Ածխաջրատներ

Ածխաջրատների նշանակությունը
Ածխաջրատների կենսաբանական նշանակությունը: Ածխաջրատները մարդու և կենդանիների օրգանիզմում ունեն էներգիական և կառուցողական նշանակություն: 1գ ածխաջրատի ջերմային արժեքը կազմում է 17,18կջ: Ածխաջրատները (արյան գլյուկոզայի ձևով) էներգիայի անմիջական աղբյուր են օրգանիզմի համարյա բոլոր բջիջների համար: Ածխաջրատների դերը մեծ է նաև որպես հեշտությամբ մոբիլիզացվող պահեստային էներգիական նյութեր, որոնք անհրաժեշտության դեպքում սննդի ընդունման նույնիսկ երկարատև ընդմիջման պայմաններում ապահովում են հյուսվածքների սնուցման հաստատուն մակարդակ: Մարդու և կենդանիների օրգանիզմում պահեստային ածխաջրատ է ծառայում գլիկոգենը: Սակայն սննդի անբավարարության դեպքում օրգանիզմի էներգիական պահանջները հեշտությամբ փոխհատուցվում են սպիտակուցների և ճարպերի հաշվին:

Ածխաջրատները կարևոր կառուցողական նյութեր են: Նրանք մտնում են ցիտոպլազմայի և ենթաբջջային կառույցների, ինչպես նաև կենսաբանական հեղուկների, նուկլեինաթթուների և մուկոպոլիսախարիդների կազմության մեջ, մասնակցում են ոսկրերի, աճառների և շարակցական հյուսվածքի առաջացմանը, անհրաժեշտ են լյարդում թունավոր նյութերի վնասազերծման և օրգանիզմի իմունաբանական պաշտպանության համար: Չափահաս մարդու օրական ածխաջրատային պահանջը կազմում է 500գ: Սննդի հետ ընդունված ածխաջրատների հիմնական մասը (մոտ 70%) հյուսվածքներում օքսիդանում է Co2-ի և ջրի, դրանով բավարարելով օրգանիզմի էներգիական պահանջների մեծ մասը, 20-25%-ը կերպափոխվում է ճարպի և 2-5%-ից սինթեզվում է օրգանիզմի գլիկոգենային պահեստը: Արյան և այլ արտաբջջային հեղուկների հիմնական ածխաջրատը գլյուկոզան է: Զարկերակային արյան մեջ գլյուկոզան կազմում է 70-80-ից մինչև 120մգ %: Արյան մեջ գլյուկոզայից բացի գոյություն ունեն նաև այլ ածխաջրատներ, օրինակ, գլիկոգեն, որը գտնվում է հիմնականում լեյկոցիտներում և էներգիայի աղբյուր է հանդիսանում նրանց համար, մուկոպոլիսախարիդներ, օրինակ, հեպարին հակամակարդիչ նյութը:

Հյուսվածքների կողմից շաքարի կլանման հետևանքով երակային արյան մեջ շաքարի քանակը համեմատաբար ցածր է, բացառությամբ լյարդային երակի, որի միջոցով լյարդը գլյուկոզա է արտահանում շրջանառող արյան մեջ: Զարկերակերակային տարբերությունը կախված է օրգանի ֆունկցիոնալ ակտիվության մակարդակից: Ակտիվ գործունեության ընթացքում գլյուկոզայի կլանումը և հետևաբար զստկերակերակային տարբերությունը մեծանում է: Ածխաջրատները ընդունվում են սննդի հետ պոլիսախարիդների, դիսախարիդների և մոնոսախարիղների ձևով: Մարսողական ուղիներում ֆերմենտային պրոցեսների ընթացքում բարդ ածխաջրատները վեր են ածվում մոնոսախարիդների, հիմնականում հեքսոզների՝ գլյուկոզայի, ֆրուկտոզայի, գալակտոզայի և որոշ սննդանյութերի ճեղքումից նաև պենտոզների` ռիբոզի և դեզօքսիռիբոզի և ներծծվում են թավիկների աղիքային էպիթելից ֆոսֆորացման, իսկ թավիկի արյան անոթը էնդոթելից` ապա ֆոսֆորացման ճանապարհով, որի շնորհիվ ազատ մոնոսախարիդները անցնում են դռներակի արյան մեջ: 

Ներծծման արագությունը տարբեր է կախված ֆոսֆորացման և ապաֆոսֆորացման արագությունից: Եթե ներծծումն ընդունենք 100, ապա գլյուկոզան ներծծվում է 110 արագությամբ, ֆրուկտոզան` 43, մաննոզան` 19: Ամենաթույլ արագությամբ ներծծվում են պենտոզները` 9-15: Ներծծվելուց հետո մոնոսախարիդները արյան հոսքով գնում են գլխուղեղ, լյարդ, մկաններ, երիկամներ և այլ օրգաններ, որտեղ նրանք ենթարկվում են տարբեր կերպափոխությունների: Լյարդում գլյուկոզայից սինթեզվում է պահեստային ածխաջրատ' գլիկոգեն: Այդ պրոցեսը կոչվում է գլիկոգենեզ: Անհրաժեշտության դեպքում գլիկոգեեը նորից ճեղքվում է գլյուկոզայի և լյարդից արտահանվում է արյան ընդհանուր շրջանառության մեջ: Լյարդում գլյուկոզայի մի մասը օքսիդանում և անջատում է էներգիա: Գլյուկոզայից լյարդում կարող են սինթեզվել ոչ ածխաջրատային նյութեր' ճարպեր, սպիտակուցներ և հատուկ նշանակության նյութեր, օրինակ, գլյուկուրոնաթթու, որն անհրաժեշտ է լյարդի վնասազերծող ֆունկցիաների իրականացման համար: Լյարդում կատարվում է նաև գլյուկոնեոգենեզ ածխաջրատների սինթեզ ոչ ածխաջրատային նյութերի ճարպերի և սպիտակուցների քայքայման արգասիքներից: Լյարդի կողմից գլյուկոզայի արտահանումը կամ կլանումը կախված է նրան սնող արյան շաքարի մակարդակից: Արյան մեջ գլյուկոզայի մեծ խտությունների դեպքում լյարդը կլանում է գլյուկոզան և սինթեզում է գլիկոգեն, իսկ փոքր քանակների դեպքում՝ գլյուկոզան լյարդից արտահանվում է արյան մեջ, որում և կայանում է լյարդի հոմեոստազային ֆունկցիան:

Մկաններում նույնպես արյունից կլանվում է գլյուկոզա և սինթեզվում է գլիկոգեն, որը ճեղքվելով ապահովում է մկանի կծկումը էներգիայով, սակայն մկաններում հեքսոզոֆոսֆատազա ֆերմենտի բացակայության հետնանքով գլիկոգենի ճեղքման ժամանակ այդտեղ գլյուկոզա չի առաջանում, այլ գլիկոգենը ճեղքվում է կաթնաթթվի ե պիրոխաղողաթթվի, որոնցից մկաններում դարձյալ սինթեզվում է գլիկոգեն և մասամբ անցնում է արյան մեջ: Նորմայում արյան մեջ կաթնաթթվի քանակը կազմում է 12-19մգ%, իսկ ինտենսիվ մկանային աշխատանքի ժամանակ կարող է մեծանալ 15-20 անգամ: Կաթնաթթուն կլանվում է լյարդի բջիջների կողմից, որտեղ նրանցից սինթեզվում է գլիկոգեն: Այսպիսով, լյարդը մատակարարում է գլյուկոզա, որը կլանվում է մկանների կողմից մկանային գլիկոգենի սինթեզի համար, իսկ մկանները գլիկոգենը քայքայելով կաթնաթթվի, ելանյութ են մատակարարում լյարդին գլիկոգենի սինթեզի համար: Գլխուղեղի համար գլյուկոզայի մատակարարումը ունի առանձնահատուկ նշանակություն: Գլխուղեղի բջիջները չունեն ածխաջրատների պահեստներ, արյան գլյուկոզան հանդիսանում է էներգիայի միակ աղբյուրը նրանց համար, ուստի լիարժեք գործունեության համար գլխուղեղի բջիջները պետք է գլյուկոզա ստանան անընդհատ: Այդ է պատճառը, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի իջեցման դեպքում առաջին հերթին տուժում է ուղեղի ֆունկցիան: Լյարդի արտադրած գլյուկոզայի մոտ 69%-ը կլանում է գլխուղեղը, որտեղ նրա մեծ մասը օքսիդանում է և մասամբ վերածվում է կաթնաթթվի: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի պահպանմանը մասնակցում են նաև երիկամները: Երբ արյան մեջ գլյուկոզայի քանակը անցնում է 180մգ%-ից, գլյուկոզայի ավելցուկը մեզի միջոցով մասամբ հեռանում է օրգանիզմից: Հարաբերական հանգստի վիճակում գլյուկոզայի քանակը առողջ մարդու արյան մեջ կազմում է 4,5-5,5 մմոլ/լ (80-120մգ%-ի սահմաններում):

Գլյուկոզայի մակարդակի բարձրացումը 5,5մմոլ/լ-ից կոչվում է հիպերգլիկեմիա (գերշաքարարյունություն), 4,5մմոլ/լ-ից իջեցումը հիպոգլիկեմիա (թերշաքարարյունություն): Ածխաջրատների փոխանակության կարգավորումը ուղղված է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի հաստատուն պահպանմանը: Նրա հիմքում ընկած է ինքնակարգավորումը: Դա նշանակում է, որ բնականոն սահմաններից գլյուկոզայի խտության այս կամ այն չափով արտահայտված տեղաշարժերը ակտիվացնում են տվյալ պարամետրը նորմային վերադարձնող մեխանիզմներ: Նախ կատարվում է գլյուկոզայի քանակի փոփոխության ընկալում համապատասխան ընկալիչների կողմից, որոնք գտնվում են հիպոթալամուսի փորամիջային և փորակողմնային կորիզներում, ինչպես նաև անոթներում, լյարդում, որտեղից գրգիռը իրազեկվում է հիպոթալամուս: Հիպոթալամուսում ըստ պահանջի ձևավորվում է սննդի հայթայթման վարք, խթանվում է վեգետատիվ նյարդային համակարգի համապատասխան բաժինը (քաղցի կենտրոն), և շաքարի փոխանակությունը կարգավորող հորմոնների արտադրությունը: Շաքարը կարգավորող հորմոններից ինսուլինը միակ հորմոնն է, որը իջեցնում է շաքարի մակարդակը արյան մեջ, մնացածը բարձրացնում են արյան շաքարի բաղադրությունը և կոչվում են հակաինսուլինային հորմոններ: Դրանց շարքին են պատկանում գլյուկագոնը, նորադրենալինը, ադրենալինը, գլյուկոկորտիկոիդները, սոմատոտրոպինը, թիրոքսինը:

 

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին