Ագրաֆիա

Ագրաֆիա։ Գերակշռող (ձախ) կիսագնդի ախտահարման ժամանակ պահպանվում է ձեռքի շարժողական ակտիվությունը, սակայն հիվանդը կորցնում է ըստ իմաստի և ձևի ճիշտ գրելու ունակությունը։ Գրավոր խոսքի խանգարում է, որի ժամանակ տուժում են շարահյուսությունը, ուղղագրությունը և բառերի ճիշտ ընտրությունը։ Ագրաֆիան կապ չունի գրելու գործողության այնպիսի խանգարումների հետ, որոնց հիմքում ընկած են աջ վերին վերջույթի թուլությունը, պարկինսոնիզմը կամ որևէ ֆիզիկական գործոն։

Որպես առանձին համախտանիշ ագրաֆիան հնարավոր է այն դեպքում, երբ ախտահարման օջախը տեղակայվում է միջին ճակատային գալարի հետին մասում` առջևից հարելով առաջկենտրոնական գալարի ձեռքի պրոյեկցիոն հատվածին։ Հաճախ զուգակցվում է աֆազիայի հետ։ Ըստ որում, ագրաֆիայի արտահայտվածությունն ուղիղ համեմատական է բանավոր խոսքի խանգարման ծանրությանը։

 

 

 

Սկզբնաղբյուրը՝ Նեյրոֆարմակոլոգիա

Հ.Մ. Մանվելյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին