Ալկոհոլային պարանոիդ

Ալկոհոլային պարանոիդը ալկոհոլամոլությամբ տառապողների շրջանում բավականին հաճախ է հանդիպում։ Այն հիմնականում բնորոշվում է հետապնդման, թունավորման, ինչպես նաև խանդի զառանցանքներով։ Առաջանում է աստիճանաբար, սկզբնական շրջանում միայն հարբածության ժամանակ, հետագայում արդեն դառնում մշտական ու կայուն կրելով որոշակի համակարգված բնույթ։ Ալկոհոլային պարանոիդի ժամանակ հատուկ տեղ է գրավում խանդի զառանցանքը, որի առաջացման հիմնական ելակետ կարելի է համարել ալկոհոլամոլներին հատուկ՝ կասկածամտությամբ ուղեկցվող սեռային գերցանկությունը և սեռային թուլության պատճառով դրան հագուրդ տալու անկարողությունը։

Նման հիվանդներին թվում է, որ կինը սկսել է իրեն դավաճանել, վերջինիս վարմունքի, ամեն մի գործողության մեջ ինչ-որ հետին մտքեր է տեսնում, գտնում է, որ կինը կապված է ուրիշների՝ նույնիսկ իր ամենամոտ հարազատների հետ։ Պատահական երևույթները հիվանդների համար դառնում են նրանց կասկածամտությունը հաստատող «փաստեր»։ Հաճախակի սկսում են հետևել ու հետապնդել կնոջը, նրա կարծեցյալ սիրեկաններին, որոնք իբր թե միասնաբար ցանկանում են իրեն վերացնել, թունավորել, հիվանդանոց «գցել» ու «մեկուսացնել», որպեսզի տիրանան իր ունեցվածքին և համատեղ ապրեն կնոջ հետ։ Հիվանդին այդ վիճակում տանը թողնելը դառնում է խիստ վտանգավոր, քանի որ այդ հողի վրա նրանք հաճախ ծանր հանցագործություններ և սպանություններ են կատարում։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին