Արյունահոսություններ

ԱրյունահոսությունԱրյունահոսությունը և արյան կորուստը հարկավոր է դասել պատերազմների և արտակարգ իրավիճակների ժամանակ առաջացող վնասվածքների ամենահաճախ ու վտանգավոր բարդությունների շարքին, որոնք հանդիպում են ոչ միայն բաց վնասվածքների և հրազենային վիրավորումների, այլ նաև փակ վնասվածքի ժամանակ:

Արյունահոսությունների դասակարգումը

1. Ըստ վնասված անոթի տեսակի տարբերում են զարկերակային, երակային, մազանոթային և պարենքիմային արյունահոսություններ, որոնք միմիյանցից տարբերվում են կլինիկական պատկերով և դադարեցման եղանակների առանձնահատկություններով: Մեծ մասամբ արյունահոսությունները կրում են խառը բնույթ, սակայն ամեն մի առանձին դեպքում գերակշռում է նշված տեսակներից որևէ մեկը:

2. Կլնիկական պայմաններից ելնելով, ըստ արյունը թափվելու տեղի տարբերում են արտաքին և ներքին արյունահոսություններ: Արտաքին աարյունահոսության դեպքում արյունն արտահոսում է արտաքին միջավայր կամ խոռոչավոր օրգանների լուսանցքի մեջ: Ներքին արյունահոսության ժամանակ արյունը կուտակվում է այս կամ այն փակ խոռոչի, թոքամզի, որովայնի մեջ:

Արտաքին արյունահոսությունների ախտորոշումն առանձին դժվարություն չի ներկայացնում: Այդ արյունահոսության ուժգնության մասին դատում են ըստ վերքից արտահոսող արյան բնույթի; վիրակապի, հագուստի արյունով թրջվելու արագության և աստիճանի: Արտաքին արյունահոսությունները հաճախ նկատվում են կարճ և լայն վերքային խողովակի առկայության դեպքում: Վերքային խողովակը երկար և նեղ լինելու դեպքում, նույնիսկ եթե վնասված են խոշոր անոթներ, արյունահոսությունը կարող է լինել նվազագույն չափի, իսկ վերքային խողովակի երկայնքով ձևավորվում է հեմատոմա, որը զարկերակի հետ կապ ունենալու դեպքում վեր է ածվում բաբախող հեմատոմայի զարկերակային կամ զարկերակաերակային (եթե միաժամանակ վնասվել է ուղեկցող երակը) աննևրիզմայի հետագա զարգացմամբ:

3. Ըստ կլինիկական երևույթների արտահայտվածության աստիճանի՝ տարբերում են սուր և խրոնիկական արյունահոսություններ:

4. Ըստ արյունահոսության առաջացման ժամանակի՝ տարբերում են առաջնային և երկրորդային արյունահոսություններ: Առաջնային արյունահոսությունն առաջանում է արյունատար անոթի վնասվածքի պահին, կամ վնասվածքից անմիջպես հետո: Երկրորդային արյունահոսությունն առաջանում է վնասվածք սատանալուց որոշ ժամանակ անց: Դա հնարավոր է տարբեր ժամկետներում, ինչպես անոթի վիրավորման կամ վնասվածքի ժամանակ արյուբահոսության ինքնաբերաբար դադարելուց, այնպես էլ անոթի վրա կատարված տարբեր միջամտություններից (վիրակապում, կարում և այլն) հետո: Երկրորդային արյունահոսությունների կանխարգելման հուսալի եղանակ է հանդիսանում վերքերի ժամանակին կատարվող լիարժեք մշակումը:

Տարբերում են երկրորդային վաղ և ուշ արյունահոսություններ

Երկրորդային վաղ արյունահոսությունն առաջանում է վնասվածքից, վիրավորումից կամ վիրաբուժական միջամտությունից հետո առաջին ժամերի կամ օրերի ընթացքում: Նման արյունահոսությունները ավելի հաճախ կապված են լինում բարձրացած արյան ճնշման, վիրավորի կոպիտ տեղափոխության, բավա-րար անշարժացման, ինչպես նաև վերքի հետ կատարվող անզգույշ գործողությունների հետևանքով անոթից կարաթելի հանգույցի արձակման կամ թուլացման, անոթի կծկանքի վերացման լուսանցքից արյան ուժեղացած հոսքով թրոմբի արտամղման հետ:

Երկրորդային ուշ արյունահոսությունները առաջանում են վնասվածքից 10-15 օր անց վերքում թարախային (անաէրոբ) վարակի զարգացման դեպքում: Նման արյունահոսությունները կարող են ծագել հանկարծակի ցանկացած պահին և պայմանավորված լինել վնասված անոթի լուսանցքում եղած թրոմբի թարախային տարրալուծմամբ, անոթապատի քայքայումով  թարախաբորբոքային պրոցեսով կամ անոթներ մատաղյա իրերով (բեկոր, գնդակ), դրենաժներով վնասմամբ, բաբախող հեմատոմայի թարախակալմամբ, անոթապատի մեռուկացմամբ: Երկրորդային ուշ արյունահոսության նախանշաններից են հանդիսանում մարմնի ջերմաստիճանի հանկարծակի, առանց վերքի մեջ թարախի կանգի նշանների բարձրացումը, հեմատոմայի ի հայտ գալը կամ նախկինում եղածի չափերի մեծացումը, այդ շրջանում աղմուկների առաջացումը, վերքային արտադրուկի արյունային գունավորումը, կամ վերքի մեջ արյան մանր մակարդուկների ի հայտ գալը: Սկսվող, նույնիսկ ուչ առատ և արագ դադարող, երկրորդային արյունահոսությունը հանդիսանում է որպես անոթը անհապաղ վերակարելու կամ վիրակապելու ցուցում: Արյունահոսության (արյան կորստի) ախտանշանների արտահայտվածության աստիճանը կախված է՝ ուժգնությունից (ինտենսիվությունից), առաջացման ժամանակից, տրամագծից և արյան թափվելու տեղից: Տուժածի կյանքի համար առավել մեծ վտանգ է ներկայացնում խոշոր և միջին տրամագծի, առավելապես զարկերակային տիպի անոթներից արյունահոսությունը, երբ վերքից արտահոսում է ալ կարմիր և բաբախող շիթով արյուն: Նման դեպքերում արյունահոսում են վնասված զարկերակի ինչպես կենտրոնական, այնպես էլ հեռադիր (դիստալ) հատվածները: Այդպիսի արյունահոսությունն արագորեն հանգեցնում է սուր սակավարյունության առաջացմանը, որի ժամանակ կարճ ժամանակում զարգանում է գլխուղեղի հիպօքսիա և մի քանի րոպեների ընթացքում կարող է հանգեցնել անբարենպաստ ելքի:  

Առատ արյունահոսություններ հաճախ հանդիպում են մագիստրալ զարկերակների կողմնային վնասվածքների դեպքում, քանզի անոթի լրիվ լայնական վնասման դեպքում զարկերակի ծայրերը կծկվում են, իսկ նրա ներքին թաղանթը ներ է շրջվում անոթի  լուսանցքի մեջ՝ փոքրացնելով այն, ինչը նպաստում է թրոմբի գոյացմանը և արյունահոսության ինքնաբերաբար դադարեցմանը նույնիսկ խոշոր զարկերա-կների վնասվելու դեպքում: Երակային արյունահոսությունները կյանքի համար նվազ վտանգավոր են, չնայած, որ խոշոր երակների վնասումները կարող են ոչ միայն առատ արյունահոսության, այլ նաև օդային էմբոլիայի պատճառ դառնալ: Վերջինս հաճախ հանդիպում է պարանոցի, ենթաանրակային, անոթային շրջանի և կրծքավանդակի խոշոր երակների վնասման դեպքում, քանի որ ներշնչման պահին դրանցում առաջանում է բացասական ճնշում: Բացասական ճնշումից բացի՝ նշանակություն ունի նաև փականների բացակայությունն այդ երակներում: Դրան նպաստում է նաև այն, որ նշված երակների պատերը կպած են հարևան հյուսվածքներին, որի պատճառով վնասված երակը չի կարող կծկվել և մնում է բաց՝ ինչը հեշտացնում է օդի մուտքը լուսանցք: 

Օդային էմբոլիայի դեպքում տուժածի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է, առաջանում է մաշկային ծածկույթների գունատություն, որը տեղ-տեղ լինում է կապտավուն, շնչառությունը կանգ է առնում, դադարում է սրտի աշխատանքը: Երակային արյունահոսության դեպքում երակային արյան արտահոսի խանգարման և ներերակային ճնշման բարձրացման հետևանքով արյունը նույնպես կարող է արտահոսել շիթով, սակայն այն սովորաբար բաբախող չի լինում: Մազանոթային և պարենքիմային արյունահոսության ժամանակ արյունը արտահոսում է վերքի ողջ մակերեսից: Այն լինում է նվազ ինտենսիվ և արագորեն դադարում է: Այդ ժամանակ արյունահոսության աղբյուրը դժվար է լինում ճշտել: Ներքին օրգանների վնասման ժամանակ առաջացող ներքին արյունահոսությունները սովորաբար կրում են թաքնված բնույթ և այդ պատճառով առավել մեծ վտանգ են ներկայացնում: Ներխոռոչային արյունահոսությունները ախտորոշվում են հիմնականում սուր և անեմիայի ընդհանուր ախտանիշների (մաշկային ծածկույթների և տեսանելի լորձաթաղանթների գունատություն, թուլություն, սառը քրտինք, բերանում չորություն, անհագ ծարավի զգացում, քնկոտություն, գլխապտույտներ, գիտակցության մթագնում, սրտխառնոց, փսխում, աղմուկ ականջներում, հաճախացած թույլ նշմարելի անոթազարկ, զարկերակային ճնշման անկում, շնչառության հաճախացում, ծանր դեպքերում՝ Չեյն-Ստոքսի շնչառություն և այլն) հիման վրա:  

ԱՂԵՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՈՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Արյունահոսության կանգնեցում: Տարբերում են ժամանակավոր և վերջնական արյունահոսության կանգնեցում: Արտաքին արյունահոսության ժամանակավոր կանգնեցումը կատարում են առաջին բուժական, մինչբժշկական և առաջին բժշկական օգնության ժամանակ: Այդ դեպքում օգտագործվում են հետևյալ մեթոդները.

  • անոթի մատով սեղմումը
  • վերջույթի մաքսիմալ ծալումը հոդի շրջանում
  • լարանի դնում
  • ճնշող վիրակապի դնում
  • վերքում սեղմիչի դնում (առաջին բժշկական օգնություն)
  • վերքի տամպոնադա (առաջին բժշկական օգնություն)

Բուժման  սկզբունքները . արյունահոսության ժամանակավոր կանգնեցում, ցավազրկում, անշարժացում, ասեպտիկ վիրակապ, անհրաժեշտության դեպքում արհեստական շնչառություն և սրտի մերսում, արյան և արյան փոխարինիչների ներերակային կամ ներոսկրային ներարկում:

Առաջին  բուժօգնություն:  Հիմնական խնդիրներից է հանդիսանում արյունահոսության ժամանակավոր կանգնեցումը: Տուժածի կյանքի համար մեծ վտանգ է ներկայացնում արտաքին զարկերակային արյունահոսությունը:  Այս դեպքում անհրաժեշտ է մատով սեղմել անոթը /վերջույթների վրա- վնասված տեղից վերև, պարանոցի և գլխի- ներքև/: Վերջույթի հոդերեում առավելագույն ծալման եղանակը հնարավորություն է տալիս ժամանակավորապես դադարեցնել արյունահոսությունը ենթածնկային զարկերակից, նախաբազկի և սրունքի վնասվածքի դեպքում: Արյունահոսության ժամանակավոր կանգնեցման ամենաարդյունավետ միջոցներից է ռետինե լարանի օգտագործումը: Արյունահոսությունը դադարեցնող լարանը դրվում է զարկե-րակային ուժեղ արյունահոսությունների դեպքում, երբ ճնշող կապը լինում է անարդյունավետ: Վերջույթների վրա լարան դնելը հանդիսանում է առավել հուսալի եղանակ: Զարկերակային արյունահոսության ժամանակ լարանը դնում են վերջույթի բարձր դիրքում:

Արյունահոսութունը դադարեցնող լարան դնելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.

  • լարանը դնել հագուստի վրա, ուղելով դրա ծալքերը, կամ մաշկի վրա` պաշտպանելով այն մի քանի շրջան բինտով;
  • լարանը դնել որքան հնարավոր է վերքին մոտ և ձգել այն մինչև արյունահոսության դադարեցումը և անոթազարկի անհայտացումը ծայրամասային զարկերակների վրա;
  • վերջութի վրա դրված լարանի տևողությունը չպետք է լինի 2 ժամից , իսկ ձմռանը 1 ժամից ավել;
  • լարանը երկար պահելու դեպքում հարկավոր է պարբերաբար կարճ ժամանակով/1-2րոպե/ թուլացնել այն`  նախապես մատով սեղմելով լարանից վեր գտնվող խոշոր զարկերակը, որից հետո նորից ձգել լարանը;
  • լարանը դնելու ժամանակը նշում են թղթի վրա և այն դնում տուժածի գրպանը;
  • լարամը դնել այնպես, որ այն լինի լավ տեսանելի վիրավորի վրա:

Երակային և մազանոթային արյունահոսության դեպքում օգտագործում են ճնշող վիրակապ: Մանրեազերծ թանզիֆից պատրաստված ճնշող կապը կիրառում են զարկերակային արյունահոսության դադարեցման համար, երբ հնարավոր չի լինում լարանի կիրառումը:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին