Ցրտահարություն

ՑրտահարությունՑրտահարությունը առաջանում է ցածր ջերմաստիճանի տևական ներգործության հետևանքով: Ցրտահարության զարգացմանը նպաստում են նաև բարձր խոնավությունը, քամու առկայությունը, ընդհանուր հյուծվածությունը, ավիտամինոզը, գերհոգնածությունը և այլն: Խաղաղ պայմաններում ցրտահարությունը հանդիպում է ալկոհոլային և էքստրեմալ վիճակներում գտնվող մարդկանց մոտ: Հաճախ ցրտահարվում են մարմնի բաց մասերը և վերջույթների ծայրամասային հատվածները, քանի որ քիչ են պաշտպանված և սնուցումը վատ է:

Ախտածագումը. Ցրտահարության սկզբնական շրջանում անոթների կծկանքի պատճառով հյուսվածքները մեծ տարածության վրա զրկվում են սնուցումից և ստեղծվում է մեռուկացման տպավորություն: Մինչդեռ առաջին օրերին հյուսվածքների ախտահարման տարածվածությունը զգալիորեն փոքրանում է. հյուսվածքները մեռուկացման են ենթարկվում ավելի փոքր հատվածներով: 

Ցածր ջերմաստիճանի դեպքում վճռական նշանակություն ունի ներգործության ժամկետը, այսինքն՝ տևողությունը, որի հետևանքով առաջանում է տվյալ մարմնամասի, ինչպես նաև հեռադիր հատվածների անոթների կծկանքը, իսկ ցրտահարվող տեղամասից դեպի կենտրոն՝ անոթների լայնացում (այսպես կոչված ռեակտիվ հիպերեմիա): Ցածր ջեմաստիճանի նկատմամբ մաշկային անոթների ռեակցիայի առանձնահատությունն այն է, որ կարճատև կծկանքին (մինչռեակտիվ կամ գաղտնի շրջանին) հաջորդում է դրանց լայնացումը, և այդ  ջեմաստիճանի շարունակվելու դեպքում անոթների լայնացումը փոխվում է երկրորդային կծկանքովՍակայն, թուլացած, հյուծված անձանց մոտ անոթների լայնացման փուլը կարող է բացակայել և առաջնային սպազմը ստանում է կայուն բնույթ: Անոթային կծկանքը ավելի շուտ զարգանում է մազանոթներում, իսկ այնուհետև՝ երակներում: Դրա հետևանքով առաջանում է արյան հոսքի դանդաղում, կանգ, որին հաջորդում են անոթների պատերի կազմաբանական փոփոխությունները, լուսանցքի խցանումը և այլն:

Ցրտահարության ժամանակ հյուսվածքների մեռուկացումը տեղի է ունենում ավելի շուտ, քան սառեցումը: Հյուսվածքների   +11oC  ջերմաստիճանի պաղեցումը հանգեցնում է արյան շրջանառության դադարեցմանն ու նյութափոխանակության խանգարմանը, որի հետևանքով սկսում են զարգանալ հյուսվածք-ների կենսունակության անդարձելի խանգարումներ: Ցրտահարության գլխավոր և մշտական ախտանշանն է արյան շրջանառության խանգարումը: Վերջույթների ցրտահարության ժամանակ զարկերակային ցողունների խցանման հետևանքով խանգարվում է հյուսվածքների սնուցումը: Այսպիսով, ցրտահարության ժամանակ հյուսվածքների մեռուկացումը կրում է երկրորդային բնույթ, որը շարունակվում է նաև ցրտահարության ռեակտիվ փուլում: Անոթների պատում տեղի ունեցող փոփո-խությունները նախադրյալներ են ստեղծում տրոֆիկ խանգարումների և խցանող էնդարտերիտի զարգացման համար: 

Կլինիկական ախտորոշումը .
Ցրտահարության կլինիկական պատկերը կախված է ախտահարման խորությունից և զարգացող բարդություններից: Տարբերում են ցրտահարության մինչռեակտիվ (գաղտնի) և ռեակտիվ փուլեր: Մինչռեակտիվ փուլը տևում է մի քանի ժամից մինչև երեք օր: Այդ փուլը շարունակվում է մինչև տվյալ մարմնամասի տաքացումն ու արյան շրջանառության հնարավոր վերականգնումը: Կլինիկական երևույթները լինում են թույլ արտահայտված: Ցրտահարությունը հաճախ սկսվում է աննկատ՝ առանց արտահայտված սուբյեկտիվ զգացումների: Երբեմն ախտահարված շրջանում լինում են ծակոցներ և աննշան ցավեր: Նկատվում է մաշկի սառեցում, գունատություն, ցավի զգացողության բացակայություն և պարեսթեզիա:

Ռեակտիվ փուլը սկսվում է ախտահարված մասը տաքացնելուց և արյան շրջանառությունը վերականգնելուց հետո: Տարբերում են վաղ և ուշ ռեակտիվ փուլեր: Վաղ ռեակտիվ փուլը տևում է մոտ 12 ժամ: Այս փուլին բնորոշ է արյան միկրոշրջանառության խանգարումը, անոթների պատերի փոփոխությունները, մակարդելիության բարձրացումը և ներանոթային թրոմբերի գոյացումը: Ուշ ռեակտիվ փուլում առաջանում են մեռուկային փոփոխություններ և թարախային բարդություններ: Այդ փուլին բնորոշ է նաև ինտոքսիկացիան, սակավարյունությունը, հիպոպրոտեինեմիան և այլն: Ըստ /Տ. Յ. Ատյևի/ ախտահարման խորության ցրտահարությունները դասակարգում են 4 աստիճանի: I և II աստիճանները համարվում են մակերեսային ցրտահարություն, իսկ III  և  IV  աստիճանները՝  խորը:

I աստիճանին բնորոշ են մաշկի սահմաններում արյան շրջանառության դարձելի խանգարումները: Այդ ժամանակ անոթները կծկվում են, որն արտահայտվում է մաշկի տվյալ մասի գունատությամբ, ծակոցներով և ցավերով: Լինում է այրոցի զգացում, քոր, առաջանում է այտուց: Հիվանդին տաքացնելուց հետո մաշկը ստանում է կապույտ կամ կարմրաբոսորագույն տեսք: Երբեմն նկատվում է մաշկի աննշան թեփոտում: Հետագայում ցրտահարված հատվածները դառնում են գերզգայուն ցածր ջերմաստիճանի նկատմամբ: Լավացումը տեղի է ունենում 5-6 օր հետո:

II աստիճանի ցրտահարության դեպքում անոթների լայնացման, դրանց թափանցելիության բարձրացման և արյան հեղուկ մասի դուրս գալու հետևաքով, գոյանում են բշտեր՝ լցված շճային հեղուկով: Այդ աստիճանի ժամանակ հյուսվածքների այտուցը լինում է ավելի արտահայտված: Լավացումը տեղի է ունենում 2-3 շաբաթ հետո՝ առանց հատիկավոր շարակցական հյուսվածքի և սպիների առաջացման:

III աստիճանի ցրտահարության ժամանակ մաշկը ենթարկվում է մեռուկացման, զարգանում է ախտահարված շրջանի ծայրամասային հատվածների չոր կամ թաց փտախտ: Չոր փտախտի դեպքում հյուսվածքները ստանում են կապտավուն երանգ, սահմաններն առողջ հյուսվածքների հետ լինում են ընգծված (դեմարկացիա): Մեռուկացած հյուսվածքների անջատվելուց հետո ձևավորվում է սպի: Թաց փտախտի դեպքում առաջանում է հյուսվածքների արտահայտված այտուց, ի հայտ են գալիս մեծ քանակությամբ արյունախառն հեղուկով լցված բշտեր, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ինտոքսիկացիայի երևույթներ, գլխացավ, անքնություն, լեյկոցիտոզ, նեյտրոֆիլյոզ և այլն: Լավացումը տեղի է ունենում հատիկավոր շարակցական հյուսվածքի և սպիների առաջացումով:

IV աստիճանի ցրտահարության ժամանակ տեղի է ունենում ինչպես փափուկ հյուսվածքների, այնպես էլ ոսկրերի մեռուկացում: Նկատվում են նաև ոսկրաբորբային պրոցեսներ (այտուց, ցավեր): IV աստիճանի ցրտահարության ելքը սովորաբար    հանդիսանում  է  վերջույթների  առանձին   հատվածների (մինչ դաստակները և ոտնաթաթերը) անխուսափելի կորուստը: Լավացումը տևում է մինչև մեկ տարի:

 Ըստ պատճառային գործոնի տարբերում են ցրտահարության հետևյալ տեսակները՝Ցրտահարություն

ա) չոր սառնամանիքի ներգործության հետևանքով առաջացած ցրտահարություն                                                                                    
բ)  ցրտահարություն, որը նպաստող գործոնների առկայության դեպքում կարող է առաջանալ 0o C-ից բարձր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով
գ) շփման (կոնտակտային) ցրտահարություն, որն առաջանում է սառեցված մետաղական առարկաների հետ մարմնի մերկացած մասերի հարման հետևանքով
դ) սարսռեցում:

Ցրտահարության ժամանակ մաշկի նկատվող սպիտակավուն գույնը չի հանդի-սանում որպես հյուսվածքների սառցակալում: Ցրտահարության ժամանակ հյուսվածքների մեռուկացումը պայմանավորված է ոչ թե ցածր ջերմաստիճանի անմիջական ներգործությամբ, այլ արյան շրջանառության խանգարումներով: Առավել հաճախ (90 % դեպքերում) ցրտահարվում են վերջույթները: Գերակշռող մեծամասնության դեպքերում ցրտահարվում են ոտնաթաթերի մատերը: Ցածր ջերմաստիճանը առաջացնում է բջիջ-ների պրոտոպլազմայի դեգեներացիա, որի հետևանքով զարգանում է առաջնային մեռուկացում, կամ հյուսվածքների դեգեներացիա:

0oC-ից բարձր ջեմաստիճանի ներգործության դեպքում տուժում են ստորին վերջույթները, գլխավորապես ոտնաթաթերը: Խոնավ ցրտի երկարատև ներգործության հետևանքով զարգացող ոտնաթաթերի ցրտահարությունը բժիշկների կողմից ստացել է "խրամատային թաթ" անվանումը: Դա զինվորների մոտ առաջանում է երկար ժամանակ ցուրտ և խոնավ պայմաններում խրամատներում մնալու հետևանքով:  Ոտնաթաթերի հյուսվածքները ենթարկվելով խոնավության երկարատև ներգործությանը, աստիճանաբար կորցնելով ջերմությունը, հանգեցնում է անոթաշարժ և նեյրոտրոֆիկ պրոցեսների խանգարմանը: Տեղի ունեցող խանգարումները առաջացնում են հյուսվածքների դեստրուկտիվ փոփոխությունների, ընդհուպ մինչև մեռուկացմանն ու թաց փտախտի զարգացմանը:  Սարսռեցումը հանդիսանում է որպես բնական ջերմակարգավորման պրոցեսների թուլացման արդյունք: Առաջանում է խոնավ պայմաններում ցրտի երկարատև ազդեցության դեպքում հաճախ այն անձանց մոտ, որոնք անցյալում արդեն տարել են ցրտահարություն: Դրա հետ կապված՝ սարսռեցումը դիտվում է որպես խրոնիկական ցրտահարություն: Սարսռեցման դեպքում առավելապես ախտահարվում են մարմնի բաց մասերը (դաստակները, դեմքը, ականջները):

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին