Խորեան նյարդային համակարգի հիվանդություն է, որն արտահայտվում է ակամա անկանոն ջղաձիգ շարժումներով:

Պատճառներ
Հաճախ հիվանդանում են ռևմատիզմով տառապող երեխաները և դեռահասները (փոքր խորեա): Նման հիվանդները, որպես կանոն, մինչև հիվանդության ախտանշանների ի հայտ գալը գտնվում են դիսպանսերային հաշվառման մեջ: Խորեան կարող է ունենալ ժառանգական ծագում և առաջանալ 25-50 տարեկանում (Հենթինգթոնի խորեա): Դա երբեմն ի հայտ է գալիս գլխուղեղի անոթների աթերոսկլերոզի հետևանքով: Խորեա կարող է դրսևորվել հղի կանանց մոտ (հատկապես հղիության առաջին կեսին): Նման կանայք սովորաբար տառապում են ռևմատիզմով կամ հաճախակի են հիվանդանում անգինայով, իսկ ոմանք էլ նախկինում հիվանդացել են խորեայով:

Պաթոգենեզ
Սկզբում նկատվում են երեխայի գերհոգնելիություն, ուշադրության թուլացում, ավելի ուշ առաջանում են ակամա շարժումներ, որոնց հետևանքով երեխան վատ է գրում, ձեռքից գցում է առարկաները, թափում թեյը, ճաշը: Դեմքի մկանների ակամա շարժումները ծամածռության տպավորություն են թողնում: Կարճ ժամանակ անց ակամա շարժումներն ավելի կոպիտ են դառնում: Շրջապատում նկատում են, որ հանկարծակի դողում է հիվանդ երեխայի ձեռքը կամ ոտքը: Աթերսկլերոզի հետևանքով առաջացած խորեայի դեպքում ակամա շարժումներն ընդգրկում են ոչ միայն վերջույթների, ալյև դեմքի, լեզվի մկանները: Հիվանդը դժվարությամբ է խոսում, ուտում, քայլում, մտավոր ունակությունները ևս թուլանում են: Այդ բոլորը հանգեցնում են հաշմանդամության, և հիվանդները խնամքի կարիք են ունենում:

Բուժում
Ռևմատիզմի կանոնավոր բուժման դեպքում խորեա չի առաջանում, իսկ ի հայտ գալուց հետո ժամանակին բուժելիս լրիվ ապաքինվում է:

Կանխարգելում
Դիսպանսերային հաշվառման մեջ գտնվող հիվանդները պետք է խստորեն կատարեն բժշկի խորհուրդներն ու նշանակումները: Եթե մասնագետները խորհուրդ են տալիս հեռացնել նշագեղձերը, ապա դա պետք է անպայման կատարել: Անհրաժեշտ է, որ ռևմատիզմով տառապող հղի կանայք ժամանակին դիմեն կանանց կոնսուլտացիա:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին