտությունների ժամանակ առաջարկվել է դոզա-կախյալ  հարաբերակցություն  տան փոշու քանակի և ասթմայի ծանրության աստիճանի միջև: Տան փոշու տիզը նաև ամենակարևոր պատճառական գործոնն է շուրջտարյա ալերգիկ ռինիտի համար: Վերջին հետազոտությունները ցուցադրել են կապ էկզեմայի սրացման և տան փոշու տիզի ալերգենով բրոնխների հրահրիչ փորձերի միջև:

Տնային կենդանիներ
Եվրոպայում տների գրեթե 50%-ը ունեն կատու և/կամ շուն: Հայտնի է, որ կատուները և շները կարող են հրահրել ասթմայի և ռինիտի ախտանիշների առաջացումը գերզգայուն անձանց մոտ: Չկա ոչ մի կապ կենդանու տեսակի (կարճ կամ երկար մազերով) և ալերգենության միջև: Որոշ միջավայրերում ասթմայով հիվանդ երեխաների 70%-ը  գերզգայուն են կատվի և/կամ շան հանդեպ: Կատուներն ավելի ալերգենային են, քան շները, և կատվի գլխավոր ալերգենի (Fel-d-1) հիմնական աղբյուրը մաշկի ճարպագեղձն է: Շների մոտ հիմնական ալերգենը հայտնաբերվել է թքում, մաշկաթեփուկներում և մեզում: Կատու պահող ընտանիքների տներում կատվի ալերգենի մեծ քանակ է կուտակվում գորգերի, փափուկ կահույքի վրա և այլ փոշու կուտակման վայրերում: Կատվի ալերգենի մասնիկները փոքր են չափով և երկար են մնում օդում: Fel-d-1-ը կարող է չափվել և փոշում և օդում` օգտագործելով մոնոկլոնային հակամարմինների հիման վրա հիմնված իմունաբանական անալիզներ, և անգամ կատուն տնից հեռացնելուց ամիսներ անց կարող է հայտնաբերվել:

Ծաղկափոշի
Խոտաբույսերի, ծառերի և մոլախոտերի ծաղկափոշին սեզոնային ալերգիկ ռինիտի հիմնական պատճառն է (աղյուսակ 5): Նրանք եղանակային տարբեր բաշխում ունեն: Նրանք թեթև են և տեղափոխվում են մեծ տարածությունների վրա  օդի հոսանքների միջոցով: Խոտաբույսերի ծաղկափոշու քանակը բարձր է շոգ և չորային օրերին և ցածր` անձրևոտ օրերին: Էքսպոզիցիան բարձր է առավոտյան և ուշ կեսօրին: Քանի որ մասնիկները 15-50μm են տրամագծով, ուստի նրանք մնում են վերին շնչուղիներում և շաղկապենու պարկում` պատճառելով քթային և ակնային ախտանիշներ: Ծաղիկների ծաղկափոշին սովորաբար տարածվում է  միջատներով, ուստի ավելի հազվադեպ է լինում  ալերգիայի պատճառ:
Խոտաբույսերի և ծառերի շատ տեսակների միջև կա արտահայտված խաչաձև փոխազդեցություն: Ուստի, խոտաբույսերի ծաղկափոշու խառնուրդը (օրինակ` կնյուն, աշորա և այլն) և ծառերի (կեչի, պնդուկենի և լաստենի) խառնուրդը կարող է օգտագործվել: Սա սահմանափակում է ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ մզվածքների քանակը:

Բորբոսասնկեր
Բորբոսասնկերը կամ միկրոսնկերը աճում են խոնավ տարածքներում, քանի որ պահանջում են հարաբերական բարձր խոնավություն: Սրանք շուրջտարյա ալերգեններ են, չնայած նրանց քանակը ամենաբարձրն է աշնան ամիսներին: Alternaria,Cladosporium  և Aspergillus  տեսակները ամենատարածվածն են: Սպորները ներկա են և տան և դրսի օդում: Քանի որ սպորների չափը 2-5 μm է, նրանք ներշնչվում են պատճառ հանդիսանալով ասթմայի առաջացման: Երբեմն համակցված IgE և IgG պատասխան է առաջանում (բրոնխաթոքային ասպերգիլյոզ), իսկ առավելապես IgG պատասխանը արտածին ալերգիկ ալվեոլիտ է առաջացնում: Իմունային անբավարարությամբ հիվանդների մոտ ինվազիվ սնկային ինֆեկցիաներ կարող են առաջանալ:

Մասնագիտական ալերգեններ
Վերջին տարիներին մասնագիտական ասթմայի տարածվածությունը աճել է: Եվ սպիտակուցները (ալերգեններ) և ցածր մոլեկուլային զանգվածով քիմիական նյութերը (հապտեններ) կարող են առաջացնել IgE միջնորդված ալերգիկ ռեակցիաներ: Ռիսկի գործոններ են ատոպիան, բրոնխային գերռեակտիվությունը և ծխելը:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին