Էրիթրոցիտներ

էրիթրոցիտների, կամ արյան կարմիր բջիջների ամենակարևոր ֆունկցիան թթվածնի փոխադրումն է։ Դրան զուգընթաց էրիթրոցիտները իրենց թաղանթի վրա փոխադրում են զանազան նյութեր կրեատոր մակրոմոլեկուլներ, հորմոններ, ամինաթթուներ, նուկլեոտիդներ և այլն։ Թաղանթը պարունակում է նաև սիալաթթու, որն ապահովում է թաղանթի բացասական լիցքավորումը և արյան կախույթային վիճակը։ Դրանք մասնակցում են նաև արյան մակարդմանը, պայմանավորում արյան խմբային պատկանելիությունը։ Անոթի վիճակում առողջ հասուն տղամարդու արյան 1մմ3 ծավալը պարունակում է շուրջ 5մլն էրիթրոցիտ (5.1012/լ), իսկ կնոջը 4,5մլն Էրիթրոցիտ (4,5.1012/լ)։ Բոլոր այն դեպքերում, երբ օրգանիզմի թթվածնի պահանջը մեծանում է, ավելանում է նաև էրիթրոցիտների քանակը և բավարարում այդ պահանջը։ էրիթրոցիտների քանակի ավելացումը (էրիթրոցիտոզ) կարող է լինել ցածր մթնոլորտային ճնշման պայմաններում, ֆիզիկական աշխատանքի ժամանակ, հղիության ընթացքում, հույզային (էմոցիոնալ) վիճակում, քաղցած ժամանակ։

էրիթրոցիտների քանակի արագ ավելացումը տեղի է ունենում արյան պահեստատեղերում կուտակված խտացած արյան հաշվին, որը հարկ եղած դեպքերում մղվում է արյան շրջանառության մեջ։ էրիթրոցիտոզ կարող է լինել նաև արյան պլազմայի զանգվածի փոքրացման հաշվին, որը հեղուկների մեծ կորուստների հետևանք է (ուժեղ քրտնազատություն, լուծեր և այլն)։ Ընդհակառակը, մեծ քանակությամբ հեղուկներ ընդունելիս հեմատոկրիտի փոքրացման շնորհիվ էրիթրոցիտների քանակը հարաբերորեն պակասում է (էրիթրոպենիա)։ Հիվանդագին պատճառներից էրիթրոցիտների քանակը նույնպես պակասում է և զարգանում է սակավարյունություն (անեմիա)։ էրիթրոցիտներն անկորիզ բջիջներ են, կազմված ցիտոպլազմայից և պլազմատիկ թաղանթից։ Կորիզի բացակայությունը մեծ չափով նպաստում է նրա ֆունկցիային, քանի որ խիստ կերպով կրճատվում է թթվածնի յուրացման հետ կապված էներգիական ծախսերը։ Մյուս կողմից կորիզի գրաված տարածությունը նույնպես լցվում է թթվածնի հիմնական փոխադրիչի՝ հեմոգլոբինի մոլեկուլներով։

էրիթրոցիտները երկգոգ սկավառակի տեսք ունեն։ Դրանց տրամագիծը տատանվում է 7,2-7,5մկմ-ի սահմաններում, իսկ հաստությունը 2,2մկմ է։ Այս ձևի շնորհիվ թաղանթից մինչև ցիտոպլազմայի խորքի ամենահեռավոր կետը 0,85մկմ-ից չի գերազանցում (գնդաձև լինելու դեպքում այն կկազմեր 2,5մկմ) և մեծապես նպաստում է թթվածնի ու հեմոգլոբինի մոլեկուլների հանդիպմանը։ Այս իմաստով էրիթրոցիտների թաղանթի մակերեսը որոշիչ նշանակություն ունի թթվածնի փոխանակության մեջ։ Սակայն մեկ էրիթրոցիտի մակերեսը չնչին մեծություն է 145մկմ : Մինչդեռ օրգանիզմի բոլոր էրիթրոցիտների գումարային մակերեսը հասնում է հսկայական մեծության` 3ՕՕՕմ2։ Միայն էրիթրոցիտների բնականոն քանակը կարող է ապահովել նման չափի մակերես և փոխադրել անհրաժեշտ քանակի թթվածին։ Հասուն մարդու շրջանառու արյան էրիթրոցիտների քանակը կազմում է 25 x 10^12 -30 x 10^12։ Արյան ողջ էրիթրոցիտների ամբողջությունը կոչվում է էրիթրոն:

էրիթրոցիտների թաղանթը կիսաթափանցիկ հատկություն ունի։ Կատիոնների նկատմամբ (Na+, K+ և այլն, բացառությամբ H+-ի) անթափանց է։ Այդ պատճառով արյան պլազմայում գերակշռում են Na+ իոնները, իսկ էրիթրոցիտի ցիտոպլազմայում K+ իոնները։ Անիոնների նկատմամբ (ОН-, НС03- և այլն) թաղանթը թափանցելի է։ Թաղանթի վրա ֆիքսված են շուրջ 300 անտիգեններ (A,B,H,M,N,S և այլն)։ Հիմնականում դրանց հաշվին է, որ պլազմատիկ թաղանթի զանգվածի կեսից ավելին սպիտակուցներ են, որոնց զգալի մասը հանդես է գալիս գլիկոպրոտեիդների ձևով։ Երիտասարդ էրիթրոցիտների թաղանթն ու կմախքն օժտված են ճկունությամբ, որի շնորհիվ բջիջը հեշտությամբ ձևախախտվում է և կարող է անցնել նույնիսկ 3 մկմ տրամագիծ ունեցող մազանոթներով։ Ցիտոպլազմայում գոյություն ունեցող սպիտակուցներից սպեկտրինը և անկիրինը կազմում են բջջի կմախքը։ Բջջի ձևը վերականգնելու համար օգտագործվում է էներգիայի փոխանակության անթթվածնային փուլից անջատված էներգիան։ Ցիտոպլազմայի չոր նյութի 9/10 մասը կազմում է հեմոգլոբինը։ Եթե հեմոգլոբինի մոլեկուլները պարփակված չլինեին էրիթրոցիտների մեջ, այլ գտնվեին անմիջապես պլազմայի մեջ, ապա ոչ միայն կխանգարվեր O2-ի բնականոն փոխադրումը, այլև կզարգանային հոմեոստազի մի շարք շեղումներ 1) կփոխվեր արյան պլազմայի կոլոիդ կայունությունը, 2) կմեծանար արյան մածուցիկությունը, 3) կմեծանար պլազմայի օնկոսային ճնշումը , 4) հեմոգլոբինի մոլեկուլները կհեռանային երիկամներով:

էրիթրոցիտների կյանքի առավելագույն տևողությունը 120 օր է։ Ծերացած էրիթրոցիտներում ԱԵՖ-ի քանակն աստիճանաբար ընկնում է, թաղանթը կորցնում է ճկունությունը, զրկվում սիալաթթվից, դառնում կլորավուն և ենթարկվում ներբջջային կամ ներանոթային հեմոլիզի։ Ներբջջային հեմոլիզը կատարվում է փայծաղի և ոսկրածուծի մակրոֆագերի և լյարդի կուպֆերյան բջիջների կողմից։ Հեմոգլոբինի քայքայումից անջատված երկաթի և գլոբինի մեծ մասը ծախսվում է նոր հեմոգլոբինի սինթեզի համար։ Լյարդում հեմից սինթեզվում են լեղապիգմենտները, որոնք օրգանիզմից հեռանում է ուրոբիլինի և ստերկոբիլինի ձևով։ Ներանոթային հեմոլիզի ժամանակ հեմոգլոբինի մոլեկուլների մեծ մասը կապվում են հապտոգլոբին սպիտակուցի հետ, որի շնորհիվ հեմոգլոբինը երիկամներով չի հեռանում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին