Բժիշկ

ԲժիշկԲժիշկը մասնագետ է, ով կանխարգելում, ախտորոշում և բուժում է հիվանդությունները, պահպանում և ամրապնդում մարդկանց առողջությունը: Նա բարձրագույն բժշկական կրթություն ստացած անձն է: Բժշկի մասնագիտությունը (բժշկագիտություն) պահանջում է ծայրաստիճան պատասխանատվություն,քանի որ նրան է վստահվում մարդու համար ամենաթանկը` մարդու կյանքն ու առողջությունը, հետևաբար բժշկին անհրաժեշտ են ինչպես բժշկագիտության խորը իմացություն, այնպես էլ կլինիկական մտածելակերպով օժտվածություն: Դա է պատճառը,որ բոլոր մասնագիտությունների մեջ բժշկական կրթությունը ամենաերկարատևն է և ամենախրթինը, իսկ հետագայում` արդեն որպես կայացած մասնագետ, բժիշկը պարտավոր է մինչև կյանքի վերջ սովորել,թարմացնել ու խորացնել գիտելիքները,լինել տեղեկացված ամեն վայրկյան զարգացող ու փոփոխվող բժշկական աշխարհում:

ՀՀ-ում բժիշկներ պատրաստող հիմնական բուհը Երևանի պետական բժշկական համալսարանն է: Սովորաբար բժիշկ դառնում են եռաստիճան ուսումնառությամբ. նախ սովորում են բակալավրիատի կրթական մակարդակում և խորությամբ ուսումնասիրում բժշկագիտությունը: Առաջին 3 տարիներին սովորաբար ուսումնասիրում են բժշկագիտության տեսական գիտությունները (Անատոմիա, Հյուսվածաբանություն, Ֆիզիոլոգիա, Կենսաքիմիա, Բժշկական տերմինաբանություն, Ախտաֆիզիոլոգիա, Ախտաբանական անատոմիա, Դեղագիտություն, Բժշկական մանրէաբանություն, Հիգիենա և այլն), իսկ բակալավրիատի մնացած տարիներին` կլինիկական գիտությունները (Ներքին և վիրաբուժական հիվանդություններ, Մանկաբարձություն և գինեկոլոգիա, Մանկաբուժություն, Սրտաբանություն և այլն): Այնուհետև ևս 2 տարի իրենց գիտելիքները խորացնում են մագիստրատուրայում, որտեղ ուսումնառելը պարտադիր է բոլոր բժիշկների համար: Մագիստրատուրայում ուսումնառելուց հետո ուսումնառությունը շարունակվում է կլինիկական օրդինատուրայում` բժշկագիտության որևէ նեղ բնագավառում: Գոյություն ունեն 2 կարգի բժիշկներ՝ ընտանեկան բժիշկներ կամ լայն պրոֆիլի թերապևտներ (ներքին հիվանդությունների բժիշկ) և նեղ մասնագետներ (մանկաբույժներ, վիրաբույժներ, հոգեբույժներ, ծերաբույժներ և այլն):

Հիվանդը սկզբում դիմում է թերապևտին, որն ախտորոշում է հիվանդությունը և որոշում տվյալ հիվանդին բուժելու եղանակը: Նեղ մասնագետ բժիշկները սովորաբար աշխատում են հիվանդանոցներում (կլինիկաներում): Միայն բժշկական կրթությունը դեռևս բավարար չէ որակյալ և ժամանակակից բժշկի պաշտոնը ստանձնելու համար. բժիշկ-մասնագետին անհրաժեշտ են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են հոգատարությունը, դիտողականությունը, անձնվիրությունը, անսահման բարությունը, ուրիշին օգնության հասնելու ձգտումը, ինչպես նաև ներքին բարձր կուլտուրան: Ինչպես ասել է իսպանացի նշանավոր բժիշկ Խոսե դե Լյատումենդին "Միայն բժշկություն իմացող բժիշկը նույնիսկ բժշկություն էլ չգիտե": Բժիշկը պետք է գերազանց տիրապետի միջանձնային հարաբերությունների նրբություններին, չէ որ նա գործ ունի հիվանդ մարդու հետ, ում նկատմամբ անհրաժեշտ է լինել չափազանց նրբանկատ ու ներողամիտ: Քանի որ բժիշկը գործ ունի մարդու կյանքի հետ, ուստի, խոր գիտելիքներից բացի, նրանից պահանջվում են նաև բազմաթիվ հատկանիշներ, և մշակված են բժշկի վարվելակերպի հատուկ կանոններ: Ֆոնենդոսկոպը և ճնշաչափը բժշկի անբաժան գործիքներն են:

Բժիշկը հետազոտում է հիվանդին և որոշում, թե ինչպես կարելի է կանխել ու բուժել հիվանդությունները: Դեռևս Հին Եգիպտոսում բժիշկը, նախքան գործնական բժշկությամբ զբաղվելը, երդվում էր հավատարիմ մնալ որոշակի նորմերի: Ավելի ուշ «բժշկության հայր», հին հույն բժիշկ և փիլիսոփա Հիպոկրատը մշակել է բժշկի երդման տեքստ, որը հայտնի է իբրև «Հիպոկրատի երդում» և պարտադիր է բոլոր բժիշկների համար: Հայ բժիշկները մշտապես հետևել են բժշկի բարոյական նորմերին: Օրինակ՝ միջնադարյան հայ բժշկության հիմնադիր, բժշկապետ Մխիթար Հերացին, որի անունով է կոչվել Երևանի պետական բժշկական համալսարանը, շրջել է վտանգավոր համաճարակների վայրերում, զբաղվել է դողէրոցքի (մալարիա) և այլ վարակիչ հիվանդությունների ուսումնասիրությամբ: ՀՀ բուժհիմնարկներում, որպես կանոն, անցկացվում են «Դեոնտոլոգիական օրեր», որոնց ընթացքում բուժաշխատողները քննարկում են բժշկական բարոյագիտության՝ դեոնտոլոգիայի հարցեր:

Doctors.am կայքում կարող եք ծանոթանալ Հայաստանի Հանրապետությունում աշխատող բժիշկներին, նրանց կենսագրականին, ինչպես նաև կարող եք հարց ուղղել բժիշկներին:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին