Գլիայի բջիջներ

Գլիայի բջիջներԳլիային բջիջները կամ նյարդագլիան, որը ներկայացված է բջիջների տարբեր տեսակներով, մեծ բաժին են կազմում ուղեղի ծավալում։ Գլիային բջիջները լցնում են ամբողջ միջնեյրոնային տարածությունը, բացառությամբ նեյրոնների և նեյրոնային թաղանթների միջև գոյություն ունեցող շատ նեղ  ճեղքերի։ Գլիային բջիջների չափերը 3-4 անգամ փոքր են նյարդայիններից։ Նրանց քանակը կաթնասունների մոտ հասնում է 140 միլիարդի։ Նկատվել է, որ նեյրոնների քանակը, կապված տարիքի հետ, պակասում է, իսկ գլիային բջիջներինը ավելանում։ Տարբերում են գլիային բջիջների երեք տեսակ` աստրոգլիա, օլիգոդենդրոգլիա և միկրոգլիա։

Աստրոգլիաս 7-25 մկմ չափսեր ունեցող բազմաելուն բջիջներ են։ Դրանց ելունների մեծ մասը վերջանում է անոթների պատերի վրա։ Աստրոգլիան ծառայում է որպես նեյրոնների հենք, մեկուսացնում է նյարդաթելերը, ապահովում նրանց վերականգնողական գործընթացներն։ Օլիգոդենդրոգլիայի բջիջներն, ինչպես ցույց է տալիս անվանումը, ունեն մեկ ելուն։ Այդ բջիջները մասնակցում են ողնաշարավորների ԿՆՀ-ի նեյրոններում ընթացող նյութափոխանակության և միելինային թաղանթի ձևավորման գործընթացներին (ծայրամասերում)։ Նման ֆունկցիաներ են կատարում շվանյան բջիջները։ Միկրոգլիան բաղկացած է թափառող բջիջներին պատկանող գլիալ ամենափոքր բջիջներից։ Դրանք ձևավորվում են ուղեղի թաղանթային կառույցներից, թափանցում են ուղեղի սպիտակ և գորշ նյութի մեջ, օժտված են ֆագոցիտային հատկությամբ։ Գլիային բջիջները կարող են փոխել իրենց չափերը, որը կրում է պարբերական բնույթ։

Կենսականորեն ակտիվ տարբեր նյութերի ազդեցության տակ դրանց ակտիվությունը փոփոխվում է։ Գլիային բջիջները սովորաբար ԳՊ չեն առաջացնում, սակայն ունեն լիցք, որը կարող է ձևավորել մոտավորապես 70-90 մՎ մեծություն ունեցող թաղանթային պոտենցիալ։ Գլիալ բջիջներն օժտված են պոտենցիալը միմյանց հաղորդելու ընդունակությամբ, որը տարածվում է դեկրեմենտով (նվազումով) և պայմանավորվում է բջիջների թաղանթի հատուկ ճեղքային հպումներով։ Գլիային բջիջների թաղանթը բարձր թափանցելի է K+-ի համար և սահմանակից գլիային բջիջները զուգակցված են, որն ապահովում է K+-ի անցումը մի բջջից դեպի մյուսը։ Շնորհիվ այդպիսի տեղափոխության գլիալ բջիջները կարող են փոքրացնել գրգռման ժամանակ նեյրոնից դուրս արտահոսող K+-ի տեղային բարձր խտությունը։ Հետագայում K+ դանդաղորեն գլիայից արտազատվում ու կրկին յուրացվում է նեյրոնների կողմից։ Գլիային բջիջների ապաբևեռացումը, որը պայմանավորված է կալիումի իոնների կուտակումով արտաբջջային միջավայրում, ծառայում է որպես բուֆեր միջբջջային միջավայրից հավելյալ K+-ի հեռացման համար։ Միաժամանակ գլիային բջիջներն ապահովում են նեյրոններում ընթացող կառուցվածքային ու նյութափոխանակության գործընթացների բնականոն ընթացքը և, հնարավոր է, մասնակցում են նաև նեյրոնային մի քանի երևույթներում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին